Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրիկին հարցաքննության կանչելը բոլորովին էլ հետապնդում չի կարելի որակել նրա անձի նկատմամբ. «Ինքը գույք է ձեռքբերել իր ազգականների անունով, ըստ մամուլում եղած տեղեկության: Քանի որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ, բնական է, այդ անձին պարտավոր է քննիչը հարցաքննել որպես վկա: Չեմ կարողանում ընկալել այն գործընկերներին, որոնք իրենց ֆեյսբուքյան էջում գրում են՝ ինչի՞ են հարցաքննում քրոջը, ինչի՞ են հարցաքննում կնոջը…Քննիչն այլընտրանք չունի: Եթե գույքը գրանցված է հոր, կնոջ կամ հորեղբոր տղու վրա, այդ անձանց պիտի հարցաքննի եւ պարզի, թե իրականում ի՞նքն է ձեռք բերել այդ գույքը, թե՞ Հրայր Թովմասյանը ձեռք է բերել ու իրենց վրա գրանցել է»:
Հարցին՝ այսինքն, այս մեթոդը դուք ճի՞շտ եք համարում՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեթոդ չի դա, Քրեական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջն է: Երբ որ ի հայտ է գալիս հանգամանք, որ գույքը, որը կասկածելի աղբյուրից է ձեռք բերված, գրանցված է իքս անձի վրա, այդ իքս անձը պետք է պարտադիր հարցաքննվի: Եթե գույքը իմ կամ ձեր վրա գրանցած լիներ՝ քննիչը պարտավոր էր մեզ հարցաքննել, այլընտրանք չունի, դա օրենքի պահանջն է»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ է հիմա ՍԴ-ի շուրջ ստեղծված, այդ քայլերն արդյոք չե՞ն նշանակում, որ ճնշում է Հրայր Թովմասյանի վրա, որ գնա իր տուն՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե դիմում է լինում, այլընտրանք չունեն, պաշտոնատար անձինք պիտի շատ լավ հասկանան՝ եթե փաստի առթիվ քրգործ է հարուցվել, քննիչն ի՞նչ պիտի անի. «Չգնա հարցաքննի, որպեսզի դա չդիտարկվի՞ ճնշում: Պետք է աղբյուրները պարզվեն: Եթե պարզվեց ոչ օրինական ճանապարհով է, համապատասխան գործընթաց սկսեն, որ այդ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերվածը վերադարձնեն պետությանը»:
Մենք ճնշեցինք, հիմա, ըստ ձեզ, ճնշում չկա՞ Հրայր Թովմասյանի վրա՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Ինքը՝ Հրայր Թովմասյանն ասում է, որ ոչ, ես իրեն վստահում եմ էդ հարցում»:
Կարդացեք նաև
Նիկոլայ Բաղդասարյանը խոսեց ՍԴ-ի ճգնաժամի լուծումներից:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ