«Կյանքս բաժանված է երկու հատվածի` մինչեւ 88-ը եւ դրանից հետո…Մայրս ամեն ինչ արել է, որ անհոգ ու լավ մեծանանք, ուսանողական տարիներ, հետո Անկախություն ու….եղբորիցս հետո ամեն ինչ փոխվեց…Եղբորս հետ է մանկությունս կապված…Դրա համար հիմա մի տեսակ պատ եմ դրել, ու մանկությունս չեմ հիշում…88-ից հետո կյանքը դարձավ հոգսաշատ, արդեն դու ապրում ես ոչ թե քեզ համար, այլ հանուն ընտանիքի եւ հանուն գործի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը: Նրա հետ զրույցը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո է:
Ծնողների մասին խոսելիս, տիկին Արզումանյանն ասում է, որ մայրը մեղմ էր, հավասարակշիռ, իսկ ինքն ու եղբայրը բռնկուն ու զգացմունքային տեսակով ավելի շատ հորն են նման` ականավոր գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեւակ Արզումանյանին: Հավելում է` գրքի հանդեպ սերը մայրն է ներարկել, մեծ գրադարան ունեին, ու մայրը միշտ նոր գրքեր էր բերում իրենց համար:
Մեր հարցին` Արզումանյան ազգանունը պարտավորեցնո՞ղ է, տիկին Արզումանյանն ասում է, որ այդ մտայնությամբ չի ապրել. «Երեւի չեք հավատա, բայց իմ կյանքում ամեն ինչ հանգամանքների բերումով է ստացվել»: Նշում է, որ աշխատել է Գերագույն խորհրդում, համալսարանի հրատարակչությունում, հանրագիտարանում, ապա ՝ բուհում. «Ու ոչ մի աշխատանք ինքս չեմ ընտրել…Եթե ինձ ժամանակին ասեին, որ երբեւէ վարչական աշխատանք եմ կատարելու, չէի հավատա…Հայրս էլ մտածում էր, որ ես շարունակելու եմ իր աշխատանքը, դասախոսելու եմ, գրելու եմ…Ինքը չէր հասկանում` ինչպե՞ս կարող է մարդ առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 6-7-ը նստել մի տեղում…Այո, վարչական աշխատանքում եղել են հաջողություններ, բայց դրանք անձնական հաջողություններ չեն…Պաշտոնն ինձ համար եղել է ծանր աշխատանք…»,-ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Լիլիթ Արզումանյանը նշում է, որ սկզբունքներ ունի, որոնցից ոչ մի գնով չի հրաժարվի: «Ինձ ոչ ոք չի կարող կաշառել, ընդ որում՝ ոչ միայն նյութական առումով…Ոչ ոք չի կարող ասել` այ, դու սա արա, ես էլ սա կանեմ… Ես երբեք ոչ մեկին վատություն չեմ անի, որովհետեւ գտնում եմ, որ դատավորը ես չեմ…Ուրիշի ոչ մի բանի վրա աչք չունեմ, եւ բարի եմ շատ, ինչը խոցելի է դարձնում երբեմն»,-նշում է մեր զրուցակիցը ու հավելում, որ երբեք չի ների դավաճանությունը: Ասում է` ինչպես կարող է ոգեւորվել անգամ ամենափոքր հաջողությունից, այդպես էլ` փլվել ամենափոքր անհաջողությունից: Երբեք չի կարող ներել դավաճանությունը:
Ընթերցանությունից էլ խոսեցինք: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը նշեց, որ օրերս է ավարտել Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Անընդհատ ինչ-որ բան ընթերցում է, երբեմն վերընթերցում. «Վերջերս նորից Խեչոյան էի կարդում, ցավում եմ, որ ժամանակս քիչ է կարդալու համար, ցավում եմ, որ չեմ կարողանում գրել… Ամեն առավոտ, որ արթնանում եմ, հեռախոսով լուրեր եմ կարդում…Դա ապրիլյան պատերազմից հետո մնացած անբուժելի հիվանդություն է…Ինձ մտահոգում է նաեւ համատարած չարությունը…Չէի պատկերացնում, որ այս աստիճան անմիաբան եւ վայրկյանի հույզին տրվող ժողովուրդ ենք, մինչդեռ միշտ հավատացել եմ, որ այս ազգը երբեք չի պարտվելու»:
Լիլիթ Արզումանյանը ցավով նշում է, որ 30 տարի ժողովրդին նպատակային շեղել են, ինչն աններելի է համարում. «Ոչ թե նրա համար, որ կերել են, երկիրը վարի են տվել, այլ այն պատճառով, որ խաթարվել է հաղթողի հոգեբանությունը: Գիտե՞ք ինչ երկիր կունենայինք հաղթողի հոգեբանությամբ, ցավոք. արժեզրկեցինք հաղթանակը, տղաների արածը…Հայրս ասում էր` էս ազգը մի քիչ խելք ունենար եռահարկ Հայաստան կունենայինք…Կարելի՞ էր այդքան չուտել, չաղավաղել ազգի հոգեբանությունը»:
Երեւանում սիրում է օպերայի բակը, Սայաթ-Նովա փողոցը, իր խոսքով՝ ափսոս, հարամել են: «Էդ շան բները, որ շենքերի վրա սարքել են, խայտառակություն է, կարելի՞ է այդ աստիճան չմտածել սեփական քաղաքի, սեփական երկրի մասին…Ծաղկաձորն եմ սիրում, Կեչառիսը…Իմ երկիրն եմ սիրում: Սեւանի համար ցավ եմ զգում…Հարամել ենք մեր երկիրը»,- ասում է մեր զրուցակիցը:
Իրեն հաջողակ մարդ չի համարում. «Ինչո՞վ հաջողակ համարեմ, որ պաշտոննե՞ր եմ ունեցել…Դա հաջողություն չէ…Բայց անհաջողակ էլ չեմ…Հաջողությունն այն է, որ ճակատագրից նվեր ես ստանում, իսկ ինձ համար ամեն ինչ եղել է սարսափելի դժվար»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:
Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Լիլիթ Արզումանյանի անձնական արխիվից: