ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նա այդ պաշտոնում փոխարինում է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Օրենսդիր գործունեությանս զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում առկա խնդիրներն ու բացերը: Արդեն երկու տասնամյակից ավելի շախմատն ինձ համար պարզապես կենսաձև է, անընդհատ բացահայտվող մի խորը աշխարհ, որտեղ չոր հաշվարկը ոչինչ է, եթե հիմքում չկա ստեղծագործելու, ազնիվ պայքարի ու մրցակցի հանդեպ հարգանքի ձգտումը», – Facebook-ի իր էջում գրել է Հայրապետյանը:
Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանից «168 ժամը» փորձել է ճշտել, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանը հրավիրվել ու մասնակցել է ֆեդերացիայի տվյալ նիստին, ինչին ի պատասխան Գևորգյանը նշեց, որ ընդհանրապես տեղեկացված չեն եղել այդ նիստի անցկացման մասին։
«Մենք ևս լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունից ենք տեղեկացել, որ նման նիստ է տեղի ունեցել։ Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը չէր կարող ներկա գտնվել մի նիստի, որի հրավիրման մասին տեղեկանում ենք այն անցկացնելուց հետո։ Իսկ թե ինչ և ինչպես է տեղի ունեցել, որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել», – եզրափակել է Արթուր Գևորգյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ