«Այստեղ եմ, որպեսզի իմ պաշտպանության խոսքն ասեմ ՀՀ սահմանադրությանը, սահմանադրականության, արդարադատության նկատմամբ: Եկել եմ իմ աջակցությունը հայտնեմ սահմանադրականության համար պայքարող ՍԴ-ին և ՍԴ նախագահին: Եկել եմ իմ վրդովմունքն ու զայրույթը, քաղաքական ոճը հայտնեմ այն մարդկանց, գործելաոճին, որտեղ իրավական գործընթացները խառնում են քաղաքականին և քաղաքական գործընթացները խառնում են ընտանեկանին»,- ԱԱԾ առաջ ընթացող բողոքի ցույցին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա կարծիք հայտնեց՝ այն, ինչ տեղի է ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի, երեխաների, հոր նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան 37 թվի `Եժով-Յագոդա-Բերիայի ռեպրեսիաների –ժամանակաշրջանը:
Հակադարձմանը, թե Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու մեղադրանքով, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Դա այնքան ծիծաղելի մեղադրանք է: Եթե դա կիրառելի է Հրայր Թովմասյանի նկատմամբ, նախ կիրառելի է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի նկատմամբ, քանի որ այդ ժամանակ լինելով ԱԺ փոխնախագահ՝ նույն աշխատակարգով ու իրավական կարգով է դարձել պատգամավորից ՍԴ նախագահ, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորից վարչապետ: Նախ այդ մեղադրանքը այսօրվա վարչապետին պիտի ներկայացվի, չնայած, մենք էլ վարչապետ չունենք»:
Էդուարդ Շարմազանովը հարցրեց՝ կա՞ ինչ-որ մեկը, որ հավատում է ՝ սրանք իրավական գործընթացներ են, այնուհետև վստահեցրեց. «Բոլոր նրանք, որոնք չեն կզում այսօրվա ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ: Այսինքն՝ նախկին իշխանությունից ընտրել են միայն Հրայր Թովմասյանին. միայն նա՞ մեզ հետ կապ ունի: Իրենց ֆրակցիայի կեսը մեզ հետ կապ է ունեցել: Իրենց այսօրվա ուժայինների և աշխատողների կեսը …ինչպես Ստալինի ժամանակ, որոնք խելոք հրամաններ էին կատարում, նրանց ձեռք չէին տալիս, այնպես էլ հիմա: Բայց բռնապետերը շպրտում են նրանց, ովքեր օգտագործվում են. նենց որ տղերք, պայքարեք, մի օգտագործվեք»:
Կարդացեք նաև
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ ՍԴ-ն այսօր փաստացի պետական միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ:
Հիշեցնելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այս շենքում նստած ղեկավարը, որը ամենաշատ ինֆորմացիան ուներ, տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական դիագնոզը: Եթե այս շենքն է ասում կանգ առ ու սթափվիր, ուրեմն մեր երկրում այլևս իրավական գործընթացներ տեղի չեն ունենում: Տեղի է ունենում անձնական հետապնդում Հրայր Թովմասյանի նկատմամբ: Ամեն ինչին չափ կա, գան մտնեն ընտանի՞ք»:
Հիշեցմանը՝ ձեր իշխանության ժամանակ նման ճնշումներ չկա՞յին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մեր իշխանությունն անցյալում է: Մեր իշխանության օրոք նման ճնշումներ դատական իշխանության վրա չեն եղել, պետության ղեկավարը դատավորներին վնգստացող չի անվանել, մեր իշխանության օրոք ԱԱԾ-ով չեն վախեցրել, մեր իշխանության օրոք ասֆալտին չեն փռել, 75-ամյա հորը չեն բերել ԱԱԾ երեխաների հետ միասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ