Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ կարգախոս է, հայերեն բառեր են, հայերեն տառեր, հայկական ոգի. ի՞նչ վատ բան կա այդտեղ, որ դժգոհենք». Դավիթ Գասպարյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2019 11:14

Օրեր առաջ կառավարության նիստում որոշում ընդունվեց՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 205»–ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով, ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երեւանի եւ մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։ Որպես հիմնավորում՝ վարչապետի աշխատակազմը կառավարությանը հայտնել է. «Սպասվելիք արդյունքներն են, որ հասարակության ավելի լայն զանգվածները տեղեկացված կլինեն «Հայաստանի վերափոխման ռազմավարության 205»–ի էմոցիոնալ տեսլականի մասին, երկրի երկարատեւ զարգացման տեսլականի եւ ուղենիշների մասին»։ Կառավարության որոշմամբ՝ ոչ թե մրցութային, այլ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, պայմանագիրը կնքվելու է «Անտարես» ընկերության հետ, որն էլ կիրականացնի գովազդային պաստառների հրապարակումը։

Նոր իշխանությունների նոր կարգախոսը գրականագետ Դավիթ Գասպարյանի սրտով է։ «Այն ամենը, ինչ իր հետ հայկականություն է բերում, համախմբում, հայապաշտպանություն, ես դրան կողմնակից եմ։ Շատ լավ կարգախոս է, հայերեն բառեր են, հայերեն տառեր, հայկական ոգի. ի՞նչ վատ բան կա այդտեղ, որ դժգոհենք։ Համամիտ եմ եւ կարծում եմ, որ այս կարգի բաները պետք է շատացնենք՝ ազգային համախմբում, ազգային ուժ, միավորում, հայաստանյան կերպար, հայկականություն։ Այս ամենը մեզ պակասում է այսօր։ Մենք մի քիչ օտար արժեքներին հետամուտ ժողովուրդ ենք, դա էլ գալիս է վիճակի նեղությունից, բայց, անկախ դրանից, ազգային արժեքները մենք պետք է բարձր պահենք»։

Նախորդ իշխանությունն էլ իր կարգախոսներն էր տիրաժավորում քաղաքի փողոցներում, գովազդային վահանակների վրա, օրինակ՝ «Իմ զենքն իմ գրիչն է», որը ոչ միայն չընդունվեց հասարակության կողմից, այլեւ ծաղրի ենթարկվեց։ Հնարավո՞ր է այս տեսակ կարգախոսներով վերափոխել Հայաստանի ռազմավարությունը 2050-ին։ «Մի շրջագայության ժամանակ, երբ եղա Կիպրոսում, տեսա՝ պաստառի վրա մեծ տառերով գրված է՝ միայն զենքով կա հային փրկություն։ Իհարկե, դա հայտնի երգի հայտնի տողն է, բայցեւայնպես, գեղեցիկ էր։ Այս կարգի կարգախոսները մեզ պետք են՝ գրագետ, ճիշտ, ժողովրդի ոգուց բխող։ Սրանք կարեւոր բաներ են, եւ սրա մեջ վատ բան չեմ տեսնում, ինչի՞ համար են դժգոհում՝ չեմ հասկանում»։ Այն, որ այս ծրագրի համար մոտ 49 մլն է հատկացվել, եւ դժգոհությունների մի մասն էլ դրանով է պայմանավորված։ «Դա հատկացրել են մի հրատարակչության, որն ունի վահանակներ քաղաքում…։ Բոլոր դեպքերում, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, որտեղ կա ազգային շունչ, դա պետք է պահպանենք»,– ասաց Գասպարյանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե կարգախոսները նպաստեին նպատակների իրականացմանը,այժմ մենք կապրեինք կոմունիստական հասարակարգում….Կարգախոսը պետք է ամրագրվի գործով…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031