Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանի հնչողությամբ վայելեցինք օսկարակիր ֆիլմերից հայտնի շակուհաչիի հնչյունները

Հոկտեմբեր 18,2019 13:00

Հայաստանում է աշխարհում շակուհաչիի ամենահայտնի կատարողներից Իրիե Յոսուկեն

Օրերս ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հյուրընկալել էր ճապոնացի երաժիշտ, շակուհաչիի վարպետ կատարող եւ հեղինակ Իրիե Յոսուկեին։ Շակուհաչի նվագարանին առաջին անգամ ենք ծանոթանում, հետեւաբար խնդրեցինք արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանին նախ ներկայացնել այն։ «Շակուհաչի բառացիորեն նշականում է 1 շակու եւ 8 հաչի, որը  համարժեք է  54,5 սմ երկարությանը։ Այս փողային նվագարանը պատրաստված  է բամբուկի եղեգնից։ Հատկանշական է, որ այն ծագումով Չինաստանից է, սակայն VII դարից ի վեր շակուհաչին տեղափոխվել է Ճապոնիա եւ այսօր մեծ տարածում ունի ոչ միայն Հեռավոր Արեւելքում, այլեւ աշխարհում։ Իսկ սկզբնական շրջանում այն կապվում էր ավանդական ծիսական մշակույթի հետ, մասնավորապես՝ Ձեն Բուդդիզմի ուղղություններից մեկի ծիսակարգի, որն ուղեկցվում էր մեդիտատիվ երաժշտությամբ։ Այս ուղղությամբ հետեւորդ ուխտագնացները քայլում էին շակուհաչիով հնչող երաժշտության հնչյունների ներքո։ Ընդ որում, երաժիշտները իրենց դեմքն ու գլուխն ամբողջովին թաքցնում էին ծղոտից հյուսված  կողովներում»,- ներկայացրեց տիկին Մովսիսյանը։

Համակարծիք լինելով «Առավոտի» դիտարկմանը, թե շակուհաչին հիշեցնում է մեր ավանդական փողային գործիքները, մեր զրուցակիցն ասաց. «Շնորհիվ իր թավշյա յուրահատուկ տեմբրի, նվագարանը վաղուց գրավել է արվեստագետների ուշադրությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում էլ այն լայնորեն կիրառվում է ֆիլմարտադրության մեջ, օրինակ, այնպիսի օսկարակիր ֆիլմերում, ինչպիսիք են «Գեյշայի օրագիրը», «Խիզախ սիրտը», «Վերջին սամուրայը» եւ այլն։ Շակուհաչին գրավել է նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտներին, որոնք նվագարանը ընդգրկել են իրենց սիմֆոնիկ ու կամերային տարբեր կազմերի նվագախմբերի համար գրված ստեղծագործություններում։ Մեծ տարածում ունեն ավանդական շակուհաչիի եւ էլեկտրոնային երաժշտության համատեղումները։ Նվագարանին հանդիպում ենք ճապոնացի անվանի կոմպոզիտոր Տորո Տակիմիցուի ստեղծագործություններում»։

Պրոռեկտորը  ներկայացրեց նաեւ շակուհաչի վարպետ կատարող եւ հեղինակ Իրիե Յոսուկեին։ Երաժիշտը ավարտել է Տոկիոյի Երաժշտության եւ դրամայի քոլեջը, ստացել է շակուհաչիի վարպետի կոչում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Իսկ նվագացանկում են  ոչ միայն ավանդական, այլեւ իր հեղինակած ստեղծագործությունները։ Նրան տարբեր երկրներում, Ճապոնիայի դեսպանատների միջնորդությամբ, հրավիրում են մասնակցելու կառավարական ընդունելություններին եւս, այդ թվում՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի բացման, ՄԱԿ-ի գագաթաժողովի, Հռոմի պապի ընդունելության արարողություններին եւ այլն։

Ի դեպ, երեւանյան համերգից առաջ Իրիե Յոսուկեն հանդես է եկել Գյումրիում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031