Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը

Հոկտեմբեր 17,2019 20:11

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն անաչառության վերաբերյալ կասկած է հարուցում:

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:

ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է  հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:

«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է, – «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:

«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև Վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:

«Վարչապետը նաև մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» և այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաև ՀՀ կառավարության կազմում: ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018թ. հունիսից և չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին և ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար»:

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031