Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխարգելում՝ աղետների հետևանքների վերացման փոխարեն. Խորհրդարանական լսումներ` «Դիմակայուն Հայաստան» խորագրով

Հոկտեմբեր 18,2019 17:38

«Դիմակայուն Հայաստան». հետևանքների վերացման փոխարեն զբաղվել կանխարգելմամբ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Ասիա-խաղաղօվկիանոսյան և Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային գրասենյակների աջակցությամբ, հոկտեմբերի 15-17-ը Երևանում անցկացված հետաղետային կարիքների գնահատման՝ ՀԱԿԳ (Post-Disaster Needs Assessment՝ PDNA) միջազգային աշխատաժողովի շարունակությունն այսօր Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում անցկացված «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումներն էին, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, միջազգային համաժողովի մասնակիցներ, պատգամավորներ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարճ ձևակերպեց անվտանգության մշակույթ և դիմակայուն երկիր ունենալու սկզբունքը. զարգացման ծրագրերի և քաղաքականության հիմքում պետք է դնել ռիսկերի գնահատումը, որ զարգացումը չլինի անկայուն և խոցելի, աղետների հետևանքների վերացման փոխարեն զբաղվել կանխարգելմամբ:

Սա ողջ աշխարհում կիրառվող և արդարացված մոտեցում է: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը ներկայացրեց միայն մեկ թիվ. կանխարգելումը 6 անգամ էժան է հետևանքների վերացումից:

Իսկ Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, դիմակայուն և ուժեղ երկիր կարելի է կառուցել միայն համատեղ ջանքերով: Աղետների ռիսկի մեղմացման, նվազեցման, կառավարման ծրագրերում բոլորի (քաղաքացիներ, համայնքներ, պետական կառույցներ, մասնավոր հատված) ունակությունների և կարողությունների մեկտեղման մասին խոսեցին նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, այլ բանախոսներ: Դմիտրի Մարիյասինը նկատելով, որ միասին կարող ենք հասնել փոփոխությունների իրականացման, խոստացավ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն: Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ յուրաքանչյուրը պետք է ներդրում ունենա դիմակայուն հայրենիք ունենալու գործում, պետք է լինենք իրազեկ, պատրաստված, համախմբված ու միասնական, որ կառուցենք երկրի անվտանգությունը: ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Տիգրան Գիդաչյանի կարծիքով էլ, ոչ մի կառույց չի կարող միայնակ հաղթահարել աղետները, համագործակցություն է պետք այն գիտակցումով, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները նվազեցնելու են կորուստները:

Համլետ Մաթևոսյանը կարևորեց մտածողության փոփոխությունը. գիտելիքը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Պետք է գիտեցածդ կիրառես, որ պաշտպանված լինես՝ սկսած փողոցը ճիշտ վայրում և ճիշտ լույսի առկայության պարագայում հատելուց, սիգարետի մնացորդը մեքենայի պատուհանից չնետելուց: Երկրաշարժ եղել է ու էլի կլինի, բայց եթե խոցելի չես, երկրաբանական այս երևույթը աղետ չի դառնա, փորձությունը փորձանք չի դառնա, եթե լավ կառուցես, ճիշտ շահագործես խոցելի չես լինի, կլինես աղետակայուն: Արմինե Հայրապետյանն էլ հավելեց. լինենք միասնական, համակարգված մտածողության տեր և նախաձեռնող: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանն ամփոփեց քննարկումը. հմուտ մարդը դուրս է գալիս ցանկացած արտակարգ իրավիճակից, խելացի մարդը նման իրավիճակում չի հայտնվում: Մենք հմուտ ենք, ժամանակն է խելացի լինելու:

Հետաղետային կարիքների գնահատմանը նվիրված համաժողովի ու «Դիմակայուն Հայաստան» խորհրդարանական լսումների մասնակիցներին օգնող կամավորները ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներն էին, որոնք լսումների ավարտին պարգևատրվեցին շնորհակալագրերով:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031