Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի սադրանքները շարունակվում են

Հոկտեմբեր 18,2019 12:00

Պաշտոնական Բաքուն մտել է Հայաստանի իշխանություններին հրապարակային սպառնալու ռեժիմ

Հոկտեմբերի 15-ին տարածաշրջան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նրանց հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: «Կողմերի միջեւ վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարեւորությունը: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը եւ դրան ուղղված քայլերին»- հայտնում էին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էր ընդունել միջնորդներին։ ԱԳՆ-ի լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած քննարկումներին եւ այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: «Կարեւորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, եւ այս համատեքստում Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը»,- ասվում էր ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համանախագահության ձեւաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

Որոշակի դադարից հետո նույն օրը Երեւանում առանձնազրույց ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահի պաշտոնական կայքէջը հայտնում էր. «Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»։ Իսկ ՀՀ վարչապետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում էր Նիկոլ Փաշինյանի խոսքը. «Կարեւոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները եւ շփումները: Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետեւ մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք եւ անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրվա քննարկումն էլ, կարծում եմ, կարեւոր է՝ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները եւ տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով: Այնպես որ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»:

Բակո Սահակյանն էլ իր հերթին ասել է. «Ինչպես կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, նշանավոր իրադարձություններ, եւ այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ: Եվ այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները եւ նախանշում հաջորդ մեր առաջադրանքները: Շատ ուրախ եմ հանդիպման համար»: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է նաեւ, որ՝ «Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի զարգացմանը եւ ամրապնդմանը վերաբերող հարցեր»։
Մինչ միջնորդները տարածաշրջանում են, ըստ երեւույթին, փորձում են Հայաստան-Ադրբեջան հերթական հանդիպումը կազմակերպել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է վերջին շաբաթների որդեգրած սադրիչ, հարձակողական բառապաշարով Հայաստանին եւ նրա իշխանություններին քննադատել:

«Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,- Բաքվում Թյուրքական խորհրդի նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար, – նույն նիստում չի մոռացել խոստանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով, – ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետեւանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»:

Նկատենք, որ Բաքվում անցկացվեց Թյուրքական խորհրդի յոթերորդ գագաթաժողովը: Այն նվիրված է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 10-ամյակին: Համաժողովին մասնակցելու համար Բաքու էին ժամանել կազմակերպության անդամ երկրների՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաեւ Հունգարիայի վարչապետը, որի ղեկավարած երկիրն ունի դիտորդի կարգավիճակ։
Խորհրդի ստեղծման մասին նախիջեւանյան համաձայնագիրը 2009-ին ստորագրել էին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները: Այդ թեմայով ելույթ ունենալիս՝ Ալիեւը նշել է. «Ինչպես գիտեք, Նախիջեւանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջեւ պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Ապա` նա հավելել է, թե՝ «ադրբեջանական տարածքներում Հայաստանը ոչնչացնում է մզկիթները», եւ այդ պատճառով՝ «Հայաստանը չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ»։

Հայտնի է, որ Ալիեւն ու Էրդողանը բանակցություններում քննարկել են նաեւ Ղարաբաղի թեման եւ ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Պաշտոնական Բաքուն մտել է Հայաստանին հրապարակային սպառնալու ռեժիմ: Վստահաբար, Ադրբեջանի նախագահը փորձում է Հայաստան-Ադրբեջան առաջիկա հանդիպումներից առաջ Հայաստանին ճնշելու փորձեր անել: Հայկական կողմերը առավել քան զգուշավորություն պետք է ցուցաբերեն՝ կոնկրետ աշխատանքներ իրականացնելով, նախեւառաջ, միջնորդ երկրների, ինչպես նաեւ՝ Հայաստանի գործընկեր պետությունների հետ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031