Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) արձագանքում է այն դատապարտման, որ բարձրաձայնեցին Ներկայացուցիչների պալատի ու Սենատի առաջնորդներ՝ կապված Թուքիայի կողմից Սիրիա ներխուժման և այնտեղ արյունահեղություն կազմակերպելու հետ: Այսօր Թուրքիան դժկամորեն համաձայնվեց ժամանակավոր, 120 ժամ տևողությամբ զինադադարի՝ նրանից հետո, երբ ավելի քան մեկ շաբաթ շարունակ իր ռազմական հարձակմամբ առաջ էր շարժվում՝ գրոհելով տարածաշրջանում քրդերի և փոքրամասնությունների:
Սենատոր Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) ողջունել է հրադադարը, սակայն նշել է, որ «մյուս պայմանները տեղ են բացում Էրդողանի մաքսիմալիստական պահանջներին և թույլ կտան Թուրքիային էթնիկ զտում իրականացնել քրդաբնակ լայնածավալ տարածքներում և կհանգեցնեն ԻԼԻՊ-ի վերածննդի»:
«Թեև հյուսիսային Սիրիայում հրադադարը ճիշտ ուղղությամբ քայլ է, Թուրքիան չպետք է պարգևատրվի իր գործողությունների համար: Չափազանց երկար ժամանակ Միացյալ Նահանգները աչք է փակել Թուրքիայի սոսկալի մարդու իրավունքների պատմության վրա: Այս ամենավերջին հարձակումը խոցելի էթնիկ խմբերի վրա ցույց է տալիս, որ անհրաժեշտ է Կոնգրեսին միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը և ընդունել Ներկայացուցիչների պալատում և Սենատում սպասման մեջ գտնվող բանաձևերը: Մենք կոչ ենք անում Կոնգրեսին գործել հիմա»,- հայտարարեց Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Վերջին շաբաթվա Թուրքիայի գործողությունները դաժանորեն նման էին Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի հետ կատարվածին՝ մի դրվագ, որ աննկատ չի մնացել լրատվամիջոցների կողմից: «Թրամփի անարգանքը թույլ է տալիս թուրքերին կրկնել հայկական ռազմավարություն» վերնագրով The Chicago Tribune-ի հոդվածը հստակ կապ է սահմանում:
Կարդացեք նաև
«Թուրքիայի հարձակումը Սիրիայում քուրդ ժողովրդի վրա՝ «Գարնանային խաղաղություն գործողություն»-ը, կրկնօրինակում է այն, ինչ թուրքերն արեցին հայերին 1915-1922թթ.-ին: Տարածված տերմինը էթնիկ զտումն է, բայց դա ցեղասպանություն է` ուղղված Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի երբեմնի դաշնակցի դեմ»,- ասվում է Chicago Tribune-ի հոդվածում: «Իհարկե, թուրքերը տասնամյակներ շարունակ ժխտել են հայերի նկատմամբ իրենց հետապնդումները և հոլոքոստի ընթացքում 1,5 միլիոն մահվան դեպքերը: Ճիշտ այնպես, ինչպես նրանք ժխտում են, որ ռազմական ներխուժումը դեպի Սիրիայում քրդերի կողմից պահվող տարածքներ տարածաշրջանը խաղաղ բնակիչներից և մարտիկներից մաքրելու համար է՝ օգտագործելով աշխարհի ուժեղագույն ռազմական ուժերից մեկը»:
«Թուրքերը պնդում են, որ նրանք Սիրիայի նկատմամբ հարձակում ձեռնարկեցին՝ ահաբեկիչների քոչվոր խմբավորումները ճնշելու համար, որոնք իրենց կարծիքով քրդերն են: Նրանք նույնկերպ պիտակավորեցին հայերին ավելի քան մեկ դար առաջ, որպեսզի արդարացնեն խաղաղ ժողովրդի ցեղասպանությունը»,- շարունակեց հոդվածը:
«Ես խորին վստահություն չունեմ, ըստ էության, ես բացարձակ վստահություն չունեմ, որ Թուրքիան կպահպանի իրական կրոնական ազատությունը կամ կպաշտպանի այդ կրոնական փոքրամասնություններին», – NPR-ին ասել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի նախագահ Թոնի Պերկինսը: «Հնարավոր է, որ մենք կտեսնենք մեկ այլ ցեղասպանություն այդ տարածաշրջանում»:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան և Ջորջ Բուշ կրտսերի ադմինիստրացիայում քաղաքականության գծով պաշտպանության ենթահանձնակատար Էրիկ Էդելմանը The Jerusalem Post-ում վերջերս հրապարակված իր հարցազրույցում ասաց, որ նա գրեթե վստահ էր, որ ցեղասպանությունը տարբերակ էր. ասել է, թե միակ անգամը, որ Թուրքիայի կառավարությունը փորձեց մեկ միլիոնից ավել մարդկանց Սիրիա տեղափոխել՝ 1915թ.-ին էր «և դա շատ լավ չստացվեց»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը:
Մարդու իրավունքների իրավածաշտպան Էիթայ Մաքը հավելեց. «Բացարձակ կասկած չկա, որ Թուրքիայի հաջողությունը՝ կանխել 1915-1923 թթ.-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ոգեշնչել է Էրդողանին 2019թ.-ին քուրդ ժողովրդի դեմ սարսափելի հանցագործություններ կատարել»:
«Իրենց հերթին, նրանք դիմադրում են երկրի սահմանների ներսում քրդական ինքնությունն ու լեզուն ջնջելու թուրքական մեկդարյա ջանքերին, ինչպես թուրքերը դա արել են նախկին ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Չմոռանանք, որ այն հողը, որի մասին մենք խոսում ենք հյուսիսային Սիրիայում՝ Եփրատ գետի հովտում, այն նույն վայրն է, որտեղ փախան Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ թուրքական ազգայնականության առաջին զոհերը դարձած»,- ասվում է RollingStone-ի հաղորդագրության մեջ:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները հստակ ընկալվում են նաև Կոնգրեսում: Նախօրեին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ օրինագիծ ընդունեց, որը «կոչ է անում Թուրքիայի նախագահ Էրդողանին անհապաղ դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները հյուսիսարևելյան Սիրիայում և հարգել Սիրիայի հետ կապված առկա պայմանավորվածությունները»: Եվ այդ օրինագծում Կոնգրեսը հիշատակեց, որ «Թուրքիան պատմականորեն սպառնացել է, բռնի տեղահանել և սպանել սիրիացի քրդերին, այդ թվում՝ Աֆրին շրջանում ռազմական գործողությունների ժամանակ»:
Անցյալ շաբաթ Կոնգրեսական Ալբիո Սիրեսը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարեց. «Այս գործողությունները մասնավորապես մտահոգիչ են հաշվի առնելով Թուրքիայի կողմից փոքրամասնությունների խմբեր վերացնելու պատմական նախադեպը, որը նա ընկալում է որպես սպառնալիք, ինչպես դա արեց Հայոց ցեղասպանության ժամանակ»:
«Այժմ լավ ժամանակ կլիներ, որ Միացյալ Նահանգները ճանաչեր Հայոց ցեղասպանությունը», – Թեդ Լյուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) գրեց Twitter- ում:
Ըստ The Spectator-ի մի հոդվածի Բոստոնի Սելտիքսի բասկետբոլիստ Էնես Կանտերն ասաց, որ մեր դարի Հիտլերը իր հարազատ Թուրքիայի նախագահն է: «Վաղուց ժամանակն էր թուրքական զոհերի արդարության համար, այժմ Նախագահ Թրամփի համար հնարավորություն է ստեղծվում պաշտոնապես ճանաչել Թուրքիայի անցյալ և ներկայիս ոճրագործությունները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա լարվածությունը` կապված մեր նոր սահմանված պատժամիջոցների հետ՝ ի պատասխան հյուսիսարևելյան Սիրիայում իրենց ռազմական քաղաքականության»:
«Հայկական համագումարը հորդորում է Կոնգրեսին հաստատել Հայոց ցեղասպանությունը, քանի որ հանգամանքները դարձել են ոչ միայն ժամկետանց, այլև հասունացած՝ H. Res. 296 բանաձևն ընդունելուց հետո»,- շարունակեց The Spectator-ի հոդվածը: «Թուրքիայի հանցագործությունները ճանաչելու լավագույն պահն երեկ էր: Երկրորդ լավագույն պահն այսօր է:
Ամերիկայի հայկական համագումար