«Վահե Գրիգորյանից ոչ պակաս վստահություն ներշնչող մարդ էլ կարող է լինել ՍԴ նոր կազմում»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Նա հիշեցրեց Վահե Գրիգորյանի անցած ճանապարհը, թե ինչպես էր մարտի 1-ի գործերով զբաղվում, ինչպես նրա հանդեպ քրեական գործ հարուցվեց, ասաց, որ տեսել է նրա նվիրված աշխատանքը ամենածանր պայմաններում իր մարդկային կերպարը. «Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը կարող է լինել ՍԴ նախագահ, բայց դա իմ որոշելու հարցը չէ, երբ կհամալրվի կազմը, թող դատավարներն իրենք որոշեն»:
Հարցին՝ խորհրդարանն ինչպե՞ս պետք է լուծի ՍԴ ճգնաժամը, որ Հայաստանն ունենա վստահելի ՍԴ և չհեղինակազրկված ԱԺ, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Դժվար կլինի ԱԺ-ն հեղինակազրկել, քանի որ այն ունի շատ բարձր լեգիտիմություն: Բայց եթե շարունակեն քայլեր ձեռնարկել, որոնք կլինեն նույնքան անբացատրելի, անհետևողական, ապա կարող ենք նման խնդրի առաջ կանգնել»:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հրաժարականի՝ ԱԺ-ի նախաձեռնած գործընթացին, Նինա Կարապետյանցն ասաց. «Դա ի սկզբանե տապալված որոշում էր: Եթե այսպես շարունակվի, կարող ենք ինչ-որ պահի ունենալ խորհրդարանի նկատմամբ վստահության կորուստ: Բայց մենք դրա իրավունքը չունենք, քանի որ այս հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտի հասցնենք»:
Կարդացեք նաև
Ըստ իրավապաշտպանի՝ ունենք երկու բացարձակ լեգիտիմություն ունեցող իշխանության թևեր և մեկ թև, որը բացարձակ ոչ լեգիտիմ է:
Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու և ՍԴ նկատմամբ վստահությունը բարձրացնելու ամենաիրավական ճանապարհը ըստ Նինա Կարապետյանցի Վահե Գրիգորյանի առաջարկածն էր. «Պետք է ԱԺ ներկայացվեին ՍԴ դատավորների թեկնածությունները և ԱԺ-ն քվեարկությամբ ընդուներ կամ ոչ: Մենք պետք է ունենանք նոր կազմով Սահմանադրական դատարան: Մենք այսօր դա չունենք: Այս մանր-մունր խաղերն այնքան անտրամաբանական են… մեզ ի սկզբանե մեռելածին իրավիճակ առաջարկվեց. չէր կարող այս որոշումն ընդունվել ՍԴ-ի կողմից: Նրանք կյանքի գնով պիտի պահեն: Հավերժ թավիշ լինել չի կարող և այն պահին, երբ թավիշը չինի, իրենք քրեական պատասխանատվության են ենթարկվելու»:
Նինա Կարապետյանցը հիշեցրեց՝ ՀՀ-ում տասնամյակներով տապալվել, զավթվել է յուրացվել իշխանությունը և դա արվել է ՍԴ-ի որոշումներով. «Ես կարծում եմ՝ ոչ միայն հեռացումը պիտի լինի ՍԴ դատավորների, այլև քրեական պատասխանատվության ենթարկվելը»:
Դառնալով Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը՝ Նինա Կարապետյանը պատասխանեց. «Որևէ ակնկալիք չունեմ այս դատախազությունից, այդ ամենի մասին գլխավոր դատախազը վաղուց իմացել է և եղել է հանցավոր ռեժիմի մասը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ