ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանն այսօր ԱԱԾ-ում կրկին նույն հարցերին է պատասխանել, ինչ՝ երեկ. երբ ու ինչ միջոցներով է վերանորոգել իր տան տանիքը:
«Պարոն Թովմասյանին հարցեր են ուղղվել՝ իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել: Այդ հարցերին սպառիչ պատասխան է տրվել, այդ հարցերը երեկ տրվել են, այսօր գրավոր պարզաբանումներ ներկայացրինք: Այն հարցերը, որոնք հնչեցվում էին առնվազն տարակուսելի էին»,- հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց Թովմասյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը:
Ըստ նրա՝ բոլորին ակնհայտ է՝ այս գործողություններն ինչ նպատակով են կատարվում. «Օրենսդիր ու գործադիր իշխանությունը միջոցներ է ձեռնարկում Սահմանադրական դատարանի դատավորների՝ այդ թվում Հրայր Թովմասյանի լիազորությունները ցանկացած գնով կասեցնելու համար: Մենք գտնում ենք, որ այս նյութերի նախապատրաստումը, երեկ մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, դրանք ուղղված են Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելուն, սա նաեւ ընդհանուր ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ:
Գործադիրը ոչ մի միջոցի առաջ չի կանգնում, նաեւ մարդկանց ընտանիքներ է մտնում՝ քրեական հետապնդումներ սկսելով, սա ճնշում է նաեւ ընտանիքի անդամների նկատմամբ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում եւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ