Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

3 երեխաների մոր՝ Հասմիկ Սարգսյանի՝ 4-րդ անգամ գողության մեղադրանքի գործով վկան հերքում է, որ Սարգսյանն իրեն մոտեցել է ու բանկային քարտ փոխանցել

Հոկտեմբեր 18,2019 21:01

Հասմիկ Սարգսյանին, որը նախկինում  դատարանի վճռով 3 անգամ մեղավոր է  ճանաչվել գողության համար, կրկին, 4-րդ անգամ գողության համար մեղադրանք է առաջադրվել: Երեք անչափահաս երեխաների մայրը՝ Հասմիկ Սարգսյանն այսօր դատական նիստին չէր ներկայացել՝ փոքր-ինչ  վատառողջ լինելու պատճառով:

Ըստ մեղադրական եզրակացության, Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, կոտրել ընդունարան բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը եւ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել է ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս բանկային քարտերը իրենց ծածկագրերով եւ 500 դրամ գումար`Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Այսօրվա դատական նիստում պետք է հարցաքննվեին գործով վկաները: Aravot.am-ի հետ զրույցում Հասմիկ Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանն ասաց, որ վկաները մի քանիսն են, որոնցից երկուսի դեպքում, պաշտպանը գտնում է՝ գործին առնչություն չունեն:

«Գլխավոր վկան այն տղամարդն է, որին Հասմիկը ենթադրաբար տվել է բանկային այն քարտը, որպեսզի գումարը հանի բանկոմատից: Երկու վկաները գործին առնչություն չունեն: Նրանք Հասմիկի նախկին հարեւաններն են, պարզապես բանկոմատի տեսագրությունն են նայել են, ասել են, որ տեսագրության մեջի անձին նմանեցրել են Հասմիկին: Հիմա նրանց գործով վկա են կանչում: Չեմ հասկանում, թե ինչ վկայություն պետք է տան: Ինչ է, ով տեսագրությունը նայի ու ասի՝ Հասմիկին նման է, պետք է կանչեն վկայություն տալո՞ւ: Խոսքն այն տեսագրության մասին, որտեղ ինչ-որ կին մոտենում է մի տղամարդու, տալիս է բանկային քարտը, հետո նկարներով նմանեցրել են Հասմիկին:  Տղամարդը հայտարարել է՝ Հասմիկը չէ, նա ավելի նիհար ու բարձրահասակ էր»:

Պաշտպանն ասաց, որ փորձաքննության եզրակացություն է տվել, որ չի կարող նույնականացնել այդ կի՞նն է, թե՞ ոչ.«Իսկ գլխավոր վկան էլ ասում է՝ այս կինն ինձ չի մոտեցել»:

Նախորդ նիստին հետազոտել էին գործում առկա հեռախոսային վերծանումների զննության արձանագրությունը, ըստ որի, Հասմիկ Սարգսյանի հեռախոսահամարին հունիսի 28-ին մուտքային զանգ է կատարվել, այն սպասարկվել է Կայազորային հոսպիտալի տարածքը սպասարկող ալեհավաքով, մեկ այլ զանգ էլ սպասարկվել է Չարենցի 1 հասցեում տեղակայված ալեհավաքով:

Այս զանգերի առնչությամբ էլ պաշտպան Ասլանյանը մանրամասներ չասաց, նշեց. «Չեմ ուզում իմ քարտերը բացել, դա իմ ռազմավարությունն է, առարկությունն ու փաստարկները հաջորդ նիստին կներկայացնեմ»:

Պաշտպանն ասաց, որ հաջորդ դատական նիստի օրը դեռ պարզ չէ, այն պետք է կողմերի հետ համաձայնեցնեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031