Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի պատմություններ լսել եմ հեռավոր ստալինյան 37թ․ ժամանակների մասին», «Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն…»

Հոկտեմբեր 17,2019 23:55

Մի շարք գործիչներ, իրավապաշտպաններ անդրադարձել են այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝  Վարդան Թովմասյանի, Դարակերտում գտնվող առանձնատուն՝ ԱԱԾ աշխատակիցների այցելությանը եւ այն տեղեկություններին, որ ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի աղջիկները:

ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյան

https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10159039469088378

Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. Հուշեր էլ արթնացրեց։ 1999 հունիսին ինձ հեռացրեցին պետական համակարգից, քանի որ հայրիկիս հեռացրել էին ինչ-ինչ քաղաքական զարգացումներով: Երբևէ չեմ փոշմանել ճակատագրի, կյանքի այդ հարվածից, բայց անձնապես գիտեմ այդ զգացմունքը։ Կյանքում շատ բան անցողիկ է, մարդը կարողանում է դիմանալ հազարավոր բաների։ Բայց դուրս եկեք ընտանիքի ու մարդկային դաշտից։ Ամեն մեկի հետ առնչվեք իր մասով։

Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն։ Ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին։

Հուսամ, որ էլ ոչ ոք չի ապրի իմ 1999-ի ապրումները։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյան

https://www.facebook.com/photo.php?fbid=10220362904486879&set=a.10201813940734378&type=3&theater

Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում։ Փաստորեն ճիշտ նույն իրավական հիմքով՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն ՍԴ դատավոր ընտրված Հրայր Թովմասյանի, այլև 6-րդ գումարման ԱԺ-ի ևս չորս պատգամավորի լիազորություններ։ Նրանք չորսն էլ դարձել են կառավարության անդամ, որպիսի կարգավիճակը ճիշտ նույնքան է անհամատեղելի Պատգամավորի կարգավիճակի հետ, որքան ՍԴ անդամի կարգավիճակը։

Ու այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ազնվորեն համոզմունք ունենալ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չէ, որ մեր իրավապահների վարքագիծը քաղաքական հիմքով խտրականություն չէ, որ այս ամենը ուղղակի զավեշտալի չէ։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=705108266655195&id=100014680840236

ՉԷԻ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ

Հաստատվեց․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն ու հայրը հրավիրվել են КГБ, ներեցեք ԱԱԾ «զրույցի»։ Միայն օրենքի շրջանակներում գործող, ժողովրդի իրավապահ մարմինները ուսումնասիրում են Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքը։ Հավանաբար նրանց սուր, մասնագիտական աչքից չեն վրիպի այն հսկայական չարաշահումները, որ կատարվել է տանիքի կառուցման ժամանակ։ Եվ , հավանաբար շուտով կլսենք ԱԱԾ հաղորդագրությունը․ « Հրայր Թովմասյանը․․․․առերևույթ հանցագործություն ․․․և այլն»

Այպիսի պատմություններ երեխա ժամանակ լսել եմ իմ ծնողներից հեռավոր ստալինյան 37թ․ ժամանակների մասին և չէի պատկերացնի , որ 21-րդ դարի Հայաստանում ինքս դրան ականատես կլինեմ։ Նման անհեթեթ պատմություններ էին ներկայացվում և ժողովուրդը հավատում էր․ «Ա՛յ, ա՛յ, ա՛յ։ Նստեցնել, գնդակահարել ժողովրդի թշնամիներին»։ Առավել «լոյալները»․ «Դե՛․ մի բան արած կլինի, հո՛ հենց էնպես չէին բռնի»։ Իհարկե , 1937 թ․ բոլշևիկյան տեռորն, իր մասշտաբներով չես համեմատի 2019թ․ «ժողովրդավարական» Հայաստանի գավառական տեռորի հետ։ Բայց մտածողությունն ու մեթոդները նույնն են։ Եվ ովքեր ողջունում են սույն գործողությունները կամ լռում են պատասխանատու են Հայաստանի ապագայի համար, անկախ կուսակցական պատկանելիությունից, Հրայր Թովմասյանի նկատմամբ վերաբերմունքից։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյան

https://www.facebook.com/sseyranyan/posts/2599302313426316

Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է: Նրանց, ովքեր դա արդարացնում են, ասելու բան չունեմ՝ նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: Իսկ նրանց, ովքեր նպատակահարմար են գտնում լռել՝ « շառից ու փորձանքից հեռու » բանաձևով, ասեմ՝ ձեր լռությամբ դուք ոչ թե հեռացնում, այլ հակառակը՝ մոտեցնում եք:

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյան

https://www.facebook.com/karen.bekaryan/posts/401260577466471

Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել

Հարգարժան հայ ժողովուրդ,

Հարգարժան առիթ, անառիթ կարծիք արտահայտել սիրող տիկնայք և պարոնայք,

Հարգարժան կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ,

Հարգարժան քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ,

Հարգարժան ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորին,

Հարգարժան ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսի,

Հարգարժան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովա,

Հարգարժան ԵՄ և ԵԽ անդամ երկրների դեսպաններ,

Հարգարժան միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ

Բոլորիդ աչքի առաջ և լռության ներքո, իշխանությունները հատում են քաղաքակրթության, իրավունքի, օրենքի և բարոյականության բոլոր կարմիր գծերը:

ՍԴ և ՍԴ նախագահի վրա քաղաքական ճնշումների շարունակական և հետևողական ցինիզմի այս փուլում իրենք իրենց էլ գերազանցեցին՝ ԱԱԾ «հրավիրելով» ՍԴ նախագահի թոշակառու 75-ամյա հորը և դուստրերին:

Գիտակցու՞մ եք, որ ձեր լռությունը խրախուսել է նշանակում:

Գիտակցու՞մ եք, որ չեք կարող լռելով հիմա, խոսել հետո՝ երբ այս ամենը իրականացնողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Գիտակցու՞մ եք, որ ձեր անգործությամբ ուղղակի կամ անուղղակի ձևով հարված եք հասցնում մեր պետության կայունությանը, շահերին և զարգացման հեռանկարին:

Եթե չեք գիտակցում՝ սթափվեք, եթե գիտակցաբար եք լռում՝ կիսում եք պատասխանատվությունը և հետագայում դրանից խուսափել չի ստացվելու:

Նաև հորդոր վարչապետի թիմակիցներին, խորհրդատուներին, օգնականներին

Միանգամից նշեմ, որ հորդորն ուղղված է այն մարդկանց, ովքեր իրապես ունեն գոնե նվազագույն սրտացավություն վարչապետի նկատմամբ (եթե իհարկե դեռ կան այդպիսիք) և առնվազն տարրական գիտելիքներ կամ պատկերացում իրավական հարցերի վերաբերյալ: Նաև նրանց, ովքեր իրենց և իրենց երեխաների ապագան տեսնում են Հայաստանում և վստահ չեն, որ վարչապետն ու նրա ընտանիքն ինչ-ինչ զարգացումների արդյունքում՝ մեծ արագությամբ չեն լքելու Հայաստանը:

Բացատրեք ձեր «ընտրյալին» (անգամ եթե մինչ այդ բազմիցս փորձել ու արդյունք չեք ունեցել՝ կրկին փորձեք, որ հետո ինքներդ Ձեզ չմեղադրեք հնարավորը չանելու համար), որ

  1. գրված ու չգրված օրենքների ոտնահարումը,
  2. պետությունն ու պետականությունը հնարավոր ու անհնար փորձությունների ենթարկելը,
  3. մարդկային համակեցության նորմերի նկատմամբ արհամարհանքն ու հնարավոր բոլոր «կարմիր գծերի» տրորումը,
  4. հանրության հետևողական պառակտումն ու թշնամանքի սերմանումը,
  5. սեփական երկրի, հանրության, թիմակիցների հանդեպ պատասխանատվության զգացողության բացակայությունը,
  6. ստի և կեղծիքի վրա հիմնված կործանարար pr-ը և դրա արդյունքում՝ հանության բարոյալքմանը նպաստելը,
  7. սեփական թիմում քավության նոխազներ գտնելն ու նշանակելը՝ անգամ չմտածելով պետական և հանրային շահերի մասին,
  8. հանրային վստահության ռեսուրսը սեփական եսին ծառայեցնելն ու մսխելը…

անհետևանք չեն մնալու:

Հետևանքների ցավը զգալու ենք բոլորս, բայց այս ամենի իրականացնողն ու նրա «զինվորները» պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, կրելով նաև՝ «արթնացած» հանրության հավաքական զայրույթն ու պարսավանքը…

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

https://www.facebook.com/khazhakyan/posts/1680438288756625

«Երբ նացիստները բռնում էին կոմունիստներին, ես լռում էի․ ես կոմունիստ չէի։

Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի․ ես սոցիալ-դեմոկրատ չէի։

Երբ նրանք բռնում էին արհմիության անդամներին, ես լռում էի․ ես արհմիության անդամ չէի։

Երբ նրանք եկան իմ հետևից որևէ մեկը չէր մնացել, որ պաշտպաներ ինձ»․․․

Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում․ այս անընդունելի գործողությունների շարքը, երբ ավարտվի այս անձանց նկատմամբ, շարունակվելո՞ւ են ավտորիտարիզմի այս դրսևորումները։

Հ․Գ․ այստեղ ոչ մեկն է նացիստ, ոչ մյուսը կոմունիստ, ոչ մեկին եմ պաշտպանում, ոչ մյուսին մեղադրում, պարզապես ուզում եմ հասկանալ այս գործողությունները հրահանգավորած անձինք հա՞շտ են իրենց որոշման հետ, թե՞ ասում են սա էլ ու վերջ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031