Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պատմել Արշակ Կարապետյանը ԱԺ ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովին

Հոկտեմբեր 17,2019 18:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստում այսօր հանձնաժողովականները հարցեր էին ուղղում մինչև 2016 թվականը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա ազատվել է պաշտոնից։ Այժմ Արշակ Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։

Հանձնաժողովի նիստի ավարտից հետո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արշակ Կարապետյանը մինչ օրս չգիտե, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրեն ինչո՞ւ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ազատել աշխատանքից, հետո, նորից վերականգնել: Մինչ նիստի մեկնարկը, լրագրողները պարոն Կարապետյանից էին հետաքրքրվել այն ժամանակ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին: Նա հորդորել էր դիմել հանձնաժողովին: Հանձնաժողովի անդամների հետ զրույցում էլ պարոն Կարապետյանն ասել է, որ ինքն էլ տեղյակ չէ իր ազատման, ապա վերանշանակման պատճառներից, հորդորել է այդ հարցն ուղղել բարձրաստիճան, իրավասու պաշտոնյաներին, որոնց կհյուրընկալի հանձնաժողովը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հարցին՝ հետախուզությունն ինչպե՞ս է աշխատել, ի՞նչ թերացումներ են եղել, հայտնի եղե՞լ է, որ այդ գիշեր հարձակում է լինելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման»: Նա ասաց, որ ԶՈՒ բոլոր ծառայություններն աշխատել են այդ օրերին, այլ հարց, թե ո՞ր օղակն ինչպես է կարողացել իր խնդիրը լուծի:

Aravot.am-ի հարցին՝ հարձակումն անակնկալ չի եղել, փաստորեն, ինչի մասին այդ օրերին տեղեկություններ էին պտտվում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ հարցի պատասխանը ամբողջությամբ չի կարող հիմա տալ, բայց որոշ օղակներ կարող էին ավելի պատրաստված լինել:

Ավելի ուշ, Aravot.am-ի մյուս հարցին՝ ներքի՞ն օղակներում են թերացումները, թե՞ վերին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ներքեւի օղակներում հերոսապատումներ են կերտվել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Այսքան կատարված աշխատանքից հետո կա՞ տպավորություն, որ միտումնավոր բաներ են արվել՝ հարցին էլ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ միտումի մասին երբեք չի խոսի, քանի դեռ դրա փաստացի ապացույցներն իր ձեռքի տակ չի ունենա:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովին առաջարկել է, որպեսզի նիստերից մեկը՝ ամենակարեւորը, գումարեն մի տարածքում, որը կրում է ապրիլյան պատերազմում զոհված տղաներից մեկի անունը: Ո՞ր նիստն է լինելու ամենակարեւորը՝ դա կորոշի հանձնաժողովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031