Լրահոս
Օրվա լրահոսը

Ում գրպանին էր հարվածել ոչ հաճելի նորությունը

Հոկտեմբեր 18,2019 12:30

Հուշարձանների տարածքներում տոմսային տնտեսությունների գործարկումը վերջին օրերի ընթացքում քննարկումների առիթ տվեց սոցիալական ցանցերում։ Դժգոհություն հայտնողները հիմնականում տուրօպերատորներն էին, ում գրպանին  հարվածել էր ոչ հաճելի նորությունը։ Սակայն որոշում կայացնող կառույցի պատասխանատուները  հիմնավորում են՝  պետք է զարգացնել  հուշարձանի  ենթակառուցվածքները, եկամուտն էլ ուղղել  հուշարձանի պահպանությանը։  Հուշարձանների, դրանց պահպանության ոլորտում առկա խնդիրների շուրջ զրուցել ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ։

– Պարոն Թարվերդյան, վերջերս հանրային քննարկման առարկա է դարձել «Ամբերդում» եւ «Լոռի Բերդում» տոմսերի վաճառքի փաստը: Կխնդրեի ներկայացնեիք, թե ինչով էր պայմանավորված նշածս վայրերում տոմսարկղերի գործարկումը:

–  Այո, մենք էլ տեղեկատվության տարբեր հարթակներում հետեւում ենք հանրային քննարկումների ընթացքին եւ օրինաչափ ենք համարում, որ հանրության տարբեր շրջաններում նման քննարկումներ անպայման պետք է լինեին, այլ է խնդիրը, թե այդ քննարկումները ինչ բնույթ են կրում:

Անդրադառնամ ձեր հարցին, թե ինչով է պայմանավորված տոմսային տնտեսությունների ներդրումը արգելոցների տարածքներում: Նախ նշեմ, որ մեր կազմակերպության տնօրինությամբ գործող 13 արգելոցներից միայն 3-ում էր գործում տոմսային տնտեսություն` «Գառնի», «Զվարթնոց» եւ «Մեծամոր» մասնաճյուղերում: Այս հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ մեր կազմակերպության համար ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջանում այն պարագայում, երբ պլանավորում ենք պատշաճ տեսքի բերել մեր կազմակերպությանն ամրակցված մյուս արգելոցների տարածքները: Պատկերացրեք՝  երեք  մասնաճյուղերը պետք է հոգան իրենց եւ մնացած 10 արգելոցների խնդիրները, այն դեպքում, երբ օրենսդրորեն թույլատրված է, անգամ կարող եմ ասել՝ պարտադրված է, որ ամեն արգելոց-թանգարան ապահովի ֆինանսական մուտքեր, որպեսզի արգելոցների տարածքները  բերված լինեն պատշաճ եւ ներկայանալի տեսքի:

– Այսինքն, հետագայում նախատեսվում են նաեւ Ձեր նշած բոլոր արգելոցներում:

– Այո, «Ամբերդ»-ից եւ «Լոռի Բերդ»-ից հետո առաջնահերթ նախատեսում ենք «Զորաց Քարեր»-ում, «Բջնի»-ում  եւ  «Ագարակ»-ում:

– Իսկ ի՞նչ սկզբունքով եք որոշում առաջնահերթությունը:

– Այցելուների հոսքերի քանակով, որը պարզվում է մեր ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով: Մենք առաջնահերթությունը հիմնավորում ենք, թե որքանով է տվյալ արգելոցը պահանջված եւ հիմնվելով այդ ցուցանիշի  վրա՝ տոմսային տնտեսություն հիմնելու ծախսերը ուղղում ենք այն վայրում, որտեղից նկատվում է առավելագույն եկամտի հնարավորություն: Իսկ եթե մշտադիտարկման արդյունքները լինեն չգոհացնող, ապա այդ դեպքում դրանք մնալու են անվճար այնքան ժամանակ, մինչեւ ՊՈԱԿ-ը կբարելավի այդ տարածքների գրավչությունը, կսկսեն ավելանալ այցելուների հոսքերը, կամրապնդվեն այդ հոսքերը, դրանից հետո կհիմնվեն տոմսային տնտեսություններ:

Չպետք է մոռանալ, որ արգելոցները համազգային նյութական ժառանգություն լինելուց բացի, իրենցից ներկայացնում են նաեւ շատ բարդ տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կարիք ունեն տնտեսագիտական եւ մարքեթինգային լուծումների, որպեսզի ապահովեն դինամիկ զարգացում: Ինչու բարդ, որովհետեւ ի տարբերություն առեւտրային ձեռնարկությունների, այստեղ պետք  է մեծ ուշադրություն հատկացվի տարածքների պատմամշակութային անխաթարությանը, ինչը շատ դեպքերում հակադրությունների մեջ է մտնում մարքեթինգային շատ գրավիչ լուծումներ ընդունելիս:

– Պարոն Թարվերդյան, Դուք էլ նշեցիք, որ հետեւում եք հանրային կարծիքին` կապված «Ամբերդում» եւ «Լոռի Բերդում» տոմսավաճառության հետ  եւ բնականաբար՝ տեղյակ եք, որ այս փաստը բացասաբար է ընդունվում հանրության կողմից, ո՞րն է լուծումը:

– Չեմ կարծում, որ ողջ հանրության կողմից բացասաբար է ընդունվում, քանի որ հանրության որոշակի խմբեր ընդունում են ըմբռնումով, որոշ հատվածի համար միեւնույն է, իսկ որոշ հատված էլ ընդունում է դժգոհությամբ:

Դժգոհությամբ ընդունողների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում զբոսաշրջային օպերատորները եւ անհատ էքսկուրսավարները, այսինքն՝ խնդրի կոմերցիոն կողմին առնչվողները: Անհատ այցելուի համար, ով տարվա մեջ մեկ-երկու անգամ է այցելում նման վայրեր, տոմսային տնտեսության ներդրումը խնդիր չէ, իսկ տուրօպերատորների եւ էքսկուրսավարների համար խնդիր է: Դժգոհությունների հիմնական թեման այն է, թե ՊՈԱԿ-ը ինչու շուտ տեղյակ չի պահել իրենց տոմսային տնտեսության գործարկման մասին: Նախ ասեմ, որ մենք տեղյակ պահել ենք. բոլոր այն տուրօպերատորների հետ, որ մենք աշխատում ենք, անցյալ տարվանից ասել ենք,  նկատի ունենան, որ 2019-ից սկսած բոլոր արգելոցներն անցնելու են տոմսային տնտեսության: Այլ է խնդիրը, երբ շատերը չեն ուզել դա լսել:

Երկրորդ. երբ տուրօպերատորներն ասում են, որ «այս քայլով մեզ դնում եք ֆինանսական ծանր վիճակում», ապա դրան էլ կա պատասխան. մենք քաջատեղյակ ենք, որ թե «Ամբերդում», թե մյուս վայրերում անվճար եղած ժամանակ, միեւնույն է, օտարերկրյա զբոսաշրջիկը գումար է վճարել տուրօպերատորին կամ անհատ էքսկուրսավարներին: Այս փաստը մենք ճշտել ենք ե՛ւ զբոսաշրջիկներից, ե՛ւ վարորդներից, ե՛ւ հենց որոշ տուրօպերատորներից եւ էքսկուրսավարներից:

Ոչ մի կերպ չեմ հավատա, որ որեւէ էքսկուրսավար հայրենասիրական մղումներով կամ մեր երկրի զբոսաշրջությունը խթանելու վեհ գիտակցությամբ, օտարերկրյա զբոսաշրջիկին անվճար մինչ այժմ ուղեկցել է «Ամբերդ» կամ «Լոռի Բերդ»:

Բերեմ մի թարմ օրինակ. սեպտեմբերի 29-ին ՊՄՊ ՊՈԱԿ-ի կողմից «Լոռի Բերդում» կազմակերպված «Բագրատունյաց ժառանգություն» միջոցառման ժամանակ, որի մուտքն անվճար էր, զբոսաշրջիկի հետ զրույցից իմացանք, որ տուրօպերատորին վճարել է  10.000 դրամ` անվճար միջոցառմանը մասնակցելու համար:

Ընդհանուր առմամբ, եթե կա մեկը, որ պետք է դժգոհի այս բնագավառի փոխհարաբերոթյուններից, ապա դա պետք է մենք լինենք, քանի որ հանդուրժում ենք տաքսիստ-էքսկուրսավարների անգրագետ էքսկուրսիաներին եւ չենք կարող որեւէ զսպող միջոց կիրառել, քանի որ դաշտը չունի որեւէ իրավական կարգավորում, պետք է դժգոհենք տուրօպերատորներից, որոնք մեր կազմակերպած մշակութային որակյալ միջոցառումներին գերադասում են զբոսաշրջիկներով չապահովել, սակայն դժգոհում են, երբ ընդդիմանում ենք, որ արգելոցներում չենք թույլատրում անհայտ ծագման երգ ու պարի խմբերի ելույթները զբոսաշրջիկների առաջ: Առաջին հայացքից թվում է, թե աննշան հարց եմ շոշափում, բայց երբ խորանանք այն մտքի վրա, թե այլազգի զբոսաշրջիկը ինչ կարծիք է կազմում ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ մասին, ապա հասկանում ենք, որ անորակ մշակութային պրոդուկտ չի կարելի մատուցել օտարերկրյա հյուրին: Հասկանում եմ զբոսաշրջության բնագավառի աշխատողների վրդովմունքը. շահույթի չափի վրա ենք ազդում, բայց մենք էլ չենք պատրաստվում իրենց շահույթի հաշվին հայտնվենք ոչ շահեկան վիճակում:

– Պարոն Թարվերդյան, բայց հանրության շրջանում կա թերահավատություն, որ տոմսարկղերի գործարկումից, կամ տոմսերի թանկացումից ստացված ֆինանսական միջոցները նպատակային չեն ծախսվում:

– Հարգում եմ բազմակարծությունը, բայց պարտավոր եմ չհիմնավորված կարծիքներին տալ պատասխաններ: Նախ պետք է ասեմ, որ մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ պետական ցանկացած ֆինանսական միջոց գտնվում է բազմաստիճան հսկողության ներքո եւ եթե նման փաստ լինի, ապա դա հեշտությամբ կարձանագրվի պատկան մարմինների կողմից:

Այս հարցը լավ առիթ է եւս մեկ անգամ ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ են արվում մեր ՊՈԱԿ-ի կողմից, ինչը կարծում եմ՝ թերահավատների կասկածները որոշ չափով կփարատի: «Լոռի Բերդում» չունենալով տոմսային տնտեսություն, այսինքն՝ մեր մյուս արգելոցներից ստացված եկամուտների հաշվին «Լոռի Բերդում» լուծել ենք էներգամատակարարման հարցը, կառուցապատել ենք դեռ խորհրդային ժամանակներից գողացված ու ոչնչացված ցանկապատը, ինչի հրամայականը դարձավ անցյալ տարվա դժբախտ պատահարը: Այսօր մենք ունենք այցելուների համար լիակատար անվտանգ տեսարժան վայր:

«Գառնի»-ում մշտապես իրականացվում են կանաչապատման, ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքներ, օրինակ` ճեմուղու սալապատում, նախատեսում ենք արգելոցի տարածքում անկանոն դեն նետված բեկորների պահպանության նպատակով պատվանդանների տեղադրում, ինչը կերկարացնի հնագիտական նմուշների կյանքը: Նախատեսում ենք վերանորոգել սանհանգույցը,

«Զվարթնոց» ու «Մեծամոր» արգելոց-թանգարանների տարածքներում գործող թանգարանները հագեցրել ենք օդափոխության սարքերով եւ տեսահսկման սարքավորումներով՝  միաժամանակ ապահովելով կոմֆորտ այցելուների համար եւ թանգարանների ֆոնդերում պահվող մեծաքանակ նյութերի անվտանգությունը:

Նախատեսում ենք վերանորոգել բոլոր թանգարանների սանհանգույցները:

ՊՈԱԿ-ը ֆինանսավորում է նաեւ հնագիտական պեղումներ եւ դրանց արդյունքների հրատարակումը, ինչը հանրահռչակման մի ուղղություն է, որով մեր ազգային նյութական ժառանգությունը հասանելի է դառնում համաշխարհային գիտական հարթակներին:

Մեր պատմամշակութային հարստությունը հանրահռչակելու նպատակով կազմակերպում ենք մշակութային միջոցառումներ, որոնք ոչ միայն մշակութային արժեքն են հանրահռչակում, այլ նաեւ Հայաստանի այն տարածաշրջանը, որտեղ այդ հարստությունը գտնվում է. վերջերս կազմակերպեցինք «Գլաձորի» համալսարանի 735 ամյակ» միջոցառումը Եղեգնաձորում եւ «Բագրատունյաց ժառանգության 999 ամյակը»՝ «Լոռի Բերդում»: Վերջապես ՊՄՊ ՊՈԱԿ-ը նաեւ իր գործունեության արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների հաշվին իրականացնում է ավելի քան 19.000 հուշարձանի պահպանություն, հանրահռչակում, գիտահետազոտական ուսումնասիրություն: Վերը նշած աշխատանքներն արվում են այն ֆինանսական միջոցներով, որոնք թերահավատների կարծիքով նպատակային չեն օգտագործվում:

Հարցազրույցը վարեց

Նարինե ՍԱՀԱԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031