Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցն այդտեղ Վանեցյան Արթուրը չի, հարցն այն է՝ արդյոք մենք այդպիսի բան կանեի՞նք, թե՞ չէինք անի». Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի բիզնեսի հետ կապված ցուցմունքների մասին

Հոկտեմբեր 18,2019 16:00

Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ քանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնին էր, նա «մեր ժամանակների հերոսն» էր, հիմա ինչ պաշտոնը թողել է, արդեն մամուլում հրապարակումներ կան, թե ոնց են փորձում ցուցմունքներ կորզել նրա, նրա ընտանիքի անդամների դեմ, բիզնեսի հետ կապված հարցերն են ջրի երես հանում, ո՞նց կմեկնաբանեք: Նա պատասխանեց. «ՀՀ-ում որեւիցե մեկից որեւիցե իրավապահ չի կարող ցուցմունք կորզել կամ ստիպել որեւիցե ցուցմունք տալ: Ես եղել եմ ու կամ պաշտոնյա, իմ հետ կապված ՀՔԾ-ում դիմում է եղել, ես գնացել եմ բացատրություն եմ տվել եւ գործը կարճվել է, այսինքն, կարելի է ասել, որ իմ նկատմա՞մբ էլ կար հետապնդում: Ամենեւին ոչ: Բա ո՞նց է լինում, որ իմ մասով չեք ասում, Արթուր Վանեցյանի մասով ասում եք»:

Երբ ասացինք՝ ձեր մասով բողոք է եղել եւ գործ է հարուցվել, Վանեցյանինն ուրիշ դեպք է, ծաղկի բիզնեսն են սկսում «քրքրել», գնալ շուկա, հարցուփորձ անել, տանել բաժին…՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասին խոսվել է մինչեւ Վանեցյանին պաշտոնանկ անելը: Նույն մարդիկ, ովքեր իմ հետ կապված դիմել են Քննչական, նույն մարդիկ խոսել են նաեւ իր բիզնեսի մասին: Եկեք ազնիվ լինենք, չտարանջատենք: Ես ձեզ վստահեցնում եմ, Վանեցյան Արթուրը եթե այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, եթե փաստաթղթեր լինեին եւ դիմում լիներ՝ Վանեցյան Արթուրի հետ կապված նույնպես մարդկանց կանչելու էին եւ ցուցմունք էին վերցնելու, մի տարանջատեք»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դուք գտնում եք, որ Վանեցյանի նկատմամբ չկա՞ հետապնդում, հատուկ ինչ-որ գործեր հարուցելու միտում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հարցն այդտեղ Վանեցյան Արթուրը չի, հարցն այն է՝ արդյոք մենք այդպիսի բան կանեի՞նք, թե՞ չէինք անի: Մենք այդպիսի բան չենք անի, չի կարա էնպիսի բան լինի, որ ես կամ որեւիցե վարչության անդամ կամ վարչապետը այդպիսի ցուցում տա, ասի՝ գնացեք էսինչի հետ կապված քրեական գործ հարուցեք: Վերանանք Վանեցյան Արթուրից: Կա՞ բան՝ կա: Միակ բանը, որ մենք քաղաքական հակառակորդների նկատմամբ կարող ենք օգտագործել, դա մեր ամենաուժեղ բանն է՝ մեր քաղաքական խոսքը: Մեր քաղաքական խոսքն այնքան ծանր է եղել, որ մենք կարողացել ենք հեղափոխություն անենք ու մեր քաղաքական խոսքն այնքան ծանր է, որ ես անձամբ պատրաստ եմ յուրաքանչյուր քաղաքական գործչի հետ բանավեճի դուրս գամ: Իրականում այդ մասով մենք կոմֆորտի զոնայում ենք գտնվում: Մեզ ավելի հեշտ է քաղաքական գործչին բերել այս տեսախցիկների առաջ ու իր հետ կռվել: Բայց գնալ, ասել մի հատ դրան….դա մեր սկզբունքներին դեմ է, չի կարող նման բան լինել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե երբեւիցե ՀՀ-ում նման բան լինի, ես դրան ականատես լինեմ, ես դուրս կգամ այ այդպիսի բան անողի դեմ ու կպայքարեմ այդպիսի բան անող իշխանության դեմ: Իմ բոլոր ընկերները, վստահեցնում եմ ձեզ, դուրս կգան նման իշխանության դեմ: Այդպիսի իշխանություն ՀՀ-ում այլեւս չկա ու չի կարող լինել»:

Հարցին՝ Վանեցյանը ձեր ընկերն է, իր հայտարարությունից հետո փորձե՞լ եք խոսել իր հետ, ասում էիք, որ խոսելու եք, պարզեցի՞ք, թե իր մտահոգությունների հիմքն ի՞նչն էր՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Խոսել եմ իր հետ եւ կարող եմ ասել, որ աշխատել եմ մանրամասների մեջ չխորանամ, որովհետեւ այս ժամանակաշրջանում դա ճիշտ չեմ համարում: Այսքանով կբավարարեմ իմ շփումների մասին պատմել»:

Հարցին՝ էմոցիոնա՞լ հողի վրա էր Վանեցյանը դա հայտարարել, թե՞ կշռադատել էր՝ Սիմոնյանը պատասխանեց, որ չի խորացել, չի կարող ասել ու հիմա դրա մասին խոսելը սխալ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031