Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի և խոհանոցի գործունեությունը կասեցվել է մինչև դրանց հիմնանորոգման ավարտը և հայտնաբերված խախտումների վերացումը

Հոկտեմբեր 18,2019 15:15

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է:

Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի և խոհանոցի գործունեությունը կասեցվել է մինչև դրանց հիմնանորոգման ավարտը և հայտնաբերված խախտումների վերացումը:

Արտաշատի ավագ դպրոցում հանրային սննդի կետեր չկան:

Տեսչական մարմինը նաև դիմել է ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր առ այն, որ Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում անցկացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել է մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական:

Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետից վերցված պիցցայի նմուշների լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ դրանցում պաթոգեն մանրէներ՝ սալմոնելա և ոսկեգույն ստաֆիլակոկ, չի հայտնաբերվել: Աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱՄ) նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մյուս առաջիկա շաբաթվա սկզբին:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին, սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Հոկտեմբերի 16-ին և 17-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են իրականացրել Արտաշատի բոլոր դպրոցներում:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031