Գարրի Գրիգորյանը՝ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը մեղադրվել էր կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու համար: Նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:
2019 թվականի մայիսի 30-ի մարզի դատավոր Ս.Գզոգյանի դատավճռով վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում` 5 տարի 5 ամիս 28 օր ժամկետով՝ զրկելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով:
Դատարանը, սակայն, կիրառել էր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին, եւ սահմանել էր փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով:
Ամբաստանյալի վրա դրվել էր պարտավորություն` փորձաշրջանի ընթացքում առանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության չփոխելու մշտական բնակության վայրը՝ փորձաշրջանի կրման սկիզբը հաշվելով համապատասխան ստորաբաժանումում հաշվառման վերցնելու պահից:
Կարդացեք նաև
Դատարանը «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերի հիման վրա Գարրի Գրիգորյանին ազատել է նրա նկատմամբ նշանակված հիմնական պատժից` ազատազրկումից:
Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացրել է:
Դատավճիռը բողոքարկվում է վերաքննիչ քրեական դատարանում, կողմը պահանջում է չկիրառել «պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժը»:
2018 թվականի մայիսի 10-ի որոշմամբ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ճանաչվել էր որպես տուժող, նույն օրվա մեկ այլ որոշմամբ էլ գործակալության տնօրեն Վլադիմիր Մանուկյանն էլ տուժողի ներկայացուցիչ:
Ապա 2018 թվականի հունիսի 19-ի որոշմամբ դադարեցվել է Վլադիմիր Մանուկյանի՝ որպես տուժողի ներկայացուցիչ, դատավարական կարգավիճակը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն էլ ճանաչվել է որպես տուժող, իսկ նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի փորձաքննության եւ դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Դավթյանը՝ որպես տուժողի ներկայացուցիչ:
Հինգ հատորանոց քրեական գործն ընդգրկել էր 2014 թվականի հոկտեմբերի 19-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածը:
Լոռու մարզպետարանը պարտավորվել է սերմացուի օգտագործումն իրականացնել համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության» 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու՝ «Սերմերի ձեռքբերումն ու Հայաստանի Հանրապետություն ներկրումը թույլատրելու մասին» N 1062-Ն որոշման համաձայն, այն է՝ մարզին հատկացված առաջին վերարտադրության սերմացուների հաստատված չափաքանակին համապատասխան 1:2 փոխհարաբերությամբ սերմացուները հատկացնել շահառուներին՝ առավելագույնը 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով եւ համաձայն N 2 հավելվածի՝ 1 կիլոգրամի համար 1:2 փոխհարաբերությամբ մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 1-ը հետ վերադարձնել 160 ՀՀ դրամ:
Պայմանագրի շրջանակներում Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գարրի Գրիգորյանը, ըստ գործի նյութերի, Լոռու մարզպետարան էր ներկայացրել 30.000 կգ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի պահանջ եւ Լոռու մարզպետարանի հետ 2015 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված փոխառության պայմանագրի հիման վրա համապատասխան ստացականով անձամբ ստացել է համայնքի շահառուների համար նախատեսված 4.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 30.000 կգ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գոյացած պարտքը: Սակայն իր կողմից ստացած 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300 կգ աշնանացան ցորենի սերմացուն հողօգտագործողներին չի հատկացվել, այլ համայնքապետն օգտագործել էր սեփական կարիքները հոգալու եւ իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով:
Նա համայնքապետարանի աշխատակցուհի Վ. Հարությունյանի միջոցով կազմել է Ձյունաշող համայնքի ցորենի սերմացու ստացողների կեղծ ցուցակներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի հողօգտագործողների կողմից աշնանացան ցորենի սերմացու ստանալու վերաբերյալ, ապա խնդրել է կնոջը, նմանեցնելու եղանակով կեղծել ցանկերում ներառված շահառուների ստորագրությունները: Այդ ցանկերը հաստատվել են իր՝ Լոռու Ձյունաշողի գյուղապետարանի կնիքով, ներկայացվել Լոռու մարզպետարան:
2017 թվականին կեղծ ցանկերը շրջանառության մեջ էին դարձյալ դրվել, ներկայացվել Լոռու մարզպետարան, որոնց հիման վրա 2017 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության 1585-Ն որոշմամբ պարտքը ներելու միջոցով դադարեցվել է Ձյունաշող համայնքի 4.800.000 ՀՀ դրամի պարտավորությունները:
Այս գործով քրեական հետապնդում է իրականացվել համայնքապետի կնոջ նկատմամբ, սակայն նրա մահվան հիմքով դադարեցվել էր քրեական հետապնդումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2019