Ինչ-որ անհայտ X պարոն, չհամարձակվելով ստորագրել, չի դիմացել եւ «հուժկու» պատասխան է տվել «Չընդունվող առաջարկություն» հոդվածին։ Իհարկե, X հեղինակը չի անդրադարձել հոդվածի հիմնական հարցադրումներին եւ գտել է, իր կարծիքով, թույլ պարբերությունը. «Հնարավո՞ր էր մինչեւ 1998թ. չլինել ՀՀՇ, կամ նրա արբանյակային կուսակցության անդամ (ՀՀԿ, ՀՔԴԿ, ՄՀ, ՍԴՀԿ, ԼԴԿ ), կամ առնվազն համակիր եւ ստանալ պաշտոն, ստանալ սեփականաշնորհման յուղոտ բաժին եւ այլն» եւ «բուռն» կերպով անդրադարձել դրան։
Հոդվածն էլ ավելի ծավալուն չդարձնելու համար, իսկապես չէի անդրադարձել 1990-91թթ. իշխանափոխությանը եւ առավել մանրամասն չէի գրել, որ վերոնշյալ կուսակցական հարաբերությունները «բյուրեղացան» ՀՀՇ-ի արդեն միակարծիք կուսակցություն դառնալուց, հատկապես 1995թ. հետո։ Ընդունում եմ նաեւ իմ կողմից եւս մեկ վրիպում թույլ տալը. հպատակի փոխարեն, սխալ ընտրված համակիր եզրույթը։ Պարոն X-ը հսկայական ցուցակ է ներկայացրել ՀՀՇ-ի իշխանության տարիների նախարարների։ Ցուցակն ինձ հիշեցրեց ԽՍՀՄ շրջանի «կուսակցականների եւ անկուսակցականների անխախտ դաշինք» կարգախոսը։ Պարոն X-ը այստեղ զբաղվում է տառակերությամբ։ Հոդվածում ներկայացրել էի կառավարման հհշական բնույթը, որը չէր հանդուրժում ոչ հպատակի որեւէ պաշտոն, դիրք, ընդհուպ քաղաքապետ եւ այլն։ Եվ խոսքս նախարարների մասին չէր։ Հակառակը, կառավարությունը պետք է կազմված լինի ընտրություններում հաղթած քաղաքական ուժի անդամներից… եւ միայն կառավարության անդամները։ Այնպես որ պարոն X-ը ասածս կամ չի հասկացել, կամ…Համենայն դեպս դիտարկենք պարոն X-ի ներկայացրած ցուցակը։Այո, նրանց մեջ շատ կան ֆորմալ առումով նաեւ ոչ կուսակցականներ: Օրինակ, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը(1992-1996թթ.) պաշտոնապես ՀՀՇ անդամ չէր հանդիսանում, այն դեպքում, որ նա եղել է ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ հիմնադիր անդամ, այլեւ 1991-1992թթ., 1997-2000թթ. ՀՀՇ վարչության նախագահ։ Էլ չեմ խոսում դասընկեր հպատակների մասին (Պողպատյան):
Ինչ վերաբերում է սեփականաշնորհմանը, ապա առայժմ բերեմ մեկ օրինակ. Թալինի տարածաշրջանի Արտենի գյուղում կառուցված էր ժամանակակից սարքավորումներով գինու գործարան։ Այն սեփականաշնորհվեց «կարկառուն» հհշական Սամվել Գեւորգյանի եղբորը։ Գործարանի ողջ թանկարժեք մետաղից պատրաստված սարքավորումները ապամոնտաժվեցին եւ վաճառվեցին։ Գործարանի տարածքը ավերակի վերածվեց։ Անհրաժեշտության դեպքում՝ շարունակելի…
Իսկ պարոն X-ը թող բարի լինի պատասխանի. «ինչու՞ սպանեցիք Աշտարակի քաղաքապետ Հովհաննես Սուքիասյանին։ Սպանեցիք, քանի որ չհպատակվե՞ց, թե՞ այլ պատճառ կար»։ Պատասխանի դեպքում, կհարցնեմ նաեւ այլ սպանությունների մասին։
Կարդացեք նաև
Պարոն X-ի նաեւ այս պատասխանով հերթական անգամ ապացուցվեց, որ մեր քաղաքական ուժերը երբեք չեն ընդունում իրենց սխալները, մասնավորապես ՀՀՇ-ն.
-Արել ենք, տո լա՛վ ենք արել, կեղծել ենք, տո լա՛վ ենք արել, սպանել ենք, տո լա՛վ ենք արել։
Հոդվածագիրը չի դիմացել եւ տողերիս հեղինակին վիրավորելու մոլուցքով տարված անվանել «30-ամյա ստաժով ստախոս»։
Ինքս ձեռնպահ կմնամ եւ հոդվածագրին չեմ անվանի «30-ամյա ստաժով մարդասպանը»։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2019