Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խոսելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Հրայր Թովմասյանի մասին՝ ասաց, որ Հրայր Թովմասյանն առանց իր մանդատը վայր դնելու է դարձել ՍԴ նախագահ, ինչն «ԱԺ կանոնակարգ օրենքի» խախտում է. «Այս ամբողջ շտապողականությունը, այդ թվում՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի վաղաժամ պաշտոնից հեռացնելը եղել է Սերժ Սարգսյանի կողմից կոորդինացված: Այս ամենը եղել է մեկ նպատակով, որպեսզի Հրայր Թովմասյանը նշանակվի ՍԴ նախագահ մինչեւ 2035 թվականը, հակառակ դեպքում նա իր պաշտոնում կնշանակվեր միայն 6 տարով: Սահմանադրության կոպտագույն խախտում է արել, յուրացրել է իշխանությունը»:
Ըստ պարոն Զուրաբյանի, դա հանցագործություն է, որի մասին արդեն քանի ամիս է՝ խոսում են. «Մի շարք բարձրաստիճան անձինք ներգրավված են եղել այդ հանցագործության մեջ եւ եթե այդ հանցագործությունը չի բացահայտվում եւ դրա համար քրեական պատասխանատվության չեն կանչվում, այն մարդիկ, որոնք դավադրություն են կազմակերպել հայ ժողովրդի թիկունքում, ապա մենք չունենք արդարադատություն մեր երկրում»:
Քննադատություններին, թե սա անձնական հետապնդում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, հակառակ դեպքում ինչո՞ւ են հիմա դա անում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց․ «Նույն ձեւ կարող ենք ասել, որ Մարտի 1-ի հանցագործությունները տեղի են ունեցել 2008 թ․-ին, իսկ իշխանությունները նոր են բացահայտում։ Հիմա ստեղծվել է մի նոր իշխանություն, որտեղ իրավապահ մարմինները կարող են իրենց գործառույթները կատարել, քանի որ նույն մարդիկ, որոնք կատարել էին այդ հանցագործությունները իրավապահների անմիջական ղեկավարներն էին՝ Սերժ Սարգսյան ու մնացածը, որոնց իրենց նկատմամբ կիրառել են ճնշումներ, հիմա այդ ճնշումները չկան»։
Մեկնաբանելով ԱԺ դիմումը մերժելու ՍԴ-ի քայլը՝ Զուրաբյանն ասաց. «ՍԴ-ն պաշտպանում է իրեն նշանակած կլանի շահերը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ