Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի. պատասխանողը պնդում է՝ չի զրպարտել. Հայցվորը վստահ է՝ փորձում են կոծկել իրենց անհիմն մեղադրանքը

Հոկտեմբեր 17,2019 20:45

Այսօր Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի նախնական դատական նիստն էր: ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը դիմել է դատարան, եւ խնդրում է դատարանի պարտավորեցնել Արման Բաբաջանյանին պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել, եւ պահանջում է 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

Aravot.am-ի հետ զրույցում Բաբաջանյանի փաստաբան Նորայր Նորիկյանն այսօրվա դատական նիստի վերաբերյալ ասաց, որ  ներկայացվել է հայցի առարկայի հիմքը, որի վերաբերյալ պատասխանող կողմը ճշգրտումներ եւ հարցադրումներ է արել, հստակեցրել են դիրքորոշումներ:

«Բնականաբար, մենք ամբողջությամբ առարկել ենք հայցապահանջը, գտել ենք այն առարկայազուրկ է, հստակեցրել ենք, որ հայցի փաստական հանգամանքները խեղաթյուրված են, եւ կոնտեքստից կտրված, չեն արտացոլում փաստացի տեղեկությունները կամ բովանդակային մասով այն, ինչ Բաբաջանյանը ներկայացրել է ԱԺ-ում իր ելույթում, դրանք հայցապահանջի հիմքում դրված հանգամանքները չեն արտացոլում, այլ տեղեկություններ են ներկայացված»,-ասաց փաստաբանը:

Ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո եւ մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որեւէ ձեւով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Նորայր Նորիկյանը դատարանում պնդել է՝ ԱԺ պատգամավորի խոսքերն հայցադիմում խեղաթյուրված են, իրականությանը չեն համապատասխանում. «Արման Բաբաջանյանը որեւէ մեկին զրպարտելու, գործարար համբավը արատավորելու նպատակ չի հետապնդել: Այդ ելույթի տեքստի համակողմանի վերլուծությունից հնարավոր չէ հանգել հետեւության, որ Արման Բաբաջանյանը որեւէ ձեւով ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք ակնհայտ զրպարտում են եւ արատավորում Խոսրով Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը: Այսօր հարցադրում ենք արել՝ կոնկրետ ո՞ր արտահայտությունը, բառը կամ միտքը կարող է զրպարտություն գնահատվել հայցվորի կողմից: Ընդգծել ենք, որ նշված համակարգերում թալանի մասին հիշատակումից վերցնել ու հանգել հետեւության, որ  Խոսրով Հարությունյանը իրականացրել է թալան՝ դա իր ընկալումն է: Իրենք հայցապահանջն այնպես են ներկայացրել, որ իբրեւ ասվել է, թե Հարությունյանն է թալանել այդ ոլորտը: Մինչդեռ Բաբաջանյանի ելույթը հնարավորություն չի տալիս գալ նման եզրակացության»:

Խոսրով Հարությունյանի համար պատասխանող կողմի դիրքորոշումները  համոզիչ չեն: Aravot.am-ի հետ զրույցում Հարությունյանն ասաց. «Մեր պահանջն է՝ ապացուցեք, որ դուք ճիշտ եք, փաստերով ապացուցեք, արդյոք Հարությունյանն ունեցե՞լ է  լիցենզիա: Բաբաջանյանի փաստաբանն ասել է՝ ձեզ նկատի չի ունեցել: Ես էլ հարցրել եմ՝ արդյոք սա նշանակում է, որ Բաբաջանյանը գտնում է, որ  ես այդ ամենի հետ կապ չունեմ՝ եթե նույնիսկ լիցենզիա ունեմ: Նա պատասխանեց՝ այո»:

Պատասխանող կողմի դիրքորոշմանը՝ «նշված համակարգերում թալանի մասին հիշատակումից վերցնել ու հանգել հետեւության, որ  Խոսրով Հարությունյանը իրականացրել է թալան՝ դա իր ընկալումն է», Հարությունյանը պատասխանեց.«Ըստ էության, պատասխանող կողմը հասկացել եւ գիտակցել է, որ իր մեղադրանքներն  անհիմն են եւ ակնհայտորեն դատարանում պարտվելու է, դիմում է ճամարտակությունների: Այսինքն,  փորձում է հարցը աղավաղելով պատասխանատվությունը դնել իմ ընկալումների վրա: Հայերենի տարրական ընկալումներ ունեցող որեւէ մեկը, կարող է արձանագրել, որ դա ակնհայտ զրպարտանք է, եւ նրանք փորձում են կոծկել իրենց անհիմն մեղադրանքը»:

Հարությունյանը վստահ է՝ ակնհայտորեն իր օրինակը բերելով՝ փաստագրում են այն, որ նախկինները օգտագործել են լիցենզավորման հնարավորությունները՝ ոլորտում խախտումների անելու համար.«Ինքս այդ մարդու նկատմամբ անձնավորված ոչինչ չունեմ: Իմ խնդիրն իմ կենսագրությունն անբիծ պահելն է: Նա պետք է ապացուցի եւ ներողություն խնդրի: Ինքը խուսափում է պատասխանատվությունից, մենք հաջորդ նիստին ավելի կոնկրետ փաստերով կապացուցենք, որն ակնհայտորեն խոսում է այն մասին, որ զրպարտում է ինձ»:

Հարությունյանը վստահեցրեց՝ ՀԷԿ չունի, ապա ավելացրեց. «Բերեք սեղանին դրեք լիցենզիայի թույլտվությունը եւ ես պատրաստ եմ ներողություն խնդրել: Ես ընդհանրապես այդ համակարգի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել»:

Դատավորն այսօր հարցրել է՝ արդյոք հաշտության եզրեր գտնելու հնարավորություն կա: Հարությունյանն այս առնչությամբ հիշեցրեց, որ ապրիլի 18-ին Բաբաջանյանի ելույթի օրը ինքը փորձել է կապ հաստատել պատգամավորի հետ, ապա խմբակցության ղեկավարին է դիմել, նույնիսկ ԱԺ նախագահին: Այսինքն, ինչպես ասաց Հարությունյանը, հաշտություն չի ստացվել, հերքում չի եղել:

Հաջորդ դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 27-ը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031