Այսօր «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» խորագրով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երկու առաջարկ ներկայացրեց. «Սա այն բացառիկ օրենքներից է, որի կիրարկման փորձը ես անձամբ ունեմ եւ իմ մոտեցումները հիմնված են անձնական եւ գործնական փորձի վրա: Ես 2015-ին ՔՊ-ի համահիմնադիրներից եմ եղել, եղել եմ կուսակցության վարչության փոխնախագահ, վարչության անդամ եւ գործնականում պատկերացնում եմ, թե ինչպես պետք է օրենքն աշխատի, որ օգնի, որպեսզի կուսականություններում ամրանա ներքին ժողովրդավարությունը, կուսակցությունները լինեն ներառական՝ որպես քաղաքական ինստիտուտներ, լինեն կայուն, հետեւողական եւ հաշվետու: Իհարկե, շատ բան կախված է կուսակցությունների դավանած արժեքներից, դրանց ամրությունից, հիմնադիրների սկիզբ դրած ավանդույթներից, ղեկավար կազմի որոշումներից, կուսակցության անդամների պահանջատիրությունից, կանոնադրությունից, սակայն կուսակցություններին տրված բավականին մեծ ինքնավարությամբ հանդերձ, որը պետք է պահպանվի, կարծում եմ, պետք է օրենքով ամրագրել որոշակի կանոններ ու սկզբունքներ, որոնք ընդհանուր եւ պարտադիր պետք է լինեն բոլոր կուսակցությունների համար»:
Լենա Նազարյանն ասաց, որ շատ կարեւոր է, թե ինչ սկզբունքներով է ղեկավարվում կուսակցությունը, որովհետեւ կուսակցությունները միակ մեխանիզմն են, որով քաղաքական ուժերը մասնակցում են ընտրությունների, ձեւավորում խորհրդարան, կառավարություն. «Կներեք, բայց ես չեմ հավատում, որ այն կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ եւ փորձ, ստանձնելով երկրի կառավարումը՝ կարող է երկիրն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետեւ այդ կուսակցությունը չունի պատկերացում, թե ինչ է ժողովրդավարությունը եւ ինչի է այն պետք: Ես չեմ հավատում, որ կուսակցությունները, որոնք մերժում են ներքին ընտրությունների միջոցով ղեկավար կազմի ձեւավորումը, ներքին ընտրություններով ընտրական ցուցակների ձեւավորումը, երկիրը կառավարելիս կապահովեն պայմաններ ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման համար»:
Լենա Նազարյանն առաջարկում է, որ կուսակցությունների ղեկավար պաշտոնների ձեւավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, դա կարող է երկու տարբերակով լինել՝ կամ օրենքով ամրագրել, որ կուսակցության ղեկավար կազմում լինի սեռերի ներկայացվածություն, սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրվի կուսակցությունների կանոնադրության մեջ, որպեսզի ինքնավարության հարցերի հետ կապված խնդիր չառաջանա: Շատ կուսակցություններ ինքնակամ են այս սկզբունքը ամրագրում, ըստ միջազգային փորձի: Լենա Նազարյանն ասաց, որ կանայք պետք է զբաղեցնեն ղեկավար պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը, այսպես է արդար, հակառակն անարդար է: Կանայք ունեն կենսաբանական եւ սոցիալական գործոններով պայմանավորված տարբերվող փորձ, որը նույնպես պետք է ներկայացված լինի ե՛ւ կուսակցություններում, ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ կառավարությունում: Կանայք եւ տղամարդիկ տարբեր հարցերում ունեն հակասական շահեր եւ այդ շահերի ներկայացվածությունը կարող է հանգեցնել հավասարակշռված որոշման, հանրության բոլոր անդամների համար ընդունելի որոշման: Որպեսզի կանանց բարձրաձայնած հարցերը կուծում ստանան, նրանց ներկայացվածությունը պետք է հասնի որոշակի կրիտիկական մակարդակի, եթե կրիտիկական չէ, այն ձեւական է»:
Կարդացեք նաև
Հաջորդ առաջարկը վերաբերում է կուսակցությունների ղեկավար կազմի ձեւավորմանը. «Կուսակցությունը պետք է կանոնադրության մեջ սահմանի, թե ինչ կարգով է ձեւավորելու ղեկավար կազմը, ընտրական ցուցակները: Օրենքով կա կամայական գործելու որոշակի դաշտ: Հաճախ կուսակցության առաջնորդն է որոշում, թե ով լինի կուսակցության ղեկավար կազմում, ղեկավար կազմը կարող է տարիներով չփոխվել, կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը որոշում է ընտրական ցուցակը, թե որ թեկնածուն որտեղ կլինի: Այդպես են կուսակցությունները կոռումպացվում, լճանում, վերածվում բիզնես կազմակերպությունների, կուսակցության անդամները սկսում են առաջնորդվել նեղ անձնական եւ խմբային շահերով՝ անտեսելով հանրային շահը»:
Լենա Նազարյանը կանխատեսեց, որ իր այս առաջարկներին, մոտեցումներին դեմ կլինեն այն կուսակցությունները, որոնց անդամները գաղափարական հենքով չեն հայտնվել կուսակցությունում, չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել. «Բայց ես գալիս եմ այն մտքին, որ կուսակցություններում պետք է գաղափարական մարդիկ լինեն եւ նեղ անձնական շահերով չառաջնորդվեն, հակառակ դեպքում մենք առողջ քաղաքական դաշտ չենք ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ