«Վարույթը դեռեւս գտնվում է քրեական գործի հարուցման փուլում, կամ, ինչպես ընդունված է անվանել, նյութերի նախապատրաստման փուլում: Դուստրերի բացատրության բովանդակությունից մենք հասկացանք, որ հարցերը հիմնականում վերաբերել են նրանց՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքին, որը շատ չէ»,-ԱԱԾ-ի առաջ այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր եւ երկու դուստրերի փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Ավագ դստեր դեպքում գույքն ավտոտնակ է՝ Կենտրոն վարչական շրջանում, որը նա 2016թ.-ին որպես նվիրատվություն ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014թ.-ի արտադրության «Նիսան» մակնիշի մեքենան է, որը 2016թ.-ին նա կրկին նվեր է ստացել մորաքրոջ աղջկանից: Վերջինս մշտական բնակության է մեկնել ԱՄՆ՝ որոշելով իրեն պատկանող գույքը նվիրել երկու քույրերին»,-նշեց Մակինյանը:
Նրա խոսքով. «ԱԱԾ-ու որոշակի հարց եղել է ավագ դստերը պատկանող մեքենայի վերաբերյալ, որը վերջինս ապրիլյան պատերազմի օրերին կամ դրան հաջորդող ընթացքում նվիրել է Արցախի պաշտպանության բանակին: Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված որեւէ հարց չի տրվել նրա դուստրերին եւ հորը»: Ընտանիքի մյուս փաստաբան Հայկ Սարգսյանն էլ տեղեկացրեց. «Դեռեւս չկա տեղեկություն այն մասին, որ Հրայր Թովմասյանը որեւէ կարգավիճակով հրավիրվել է ԱԱԾ»: Հիշեցնենք՝ այսօր հայտարարվեց նաեւ, որ Հրայր Թովմասյանի հորը՝ Վարդան Թովմասյանին, ԱԱԾ-ում հարցեր են ուղղել այն մասին, թե երբ են նորոգել տանիքը եւ ինչ միջոցներով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ