Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդկայինի առաջնահերթությունը

Հոկտեմբեր 18,2019 10:00

Ի՞նչն է առաջնայինը՝ մարդկայի՞ն, թե՞ քաղաքական մոտեցումը: Ինձ համար այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ ամենից առաջ պետք է լինի մարդկայինը: Հումանիզմը չի կարող լինել միայն վերացական, հնարավոր չէ ասել՝ եկեք այս լավ մարդու նկատմամբ լինենք մարդասեր, իսկ ահա այս տականքին մարդասիրություն չի հասնում: Բոլոր դաժանություններն աշխարհում մարդիկ իրականացրել են՝ ղեկավարվելով հենց այդ անառողջ տրամաբանությամբ:

Այո, ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀԿ անդամ էր, ծառայում էր այդ կուսակցությանը, բայց իշխող կուսակցությանն անդամագրվելուց առաջ էլ (այն պահից, երբ դարձավ արդարադատության նախարար) եւ իր անդամակցությունը կասեցնելուց հետո էլ աշխատում էր իշխանության, ոչ թե պետության եւ օրենքի համար, եւ այդ պատճառով, կարծում եմ, չի կարող լինել ՍԴ դատավոր: Դա, ինձ թվում է, քաղաքական, ինչպես նաեւ՝ էթիկական խնդիր է: Արդյոք դա պետք է ունենա նաեւ քրեական հետեւանքներ, չգիտեմ: Բայց եթե դա նույնիսկ այդպես է, ապա պետք է հետապնդվի միայն Թովմասյանը, ոչ թե նրա հայրն ու երեխաները: Իսկ երբ անհանգստացնում են նրա հարազատներին, կարող է տպավորություն ստեղծվել, որ դա պարզապես բարոյական ճնշում է՝ Թովմասյանին ստիպելու համար, որ նա հրաժարական տա, այն բանից հետո, երբ ՍԴ-ն փաստորեն հրաժարվեց դա անել:

Այո, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատվել էր աննախադեպ կարծր ավտորիտար ռեժիմ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության առումով դրանք ամենաանբարենպաստ տարիներն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այդ ընթացքում կատարվել են մի շարք անպատիժ մնացած սպանություններ, ընտրությունների ժամանակ մարդկանց ահաբեկում էին, քաղաքական հայացքների համար մարդիկ հայտնվում էին բանտում: Երկրորդ նախագահն, անշուշտ, պետք է պատասխան տա նաեւ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար: Բայց այս պահիս նա հիվանդանոցում է, եւ այդ կարգավիճակով նրան պետք է միայն շուտափույթ ապաքինում ցանկանալ եւ ոչ թե կասկածներ հայտնել, որ նա «սիմուլյացիա» է անում: Առավել եւս՝ ֆեյսբուքում գրել՝ «թող սատկի»: Այդպիսի գրառումների հեղինակներն իմ կարեկցանքն են առաջացնում՝ որքա՜ն մեծ տեղ է նրանց հոգում զբաղեցնում խավարը:

Այո, Մանվել Գրիգորյանը, ազատամարտի հերոս լինելով, պատերազմից վերադառնալուց հետո, իրեն դրսեւորել էր որպես լկտի, ամբարտավան, անպատժելիությունից հարբած տեղական «իշխանիկ» (առաջին երեք նախագահների թողտվությամբ): Արդյոք դրա համար դատ է հասնում, դարձյալ չգիտեմ: Բայց եթե հասնում է, ապա նախ՝ մեկուկես տարում այդ դատը վաղուց պետք է սկսվեր: Երկրորդ, մինչեւ դատը սկսվելը գեներալին անազատության մեջ պահելը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, կարող է հաշվեհարդարի տպավորություն թողնել:

Կանխատեսում եմ «սատկացնելու» սիրահարների «բա որ նրանք» շարքից հակափաստարկները: Դա հասարակության մեջ ագրեսիան եւ դաժանությունը բազմապատկելու ուղիղ ճանապարհ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031