Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ի՞նչ է Հրայր Թովմասյանն իրեն դրել Հռոմի պապից ավելի կաթոլիկի տեղը ու աշխարհի ամենապարկեշտ իրավաբանի տեղը, ո՞վ չգիտի նա ով է, ինչ է արել». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 18,2019 14:45

«Հիշո՞ւմ եք, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտարարություն եղավ, ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչն ինչ հայտարարեց, որ սա հետապնդում է հերոսի նկատմամբ եւ հերոսի հետ կապված նման բաներն անընդունելի են: Ինձ թվում է, նույն կինոյից է էս ամեն ինչը», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց այն քննադատություններին, թե Հրայր Թովմասյանի հորը կանչում են հարցաքննության ու հետապնդում են իրականացնում նրա նկատմամբ:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ում որեւէ մեկը որեւէ օրենք չի խախտել՝ մտածելու բան չունի, ուզում է դա լինի Հրայր Թովմասյանը, թե այլ մարդ: Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ հենց այս շրջանում են իրավապահները նրա ընտանիքի անդամներին հրավիրում հարցաքննության՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ մի տարօրինակ բան չկա: Իրավապահները գործում են իրենց լիազորությունների եւ ժամկետների սահմաններում: Թե այդ ժամկետները ինչի հետ ով կկապի՝ դա արդեն անհատական խնդիր է»:

Հրայր Թովմասյանն ասել է, որ չի հեռանալու: Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբ ԱԺ-ն դիմում էր ՍԴ, բոլոր հնարավոր ելքերն ու տարբերակները մտածել ու հաշվարկել է, այդ թվում այն, որ կարող է վարույթ չընդունվեր: Ըստ նրա, ակնհայտ է, որ դատական համակարգում, ՍԴ-ում կա ճգնաժամ ու այդ ճգնաժամը միանշանակ լուծվելու է՝ Հրայր Թովմասյանն ուզենա դա, թե չուզենա. «Հրայր Թովմասյանի ուզենալով չէ: ՀՀ-ում կա օրենք, կա ժողովրդավարություն, կա օրինական ընտրված իշխանություն՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում նույնպես ով ինչ ուզում է, թող ասի: Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ես մինչեւ 2030-ը մնալու եմ՝ չմնաց»:

Մեր դիտարկմանը, որ ՍԴ անդամները չեն ընդունում, որ կա ճգնաժամ, ասում են՝ մենք նորմալ նիստերն անցկացնում ենք, ոչ մի ճգնաժամ չկա, դա մտացածին է՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Ներողություն, ՀՀԿ-ականները չէին ընդունում, որ ընտրությունները կեղծված են, իրենք չէին ընդունում, որ այն ամեն ինչը, ինչից ժողովուրդը բողոքում էր, իրականության հետ կապ ունի: Գոյություն ունեն կողմեր, հետաքրքրված անձինք, որոնք, բնական է, չեն ընդունելու, որեւիցե ամբաստանյալ, ամբաստանյալների մեծ մասը չեն ընդունում, որ իրենք մեղավոր են: Դրա համար դա կոչվում է ճգնաժամ, երբ կա երկու կողմ եւ այդ երկու կողմի կարծիքն իրար բախվում են: Այդ ճգնաժամի մասին ենք մենք այսօր խոսում եւ այդ ճգնաժամի լուծմանն ենք այսօր գնում»:

Հարցին՝ հակակշիռների մեխանիզմ չի՞ լինում, եթե ՍԴ-ն թողնեք այնպես, ինչպես կա՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այսինքն, ի՞նչ եք ուզում ասել, որ մենք հակասահմանադրական ենք, ՍԴ-ն սահմանադրական է, հակակշի՞ռ ենք ստեղծում: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ձեւավորել է իշխանություն, իսկ ՍԴ-ն ձեւավորվել է այն իշխանության կողմից, որն այն ձեւավորել է չպատմեմ ինչ հայտնի պայմաններից ելնելով: Հրայր Թովմասյանն այստեղից՝ ԱԺ-ից դուրս է եկել, անցել է դիմացի փողոց, գնացել է ՍԴ, դառել է ՍԴ նախագահ: Սերժ Սարգսյանի համար դրանից առաջ մի հատ սահմանադրություն է գրել, ապահովել է, Սերժն էլի իրեն տարել նստացրել է այնտեղ, որ սահմանադրական առումով իր ապահովությունը լինի, ո՞վ չգիտի դրա մասին: Հիմա ի՞նչ է իրան դրել Հռոմի պապից ավելի կաթոլիկի տեղը ու աշխարհի ամենապարկեշտ եւ ամենալավ իրավաբանի տեղը: Ո՞վ չգիտի Հրայր Թովմասյանն ով է, ինչ է արել ու ինչի համար է ստացել իր պաշտոնը, ինչի՞ մասին է խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031