Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն այցելել է Հրայր Թովմասյանի հոր տուն. հետաքրքրվել՝ տանիքը երբ են նորոգել

Հոկտեմբեր 17,2019 21:35

Ինչպես հայտնի է, այսօր ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝  Վարդան Թովմասյանի Դարակերտում գտնվող առանձնատուն:

Լրագրողների հետ զրույցում Վարդան Թովմասյանը պատմել է, թե, մասնավորապես ինչ էր հետաքրքրում իրավապահներին:

Վարդան Թովմասյանը վստահեցրել է՝ ԱԱԾ աշխատակիցները որդու մասին հարցեր չեն տվել, բայց օրինակ հետաքրքրվել են՝ ո՞նց եք տունը կառուցել, ինչ միջոցներով եք տանիքը նորոգել:

«Էսօր ուղղակի կայքերով իմացա, որ ասացին՝ կանչել են ինձ եւ աղջիկներիս: Հարցրեցին՝ ո՞ր թվին եք կառուցել: Ասացի՝ 12-13 տարի առաջ է կռիշը վերանորոգել, բարեկամ մարդ է նորոգել: Իսկ բնակարանն էլ ես պետական աշխատանքի ժամանակ եմ ստացել: Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ»,-ասաց Թովմասյանը: Նա վստահեցրել է՝ խուզարկություն չի եղել, բայց ԱԱԾ աշխատակիցները մասնագետներ էին իրենց հետ տարել, պարզելու, թե տանիքը ե՞րբ է կառուցվել.«Ես թույլ եմ տվել ստուգեն, գրեցին, որ թույլ եմ տվել, բայց չստորագրեցի»:

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ԱԱԾ գործողություններին, Վարդան Թովմասյանը պատասխանել է.«Բոլորդ էլ հասկանում եք ինչն է պատճառը: Դե սա երեւի առիթ է, որ գան տեսնեն՝ ինչ դղյակներ կան, ինչ բաներ կան, իրենց նպատակը դա է»:

Վարդան Թովմասյանը հարցին՝ ի՞նչ նպատակ ունեն ԱԱԾ-ի այսօրվա գործողությունները, պատասխանել է.«Դուք ինձնից լավ գիտեք, ես չգիտեմ՝ էս խառնաշփոթն ինչի հետ է կապված»:

ԱԱԾ աշխատակիցները լրագրողներին հայտնել էին, որ տանիքի մասին չեն հետաքրքրվել, Թովմասյանն արձագանքել է.«Ինչ եղել է՝ դա եմ ասում»: Թովմասյանը նաեւ ասել է.«Ես բան չհասկացա իրենց արած գործից, եկան, տանիքում չափումներ արեցին։ Ես ասացի՝ եթե պետք է, փաստաբանիս հետ վաղը կգամ ձեզ մոտ, երեւի վաղը կգնամ՝ կստորագրեմ»:

Վարդան Թովմասյանը նաեւ նշել է՝վատառողջ է, վերջին 2 տարվա ընթացքում 3-4 վիրահատություն է տարել։ Նա նաեւ տեղեկացրել է, որ որդին՝ Հրայր Թովմասյանը շատ հաճախ չի այցելում այս տուն.«Ինքն այնքան զբաղված է, որ շուտ-շուտ չի գալիս, 15-20 օրը մեկ»:

Այսօր «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտարարել է.« Անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը եւ երկու դուստրերը»։

Հատուկ քննչական ծառայությունն էլ այսօր հայտարարել է.«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է ԱԱԾ հայտարարությունը՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց:

Սակայն հաշվի առնելով, որ տարբեր ԶԼՄ-ների ու դրանց ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հրապարակվել են Հ. Թովմասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ իրականացվելիք գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, ուստի, ընդառաջ գնալով բազմաթիվ լրագրողների՝ այդ կապակցությամբ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքին, հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու համար ծանուցագրով ՀՀ ԱԱԾ վարչական շենք են հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը և հայրը, ինչպես նաև նրա օգնականը: Ընդառաջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր ցանկությանը՝ բացատրությունը վերցվելու է նրա իսկ տանը, իսկ դուստրերի հետ, ըստ նրանց հետ ունեցած նախնական պայմանավորվածության՝ իրենց համար նախընտրելի օրն ու ժամին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ փաստաբանների ներկայությամբ:

Օգնականը բացատրություն տալու համար նշանակված ժամկետում չի ներկայացել, ինչը դեռևս չի գնահատվել անհարգելի պատճառով:

Հետագայում, ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031