Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանի համար իր կամակատար Արթուր Դավթյանը լեգիտիմ անձ է, Հրայր Թովմասյանը նույնպես պետք է լեգիտիմ լինի, չնայած նրան, որ իր կամակատարը չէ». Զարուհի Փոստանջյան

Հոկտեմբեր 18,2019 16:45

Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը ԱԱԾ-ի դիմաց ընթացող բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց, որ գոնե մենք` այս ժամանակահատվածում նման երևույթների հետ չպետք է առնչվեինք:

Լրագրողների հետ զրույցում նա Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների հետ կատարվածը համարեց դատապարտելի երևույթ ու վստահեցրեց. «Որևէ մեկը թող չմտածի, որ ինքը զերծ կարող է մնալ նման երևույթներից, եթե այսպիսի համակարգով ենք առաջ գնալու: Մենք հասկանում ենք, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հետապնդում՝ պայմանավորված իր պաշտոնական դիրքով, դատավորությունների լիազորություններով: Այդ հատուկ վերաբերմունքը մենք տեսանք տարբեր դրվագներով՝ մի օր կոչ էին անում դատարանները շրջափակել, մեկ այլ օր անցել են ընտանիքի նկատմամբ ճնշումներին»:

Զարուհի Փոստանջյանը դատապարտեց Հրայր Թովմասյանի հոր հետ կատարվածն ու ասաց. «Այսօր տեսնում ենք, երբ հրավիրում են տարեց, հիվանդ հորը և երեխաներին, և ի վերջո ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ն այս հետապնդումների հետ: Նորից մենք ականատես եղան ՆԿՎԴ-ԱԱԾ-ԿԳԲ բանաձևին: Փաստորեն, ոչինչ չի փոխվել»:

Հարցին՝ ինչո՞ւ նման աղմուկ չէին բարձրացնում, երբ ԱԱԾ-ն գնացել էր Դավիթ Սանասարյանի կնոջ աշխատավայր, երեխաների դպրոց, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե գնացել են, պիտի Դավիթը ևս աղմուկ բարձրացներ, աղմուկը քիչ է եղել հավանաբար այն հանգամանքի հետ կապված, որ Դավիթն այն պաշտոնյան չի եղել, որ Հրայր Թովմասյանն է: Ընտանիքի անդամներին ճնշելը, հետապնդելն անթույլատրելի է»:

Մյուս հարցին՝ Հրայր Թովմասյանը ՍԴ լեգիտի՞մ նախագահ է, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ, եթե ՀՀ-ում դիտարկենք բոլոր պաշտոնյաներին, ապա լեգիտիմության չափանիշը հնարավոր է որևէ մեկը չհատի: Այնպես չէ, որ մենք իրավական պետության մեջ ենք այդ ընտրությունը կատարել ու նշանակումներն արել: Եթե հավասարության նշան ենք դնում Հրայր Թովմասյանի և Արթուր Դավթյանի միջև, ապա եթե Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանը լեգիտիմ անձ է, որը իր կամակատարն է, Հրայր Թովմասյանը նույնպես պետք է լեգիտիմ լինի, չնայած նրան, որ իր կամակատարը չէ»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Հրայր Թովմասյանի ընտանիքը ենթարկվում է բռնաճնշումների Նիկոլ Փաշինյանի կամակատարը չլինելու պատճառով:

Իշխանության յուրացման մասին պնդումներին ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը ասաց, որ ՀՀ-ում դեռ օրինական իշխանություն չի ձևավորվել և հավելեց. «Նույն նիկոլ Փաշինյանն այն յուրացված իշխանության 2015-ի կեղծված սահմանադրությամբ եկել է երկու անգամ իշխանության: Այդ բռնապետական համակարգի քաղաքական կառուցվածքի համատեքստում ինքը վերցրել է իշխանությունը: Սա ժողովրդի իշխանությունը չի եկել: Իրականում ընտրությունները մրցակցային չեն եղել: Քաղաքական կառուցվածքի, հակակշիռների և զսպումների մասին խոսք չկա, սա նշանակում է, որ հիմա Նիկոլի թվի բռնապետությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031