Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ Սևանի մակարդակն է բարձրանում, ո՛չ էլ ոռոգման համակարգում խնդիրներն են վերանում. «Ժամանակ»

Հոկտեմբեր 18,2019 10:49

Կառավարության հերթական նիստում, օգտվելով հնարավորությունից, բնապահպանության նախարարը իր հարցը զեկուցելուց առաջ ներկայացրեց Սևանից ջրի բացթողնման հետ կապված գործընթացը, իրավիճակը: «Այս պահի դրությամբ Սևանից բաց է թողնվել 140 մլն-ից մի փոքր ավելի ջուր: Ամենայն հավանականությամբ, էլ կարիք չի լինի: Ըստ էության մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլև մոտ 30 մլն խմ-ով պակաս վերցրինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչ որ անցյալ տարի ավելի էինք վերցրել: Ոչ միայն այս տարի ավելի չենք վերցրել, նախորդը նույնպես կոմպենսացրել ենք: Այս պահի դրությամբ 5 սմ-ով բարձրացել է Սևանա լճի մակարդակը և շատ ավելի բարձր կլիներ, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին:

Ստացվում է, որ կառավարության և նախարարությունների համատեղ ու առանձին տքնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել Սևանից 170 մլն խմ ջուր վերցնելու փոխարեն բավարարվել 140 մլն-ով: Ավելին, դա հնարավոր է եղել իրականացնել դրա համար անբարենպաստ եղանակային պայմաններում: Պրն Պապիկյանն էլ, ինչպես արդեն նշեցինք, խոստացավ եկող տարվա համար մի քիչ լավ եղանակի դեպքում շատ ավելի քիչ ջուր վերցնել Սևանից:

Հարցին մոտենանք զուտ փաստերով, պաշտոնական թվերով: Որքան էլ որ ներկայացվում է, որ տարին, եղանակային պայմաններն անբարենպաստ էին, այդուհանդերձ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված հիդրոօդերևութաբանական տեղեկագրից պարզում ենք, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ Ախուրյանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում (այս երեքում ջրի պակասության դեպքում է, որ դիմում ենք Սևանի օգնությանը) միասին ամբարված է եղել շուրջ 530 մլն խմ ջուր (հասկանալի է, որ Ախուրյանի ջրամբարում կուտակված ջրի կեսն է մեր կողմից օգտագործվում): 2018թ. մայիսի 31-ի դրությամբ այս երեք ջրամբարներում կուտակված է եղել ընդամենը 472.5 մլն խմ ջուր՝ 57.5 մլն խմ-ով պակաս, քան այս տարի: Ախուրյանի ջրամբարի մեր հասանելիքը հաշվարկելու դեպքում՝ 43 մլն խմ-ով պակաս: Փաստորեն այս տարի անցած տարվա հունիսի 1-ի համեմատությամբ այս երեք ջրամբարներում ջրի 43 մլն խմ-ով ավելի պաշար ենք ունեցել: Դիտարկումը կատարում ենք մայիսի 31-ի դրությամբ, որովհետև այս տարի այդ օրվա դրությամբ (ջրթողը սկսվել է հունիսի 8-ին) դեռ Սևանից ջուր բաց չէր թողնվում:

Հավելենք, որ անցած տարի Արարատյան դաշտի գյուղերին ոռոգման ջուրը տրվել է ապրիլի կեսերին, այս տարի՝ մայիսի սկզբներին: Փաստորեն ստացվում է, որ այս տարի ջրամբարներում 43 մլն խմ-ով ավելի ջրի պաշար է կուտակված եղել և անցած տարվա համեմատությամբ ամբողջ 13 մլն-ով ավելի է օգտագործվել գոնե Սևանի «ազդեցության գոտու» հողերի համար: Եթե նշյալ երեք ջրամբարներում կատարված 43 մլն խմ ավելի ջուրը չլիներ, ինչպես անցած տարի, ապա անկախ ամեն ինչից՝ այն վերցվելու էր Սևանից՝ ավելի շատ, քան անցած տարի էր:

Այդ դեպքում անհասկանալի են կառավարության անդամների և անձամբ վարչապետի հայտարարությունները տքնաջան աշխատանքի, սթրեսային քննարկումների թեմաներով: Առավել քան անհասկանալի են իրավիճակին տիրապետելու, եկող տարի ավելի լավ արդյունքներ գրանցելու մասին խոսակցությունները՝ այն պարզ պատճառով, որ ոռոգման արդեն երկու սեզոնի ընթացքում, որ այս թիմն է աշխատում, այս ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ, կառուցվածքային առումներով, անգամ համակարգի ֆիզիկական վիճակի ուսումնասիրման առումով բացարձակապես որևէ քայլ չի արվել: Միակը, ինչի հաշվին այս տարի «որոշակի հաջողություն» է գրանցվել, պետական վերահսկողական ծառայության ամբողջ տարին այս համակարգում ուսումնասիրություններ անցկացնելն էր, որի արդյունքում վախի մթնոլորտում բոլորն ամեն ինչ անում էին, որ վարչապետին դժգոհության ձայն չհասնի:

Այլապես վերջին տասնամյակներում բարդագույն խնդիրներ դարձած, գորդյան հանգույցների վերածված հարցերի առնչությամբ կառավարության մակարդակով այնպես են ներկայացնում, որ ընդամենը երկու-երեք սթրեսային քննարկման արդյունքում դրանք լուծվել են՝ հաճախ չխորշելով անգամ թվային ու ոչ թվային մանիպուլյացիաներից: Բայց դրանից ո՛չ Սևանի մակարդակն է բարձրանում, ո՛չ նրա առաջ ծառացած հարցերն են լուծում ստանում, ոչ էլ ոռոգման համակարգում խնդիրներն են վերանում:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031