Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե ընդհանրապես պետք է հանե՞լ կրթաթոշակը». Արսեն Ջուլֆալակյանի գաղափարն Արեւիկ Անափիոսյանին դուր եկավ, կքննարկեն

Հոկտեմբեր 18,2019 13:55

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է բարձրացնել բարձր եւ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակները. պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 ՀՀ դրամ:

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Վահե Էնֆիաջյանն իր առաջարկն այսպես հիմնավորեց՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում պարբերաբար փոփոխություններ են կատարվել, բայց մինչ օրս որեւէ փոփոխություն չի կատարվել դրանց չափի հետ կապված. «Առ այսօր բակալավրիատում սովորող եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակը կազմում է 5.000 դրամ, իսկ գերազանց առաջադիմություն ունեցողներինը՝ 6.050 դրամ: Միայն բակալավրիատի ավարտական կուրսերում է, որ սովորական կրթաթոշակի չափը կազմում է 5.200 դրամ, իսկ գերազանցիկներինը՝ 6.300 դրամ: Մագիստրատուրայում ունենք հետեւյալ պատկերը՝ բարձր առաջադիմությամբ ուսանողները ստանում են 5.500 դրամ, իսկ գերազանց սովորողները՝ 6.300 դրամ: Այսինքն, բակալավրիատում եւ մագիստրատուրայում կրթաթոշակների չափն ուղիղ 20 տարի է՝ 1999թ.առ այսօր, չի փոխվել: Համեմատության համար միայն նշենք, որ 1999թ. նվազագույն աշխատավարձը կազմում էր 5.000 ՀՀ դրամ, 2019թ.՝ 55.000 ՀՀ դրամ, մինչդեռ կրթաթոշակի չափի հետ կապված որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ այս թիվը սահմանվել է 1999-ին, հաշվարկներն էլ հիմնված են եղել նվազագույն աշխատավարձի եւ այլ գործոնների վրա: Նվազագույն աշխատավարձն այս ընթացքում 13 անգամ բարձրացվել է, մյուս գործոններն էլ են փոխվել, այդ թվում նաեւ ուսման վարձերն են բարձրացել եւ դա էլ ուսման որակի վրա չի անդրադարձել, իսկ կրթաթոշակները նույնն են մնացել:

Առաջարկվում է փոփոխությունն ընդունելիս այն ուժի մեջ մտցնել արդեն գալիք տարվանից:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը հետաքրքրվեց՝ բյուջեի՞ց է տրամադրվելու այդ գումարը, թե՞ հիմնադրամն է տալու, կա՞ն այդ գումարները: Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ կառավարության ամենաբարձր ներկայացուցիչներից շատ ենք լսել, որ բյուջեն համալրված է գումարներով եւ գումարի խնդիր չկա, նաեւ հիմնադրամի գումարները եւս մնում են բյուջեի կազմում, որը նպատակ ունի ուսանողների արտալսարանային կյանքը կազմակերպելու, առաջադիմությունը բարձրացնելու, նաեւ կառավարության ծրագրով, իշխող ուժը նույնպես կրթության որակի բարձրացման մասին է խոսել՝ տարբեր դրվագներով: Նա մեջբերեց նաեւ վարչապետի խոսքն այս առնչությամբ:

Թե միջինում տարեկան ծախսը բյուջեի վրա ի՞նչ է արժենալու՝ հաշվարկ չկար, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ըստ տարիների, թիվը փոփոխական կարող է լինել, քանի որ բարձր առաջադիմություն ունեցողների թիվն էլ փոփոխական է:

Վահագն Թեւոսյանը նաեւ գործընկերոջը հարցրեց՝ ի՞նչն էր խանգարում կառավարության հետ նախապես քննարկել՝ հնարավորությունները պարզել, քանզի կառավարության ներկայացված բացասական եզրակացության մեջ կա նաեւ նշում, որ հանկարծ են իմացել նախագծի մասին: «Կասեք լավ բան արեցինք, «Իմ քայլը» մերժեց»,- հեգնեց իշխող ուժի պատգամավորը:

Վահե Էնֆիաջյանը զարմացավ, որ օրենսդրական նախաձեռնությունների մասին կառավարությունում «հանկարծ են իմանում» եւ ասաց, որ ինքը տարիներ շարունակ է այս հարցի մասին խոսում:

Կառավարության բացասական տեսակետը հիմնավորեց փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը՝ ասելով՝ եթե կրթությունը կարեւորում ենք, պետք է նաեւ կրթությունը դասավանդողներին կարեւորենք: Նա ներկայացրեց, որ շուրջ յոթ միլիարդ դրամ տրամադրվել է դասավանդողների աշխատավարձը բարձրացնելու համար եւ այդ տաս տոկոսն այն առավելագույնն էր, որն ընթացիկ ծախսերի շրջանակում հնարավոր է եղել անել, մինչդեռ, առաջարկվող նախագծով, կրթաթոշակների համար տրամադրվելիք գումարները 10 միլիարդի շեմն են հատելու: Ըստ փոխնախարարի, առավել կարեւորն այն է, որ հիմնավորում չկա, թե ինչո՞ւ պետք է այդչափ բարձրացվի: Մի խոսքով, կառավարությունում չեն հասկանում, թե ի՞նչ նպատակի է ծառայելու այս քայլը: Իսկ որ սա կխթանի ուսման առաջադիմությունը՝ Արեւիկ Անափիոսյանի համար անընդունելի է, քանի որ ուսանողը սովորում է գիտելիք ստանալու, ոչ թե կրթաթոշակ ստանալու համար:

Կառավարությունում դեմ չեն քննարկել առաջարկներ՝ գումար տրամադրել ուսանողներին հետազոտական աշխատանքների կամ կրթական մակարդակի բարձրացմանը նպաստող այլ ծրագրերի համար, նաեւ մարզերի ուսանողների համար բնակարանի վարձավճարի, գրականության ձեռք բերման եւ այլն:

Նաեւ՝ նախագծում, ըստ կառավարության ներկայացուցչի, հստակ չէ, թե ինչպես են այդ գումարները գոյանալու:

«Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին էլ էր հետաքրքիր՝ կառավարությունում ի՞նչ են մտածում այս մասին, քանի որ իրեն էլ հասկանալի չէ կրթաթոշակի այդ չափը: Նա տարակուսեց՝ գուցե ընդհանրապես պետք է հանե՞լ կրթաթոշակը, մանավանդ, փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն ասել էր, որ նման փորձ էլ կա: «Գուցե, լավ առաջարկ է, կքննարկենք»,- ասաց Արեւիկ Անափիոսյանը:

Վահագն Թեւոսյանն էլ շնորհակալ է այն մարդկանց, ովքեր առա այսօր չեն բարձրացրել կրթաթոշակը, քանզի դա համարում է «վատ փիլիսոփայություն»: Նա էլ է կողմ, որ սովետական միությունից ժառանգած սովորույթները հանվեն: Բայց պատգամավորներն ակնկալում են, որ կառավարությունը ներկայացնի կրթության զարգացման ամբողջական տեսլական, որը կհամապատասխանի ժամանակակից մարտահրավերներին:

Իշխող ուժի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կողմ է, որ պետությունը լավի, գերազանցության ձգտումը խրախուսի, ոչ թե միայն սոցիալական անապահով խավին շարունակի աջակցել՝ նրանց անապահով խավ էլ թողնելով: Նա գրադարանների համալրման, հետազոտական աշխատանքների համար տրամադրվող գումարները կամ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը այս նախագծի մերժման հակափաստարկ չի համարում: Քննարկման առարկա է համարում առաջարկվող թիվը:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին ձայների՝ 4 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031