Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԻ նախկին աշխատակից. «Լավ կլիներ` չորս ամիս առաջ ասեին` ձեր գլխի ճարը տեսեք»

Հոկտեմբեր 18,2019 16:58

Լուծարված կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցները կրկին հավաքվել էին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ: ԿԱԻ աշխատակիցների հավաստմամբ, նախորդ հավաքի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը նրանց ասել էր, որ հոկտեմբերի կեսերին խնդրի վերաբերյալ պատասխաններ կլինեն:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԱԻ նախկին աշխատակից Նունե Ամիրյանը նշեց. «Անցյալ անգամ դիմել էինք, որ տեղեկանանք բացվելիք հիմնարկության ապագայով: Մեզ ասել էին, որ հոկտեմբերի կեսերին պարզ կլինի: Այս անգամ էլ ասացին, որ դեռ երկուշաբթի օրը պետք է հոգաբարձուների նիստ հրավիրվի: Նշեցին, որ լինելու է մի կառույց, որը ստեղծվելու է հիմնադրամի հիմքի վրա, որը մի քանի կառույցներ է միավորելու:Հիմա դեռ այդ հիմնադրամի կանոնադրությունում պետք է փոփոխություններ անեն, որպեսզի կարողանան գործընթացը սկսել, դրա համար է հոգաբարձուների խորհրդի նիստ կայանալու: Տիկին Անափիոսյանը մեզ տեղեկացրեց, որ դատական կարգով է գործընթացը լինելու: Քանի որ ի սկզբանե մեր հարցով իրեն էինք դիմել, աշխատանքի գնալիս իրեն աստիճանների վրա հանդիպեցինք եւ իրենից այս ամենը հարցրինք:

Չգիտենք, թե ընթացակարգն ինչքան կտեւի, դատական գործընթացներն ինչքան կձգվեն, վերջը ի՞նչ կլինի, հիմնարկը կբացվի՞, թե չի բացվի: Մեզ ասացին` ամեն դեպքում աշխատանք ճարեք: Եթե մեզ ի վերջո պետք է ասեին, որ ճիշտ կլինի աշխատանք ճարեք, լավ կլիներ, որ չորս ամիս առաջ ասեին` ձեր գլխի ճարը տեսեք, ինչպես այսօր ասացին»:

Տիկին Ամիրյանը տարակուսանք է հայտնում, որ Արեւիկ Անափիոսյանը մի քանի անգամ ասել է, թե իրենք վատ են աշխատել. «Ինչ է նշանակում` վատ եք աշխատել: Չափման միավոր կա՞: Ասում է` մի անգամ հասարակագիտության 6 ուսուցչի համար վերապատրաստում էի անում, իրենք շատ գոհ էին…Ախր հասարակագիտության 6 ուսուցիչն ու 38000 ուսուցչական բանակը նույնը չեն: Դուք այդ 6 ուսուցիչներին ընտրել եք, իսկ այն ուսուցիչներին, որ մենք ենք վերապատրաստել, որեւէ ձեւով չենք ընտրել, բոլորին ենք վերապատրաստել: Նրանց մեջ եղել են եւ լավ ու պատրաստակամ ուսուցիչներ, եւ վատ ուսուցիչներ, որոնք չեն ցանկացել վերապատրաստվել կամ իրենց հետաքրքիր չի եղել…»:

Նախկին ԿԱԻ նախկին աշխատակիցը տեղեկացրեց, որ իրենք տվյալներ են թողել, որպեսզի մեկ-երկու շաբաթվա ընթացքում իրենց հրավիրեն նախարարություն` կանոնադրությունը եւ հետագա անելիքները քննարկելու:

Նա նաեւ հավելեց. «Ես տնտեսագիտական կրթություն չունեմ, բայց այնքան ինչքան հասկացել եմ` բյուջե 2020-ում որեւէ տող չկա: Կամ գուցե գրագիտությունս չի հերիքել, որ տեսնեմ բյուջեով նախատեսված գումարները ապագա հիմնարկը բացելու համար: Տա Աստված, սխալված լինեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031