Ես ԽՍՀՄ-ի մամուլի քարտուղարը չեմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ուկրաինայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարությունները: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն առանձին սուվերեն պետություններ են: Չեմ կարող գնահատական տալ այս կամ այն հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ-ի անունից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Վալդայ» ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի Արցախն իբրև թե ողջ աշխարհի կողմից «ճանաչված է» Ադրբեջանի անբաժան մաս:
Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ, ուստի չի կարող իմանալ՝ ինչ նկատի ուներ Ալիևը։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,-հավելել է նա:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, Զախարովան ասել է, որ իրենք ականատես են լինում արցախյան հիմնախնդրին վերաբերող քաղաքական տարբեր հայտարարությունների թե՛ Երևանի, թե՛ Բաքվի կողմից: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները հուզական տարբեր մակարդակներ, ինչպես նաև պատմական տարբեր բովանդակություն ունեն: «Մենք ելնում ենք բանակցային այն օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
«Մեր կողմից մենք միշտ կոչ ենք արել կառուցողական մոտեցում ցուցաբերել: Եվ կասկածել, որ նրանց նպատակը հենց դա է, ես չեմ կարող ու չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ցանկությունները»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Զախարովան ընդգծել է, որ կան համաձայնեցված փաստաթղթեր, օրակարգ՝ առաջ շարժվելու համար:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գտնվող հուշատախտակի շուրջ ծավալված աղմուկին: Հուշատախտակը տեղադրվել է դեռ 2012 թվականին և ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են դիմել դատախազություն՝ պահանջելով ապամոնտաժել այն հայկական եկեղեցու բակից: Զախարովան ասել է, որ ծանոթ չէ իրավիճակին և հավելել, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից:
«Եթե գլոբալ մոտեցում ցուցաբերենք այս խնդրին, կարծում եմ, որ պետք է վերադառնանք այսպես ասած պատմության ակունքներ: Այս դեպքում խնդրին գնահատականներ տվել ենք, ինչպես այս ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցներում… Մեր գնահատականն ակտուալ է առ այսօր»,-հավելել է Զախարովան:
https://www.youtube.com/watch?v=V2lniB-6nwM
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ