Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն փոխվել է «Իմ քայլի», Սերժը՝ Նիկոլի, բայց բռնապետական համակարգի էությունը շարունակում է մնալ նույնը». ԱԺ-ում Փոստանջյանի ելույթը բարկացրեց Համազասպ Դանիելյանին

Հոկտեմբեր 18,2019 20:45

Այսօր «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» խորագրով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել, որին մասնակցում էր նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նա հայտարարեց, որ նախորդ բռնապետական ռեժիմն այսօր տեղափոխվել է թավշյա անվանման ներքո. «Մենք կարող էինք չունենալ Սահմանադրություն, ունենալ մի քանի սահմանադիր օրենքներ ու կանոնակարգեինք մեր պետական, քաղաքական կյանքը: Այսօր մենք տեսնում ենք, որ չկա իբրեւ թե մերժված բռնապետը, դրա տեղը եկել են այլ անձինք, այլ խմբավորում, անուններն են փոխվել, ՀՀԿ-ն փոխվել է «Իմ քայլի», Սերժը՝ Նիկոլի, բայց բռնապետական համակարգի էությունը շարունակում է մնալ նույնը»:

Նա ասաց, որ եթե հիմա «Ընտրական օրենսգիրքը» չեն քննարկում, մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին, այսինքն՝ սփյուռքում ապրողներին էլ ընտրելու իրավունք չեն տալիս, այս ամենը անիմաստ է քննարկել. «Ներկայիս իշխանությունը չունի դրա վերաբերյալ ոչ ծրագիր, ոչ հայեցակարգ: Լեւոն Տեր-Պետրոսյանը միանշանակ մերժում էր, որ մեր հայրենակիցները հնարավորություն ունենային մասնակցելու: Այն երկուսը՝ Ռոբերտն ու Սերժը, ընդհանրապես վերացրեցին ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին: Այս մեկն էլ ընդհանրապես կառավարմանը մասնակցելու համար ավելի խստորեն մոտեցում ցուցաբերեց՝ պետք է երկար ժամանակ ապրես, որ կարողանաս ընդգրկված լինես կառավարման մեջ: Հիմա քաղաքականությունը մենք ո՞նց պետք է իրականացնենք՝ այստեղի աղքատ, քաղաքականապես ոչ զարգացած քաղաքացիների կողմի՞ց: Եթե այս ձեւաչափով պիտի մասնակցենք, կարիք չկա «Կուսակցությունների մասին» օրենք ընդունել, այդ օրենքը չի փրկելու, չի բարելավելու վիճակը: Դեռ 2018-ին, երբ մենք մեծ համահայկական ընդվզում շարժումն էինք կազմակերպում, ասում էինք, որ անձի մերժումը կարեւոր չէ, կարեւոր է համակարգի մերժումը:

Հիմա ունենք բռնապետական համակարգ, այստեղ ոչինչ չի փոխվելու, ուզում եք հարյուր տեսակի օրենքներ գրեք, այդ համակարգը վերցնելով ու օգտագործելով նոր անվան տակ՝ ուղղակի խաբեբայությունն է: Այսօր մեր հանրությունը, եթե չգիտակցի, չպահանջի ու պահանջներին տեր չկանգնի, որ պետք է փոխել քաղաքական համակարգը, հակակշիռների եւ զսպումների համակարգ ընդունել, ոչինչ չի փոխվի»:

Լսումները վարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ընդհատեց Փոստանջյանի ելույթը՝ ասելով,թե 2 րոպե ժամանակը լրացավ: Փոստանջյանը գոհ ժպտաց՝ «երկու րոպեն էլ հերիք էր, ինչ ասացի»:

Դանիելյանի խոսքով՝ «Տիկին Փոստանջյանն օգտագործեց ուժեղ բառեր՝ խաբեբայություն, բռնապետական համակարգ եւ այլն…մենք դրանից առաջ լսում էինք կուսակցությունների նկատմամբ վստահության մասին: Վստահության բաղադրիչն է խոսքեր օգտագործել, որոնք աղերս ունեն իրականության հետ: Ցավում եմ, որ տիկին Փոստանջյանը, ով ժամը 10-ից սկսված լսումներին միացավ ընդամենը մի 20 րոպե առաջ, երբ որ իր հերթն էր գալիս ելույթ ունենալու, երբ որ չի լսել, թե ինչ է քննարկվել, ինչ խնդիրներ են բարձրաձայնվել այստեղ, տեղյակ չի, թե ինչ հերթականությամբ ենք որոշել անցնել բարեփոխումներով, հետո խոսում է խաբեբայությունից….այո, տիկին Փոստանջյան, երբ որ դուք ասում եք արդյունավետ մասնակցության մասին եւ այս ձեւով իմաստ չեք գտնում մասնակցելու, այս ձեւով արդյունավետ մասնակցության մասին մենք չենք կարող խոսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031