ՀՀ վարչական դատարանում այսօր դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ 19 ջերմուկցիների՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեմ ուղղված հայցի քննության հերթական նախնական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ այս հայցադիմումով ջերմուկցիները դատարանից պահանջում են պարտավորեցնել պատասխանողին՝ նախարար Էրիկ Գրիգորյանին, ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքի առնչությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ. ապրիլի 29–ի՝ դրա հաստատումը։
Նախորդ նիստում ջերմուկցիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը հայտարարել էր, որ հայցադիմումը լրացվել է նոր փաստաթղթերով՝ կապված «ԷԼԱՐԴ»-ի զեկույցում հանքի շահագործման դեպքում ի հայտ եկող այն գործոնների հետ, որոնք փորձագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել։ Պատասխանող կողմին ժամանակ էր տրվել՝ բովանդակությանը ծանոթանալու համար: Պատասխանող կողմը ծանոթացել էր, ասելիք չուներ:
Քննարկվեց հայցադիմումի լրացումը թույլատրել-չթույլատրելու հարցը. դատարանը որոշեց թույլատրել հայցադիմումի լրացումը:
https://www.facebook.com/aravot.am/videos/550518355784862/
Կարդացեք նաև
Այնուհետեւ գործով երրորդ կողմ հանդիսացող «Լիդիան Արմենիա» ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սայադ Բադալյանն այս գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց: Որպես հիմնավորում նա մատնանշեց Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ այլ քրեական գործի հետ փոխկապակցվածության դեպքում քննվող գործի վարույթը կասեցվում է, քանի դեռ չկա մյուս՝ փոխկապակցված գործով դատարանի վճիռ: Սայադ Բադալյանը «այլ քրեական գործ» ասելով նկատի ուներ այն հայտնի քրեական գործը, ըստ որի, Ամուլսարի շահագործման առնչությամբ պաշտոնատար անձինք, ենթադրաբար, դիտավորությամբ թաքցրել են շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները: Այդ գործով էր «ԷԼԱՐԴ»-ին փորձաքննություն պատվիրվել:
«Հայցադիմումի մեջ նշված է, որ «ԷԼԱՐԴ»-ի զեկույցում ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք հայտնի չեն եղել նախորդ փորձաքննությունում: Դրանք իբրեւ թե բացահայտվել են «ԷԼԱՐԴ»-ի զեկույցում: Դատարանը պարտավոր է կասեցնել այս վարույթը, քանի որ այլ գործով վճռի կայացում դեռեւս չունենք: Այս դեպքում կա փոխկապակցվածություն այդ երկու գործերի միջեւ, քանի որ հայցադիմումը լրացվել է «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննությամբ, որը դեռ պետք է գնահատականի արժանանա մյուս քրեական գործի շրջանակում: Վարչական դատարանը չի տիրապետում մյուս քրեական գործի ողջ ծավալներին եւ չի կարող իրականացնել «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննության գնահատում: Միջնորդում եմ կասեցնել վարույթը, մինչեւ մյուս քրեական գործով կլինի դատարանի որոշում»,-հայտարարեց Սայադ Բադալյանը:
Նրա միջնորդության դեմ ջերմուկցիների շահերի ներկայացուցիչն առարկեց: «Մյուս քրեական գործը հարուցվել է այն բանի համար, որ բնապահպանական ռիսկերի մասին տեղեկությունը պաշտոնյաները ենթադրաբար, թաքցրել են. մեր վեճի առարկայի հետ դա առնչություն չունի: «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննությունը կայացվել է ոչ միայն այդ քրեական գործի շրջանակում, այլեւ՝ կառավարության որոշմամբ: Կառավարության որոշմամբ է «ԷԼԱՐԴ»-ն ընտրվել է որպես փորձաքննություն իրականացնող մարմին: Այսինքն, փորձաքննությունը վեր է կանգնած քրեական գործից, որովհետեւ կառավարության որոշման հիման վրա է կայացվել: Բացի այդ, «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննությունն այդ քրեական գործով չի վիճարկվում»,-նկատեց Նազելի Վարդանյանը:
Դատավոր Արծրուն Միրզոյանը որոշեց գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ «Լիդիան»-ի ներկայացուցչի միջնորդությունը մերժել, ապա՝ գործը նշանակել դատաքննության՝ այն համարելով նախապատրաստված: Առաջիկա դատական նիստը հոկտեմբերի 24-ին է՝ ժամը 15:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ