Այս անգամ մեր զրուցակիցը Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է
Դրվագները, որոնց անդրադարձավ գեղարվեստական ղեկավարը, կապված են մեր քաղաքական գործիչների հետ։ Դրանցից առաջինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ է տեղի ունեցել. «Ես միշտ դեմ եմ եղել կոչումներին, 2004 թվականին տանը նստած հեռուստացույցով իմացա, որ ինձ կոչում են տվել։ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 1-ին հրավիրեց նախագահական նստավայր՝ կոչումները հանձնելու համար։ Նա մոտեցավ ինձ, ասաց. «Ձեր մասին շատ լավ բաներ եմ լսել», ես էլ պատասխանեցի. «Մի՛ հավատացեք, պարոն նախագահ, բամբասում են»։ Շատ լուրջ ընդունեց, դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց։
Ու թեեւ լուրջ չեմ վերաբերվում կոչումներին, ստիպված էի բեմից խոսք ասել։ Մոտեցա խոսափողին, ասացի. «Ես կարծում եմ՝ խորհրդանշական է, որ ապրիլի 1-ին ենք ստանում այս կոչումները, խաբելու օրը, եւ այդ պահին Քոչարյանը խառնվեց իրար ու էլի լուրջ ընդունեց, ասաց. «Վայ, էս ոնց հաշվի չէինք առել, էս ինչ սխալ օր ընտրեցինք կոչումները տալու համար»,– հիշեց գեղղեկավարը։
Մեկ այլ դրվագ էլ գրանցվել է Տավուշի մարզպետներից մեկի հետ։ Մանկական փառատոնի փակման արարողության ժամանակ նա, ցանկանալով ներկայացնել պարոն Բաբայանին, շատ լուրջ դեմքով հայտարարել է. «Շատ ուրախ ենք, որ մեզ հյուր է եկել Երեւանի տիկնիկային թատրոնը՝ պարոն Թումանյանի ղեկավարությամբ»։ Այդ պահին պարոն Բաբայանն իրեն չի կորցրել եւ նկատել է. «Պարոն մարզպետ, եկեք ձեւականությունների հետեւից չընկնենք եւ ինձ դիմեք պարզապես՝ Հովիկ»։ Ամբողջ դահլիճը ծիծաղել է։
Կարդացեք նաև
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Ռուբեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից