Լրահոս
Օրվա լրահոսը

«37թ.-ի գործիքակազմով Հ. Թովմասյանի տարեց ծնողին եւ երեխաներին անհանգստացնելը դատապարտելի է». Փոստանջյան

Հոկտեմբեր 18,2019 13:20

«Այսօր տեղեկացա, որ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի հեղինակային՝ «Հայելու առաջ» հաղորդումը փակվել է: Խոսքի ազատությունն այսօր ոտնահարվում է եւ սահմանափակվում ոչ թե օրինական նպատակների, այլ քաղաքական նպատակների համար, քանի որ կարծիք հնչեցնելն այս իշխանության համար ցանկալի չէ»,-«Այլընտրանքային նախագծեր խումբ» հ/կ-ի եւ «Իմ Ձայնը» հ/կ-ի նախաձեռնած՝ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ընթացքում այսօր հայտարարեց փաստաբան, իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Այդ հաղորդումն ուներ բարձր վարկանիշ: Սեփականատերը որոշել է փակել, որովհետեւ, կարծում եմ, ճնշում կա նրա վրա, այլապես չէր ուզենա վարկանիշային հաղորդումը փակել»,-կարծիք հայտնեց Զարուհի Փոստանջյանը:

Ապա անդրադարձավ այն հանգամանքին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը, ըստ տեղեկությունների, այսօր հրավիրվել են ԱԱԾ. «Սա տգեղ եւ վտանգավոր երեւույթ է, որը ապրել եմ իմ ընտանիքում: Ստալինյան շրջանում տատիս աքսորեցին Սիբիր, մինչդեռ պետք է աքսորեին պապիկիս: Տատս ասել էր, թե իբր պապիկիս հետ վաղուց չի ապրում: Այնպես է արել, որ նրանք տանը չլինեն: Բայց եկել են, ասել են, որ եթե նրանք չկան, ուրեմն իրեն պետք է աքսորեն: Տատիս՝ հղի վիճակում, ձեռքին փոքր երեխա, աքսորել են Սիբիր: Հիմա նման երեւույթներ ենք տեսնում: Ժողովրդի անունից՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» անունից, մարդիկ ուզում են իրենց քաղաքական նպատակներն իրականացնել եւ դա մատուցում են որպես անհրաժեշտ միջոց՝ իբրեւ թե կոռուպցիայի եւ քաղաքական նախկին համակարգի դեմ պայքարի միջոց»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2225246350908293/

 

 

 

 

 

 

 

Փոստանջյանը մատնանշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» խոսքը՝ ցույց տալու համար, թե ինչպիսի վերաբերմունք է տարածվում դատարանների հանդեպ. «Այո, նախկինում բռնապետեր են եղել, կոռուպցիա է եղել, բայց անկախ դրանից, այսօր իրավունք չունենք նույն գործիքակազմով հետապնդել որեւէ մեկին, որը, մեր կարծիքով, ենթադրյալ ապօրինի գործողություններ է կատարել: Հրայր Թովմասյանի թիրախավորումն անթույլատրելի է, 37թ.-ի գործիքակազմով նրա տարեց ծնողին եւ երեխաներին անհանգստացնելը դատապարտելի է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031