Այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ դուք ֆուտբոլով հետաքրքրվում եք, խաղերը դիտում էիք, վերջին խաղերից հետո պահանջում են Արթուր Վանեցյանի հրաժարականը ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, դուք դրա կարիքը տեսնո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Ես համարում եմ, որ մեր ֆուտբոլն այսօր մի քայլ առաջ է արել: Շատ պուճուր բան էր պակասում, մի խաղ էր պակասում, որ մենք հայտնվենք 2020-ի մրցաշարում: Վստահ եմ, որ սա ճանապարհ է, որը մեր ֆուտբոլը պետք է անցնի: Ես անձերի հետ չեմ ուզում կապել, որովհետեւ ինքս հանդիսանում եմ ֆեդերացիայի խորհրդի անդամ, չեմ ուզում որեւիցե անձերի հետ կապեմ: Մարզիչն այսօր հրաժարական տվեց, մենք կքննարկենք, կտեսնենք որտեղ են եղել սխալները, որտեղ են եղել բացթողումները»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ վերջին խաղից հիմնական խաղացողների Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր, ինչը, բնականաբար, իր հոգեբանական, խաղային առումով ազդեցություն է թողել. «Պետք է արձանագրենք, որ այնուամենայնիվ, ֆուտբոլը գնում է առաջ: Անելիքներ կան, միշտ պատրաստ ենք լսել քննադատություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ