Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Սյունիքում՝ ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման դեպքին, ինչի պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ։
Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտնել է, որ այս պահին այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում և դեպքի վայրի զննության ու մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի շուկա մուտք գործած Ryanair ընկերությանը. «Կարծում եմ՝ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել»:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանից դեպի Եվրոպա Ryanair ընկերությունն այս պահին առաջարկում է 4 ուղղություն, 2–ը` Իտալիա, 2-ը` Գերմանիա։ Ըստ փոխվարչապետի՝ ընկերության գնային քաղաքականությունը միտված է հնարավորինս էժան և մատչելի տոմսեր առաջարկելուն:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այդ իրադարձության կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար կառավարությունում եղել են շատ բուռն քննարկումներ: Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ այս գործընթացում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց միջազգային օդանավակայանը», շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման համար: Եվ, իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել: Սկզբունքային որոշումը հետևյալն է՝ այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի: Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին: Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ: Իհարկե, որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն իր հետևից բերելու է շատ լուրջ տեղաշարժեր մեր ավիացիայի շուկայում, և որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, հօգուտ մեր քաղաքացիների և, իհարկե, հօգուտ մեր տնտեսության, որովհետև տուրիզմը մինչև այս էլ դինամիկ զարգացող տնտեսության ճյուղ էր, և սրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու:
Շատ կարևոր է, որ մենք մեր ռազմավարական պատկերացումների կապակցությամբ լինենք հետևողական և երբեմն, ինչպես հետո ժամանակն է ցույց տալիս, անիմաստ աղմուկ-աղաղակներին չհետևենք և հետևողական գնանք մեր ռազմավարական որոշումների հետևից, որովհետև այս փորձը ցույց է տալիս, որ արդյունք լինելու է: Եկեք արձանագրենք, որ ի սկզբանե, երբ խոսակցություն գնում էր այս մասին՝ շեշտադրումներն այն էր, որ սա չի լինելու, անիմաստ աղմուկ է, ինչի բյուջեի փողերը ծախսում են, գնում են գործուղումների և այլն: Այնպես որ արձանագրենք՝ հաստատակամությունը որոշումները մինչև վերջ տանելու առումով շատ կարևոր է կառավարման համակարգում»:
Կառավարությունը շարունակում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցայի ծրագրերի իրականացումը
Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից 403,434.9 հազար դրամ՝ ՀՀ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 518 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 483-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը: Արդյունքում կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող մեծածավալ աշխատանքների որակի վերահսկողությունը: «Այս տարի մենք կարողացել ենք այն արդյունքն ունենալ, որ ճանապարհաշինության, շինարարության ոլորտներում ընկերություններն աշխատում են լուրջ ծավալներով, լուրջ ծանրաբեռնվածությամբ, ինչը նշանակում է նաև հավելյալ աշխատատեղեր: Մենք աշխատուժի ներգրավման խնդիր ունենք ճանապարհաշինության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում: Ճիշտ է, այս աշխատանքները որոշակի սեզոնայնության տրամաբանություն ունեն, բայց եկեք արձանագրենք, որ մենք այսօր այդ խնդիրն ունենք ամենուր: Եվ դա էլ մի հարց է, որը մենք պետք է հասկանանք՝ ինչո՞վ ենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին աջակցելու, որ այս խնդիրը լուծվի: Բայց, իհարկե, իմ նախնական ձևակերպած հարցը սրանից ոչ մի փոփոխություն չի կրում՝ որակ, որակ և միայն որակ: Բոլորը պետք է իմանան՝ ինչ ուզում է լինի, անորակ աշխատանքի համար չենք վճարելու, ուղղակի չենք վճարելու: Նախապես ասենք, այդ մարդիկ հանկարծ չմտածեն՝ հեռուստացույցով ուրիշ բան է խոսվում, իրականությունն ուրիշ բան է, որտեղ իրականությունն ուրիշ բան է, արդեն մեր իրավապահները և վերահսկող մարմիններն իրենց գործողությունները պետք է անեն: Եկեք սա մեկընդմիշտ պայմանավորվենք»:
Վարչապետը, խոսելով կապիտալ ծախսերի մասով գերակատարումների մասին, նշել է. «Ճիշտ է մենք անընդհատ ասում ենք և պաշտոնապես արձանագրել ենք, որ դա մեր ամենամեծ պրոբլեմն է, բայց այն օրը մենք վերլուծեցինք և արձանագրենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք բավականին շոշափելիորեն շատ ավելի մեծ կապիտալ ծախսեր ենք արել: Ուրիշ բան, որ մենք մեր դրած նշաձողին դեռևս չենք կարողանում հասնել: Չենք կարողանում հասնել նաև այդ պատճառով, որ մենք հիմա որակական շատ ավելի բարձր ստանդարտներ ենք դնում: Եթե այդ ստանդարտների նկատմամբ աչք փակենք՝ կարող է կատարենք էլ, գերակատարենք էլ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գումարի խնդիր չկա կապիտալ ներդրումների համար. «Ես մի քանի անգամ ասել եմ և զգում եմ, որ քաղաքական շահարկումների առիթ է տալիս, որ ես ասել եմ, թե մենք փողի խնդիր ընդհանրապես չունենք: Բայց երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ պետք է դուրս գանք և ուղղակի, կներեք կոպիտ բառի համար, բաժանենք: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք այդպես վարվենք. փողի արժեքը կընկնի: Երբ ասում ենք փողի խնդիր չունենք՝ նկատի ունենք կապիտալ ներդրումներ անելու համար: Այսօր մենք եվրոբոնդեր թողարկեցինք, և մեզ առաջարկվեց 2 միլիարդից ավելի գումար: Մենք այսօր ներքին շուկայում պետական կարճաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսեր ենք թողարկում, թողարկում ենք շատ ավելի քիչ, քան շուկայում դրա պահանջարկը կա: 9 ամիսների տվյալներով՝ 21.6 տոկոսով բյուջեի եկամտային մասն ավելացել է: Մենք հիմա նաև ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք այն եզրակացության, որ մեր ռազմավարությունը պետք է լինի այս պոտենցիալ գումարները ներգրավել շատ արդյունավետ կապիտալ ծրագրերում, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք մեգածրագրեր, որոնց իրացման արդյունքում միջնորդավորված՝ բնակչության ձեռքում հայտնված գումարն արդեն արժեք կունենա»:
Նախատեսվում է լուծել գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները
Կառավարությունը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ այս փուլում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները և տնտեսավարողները չունեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ՀՀ Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» սորտի խաղողի մթերումների դիմաց վճարումներն արագ կատարելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրով նախատեսված վարկավորման առավելագույն 1.5 մլրդ դրամի շեմն ավելացնել մինչև 1.8 մլրդ դրամ։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում 2019 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 8.0 մլրդ դրամի չափով, կնքվել է հումքի գնման 8243 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 240.0 դրամ։
Նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է խաղողագործների մտահոգությունը՝ խաղողի գնագոյացման ձևի հետ կապված և նշել, որ վերջիններս առաջարկում են համատեղ քննարկում անցկացնել: Հարցի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Իհարկե, մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց ընդհանրապես դրա լուծման ամենաքաղաքակիրթ մեթոդը հետևյալն է. խաղողագործները և գինեգործներն ունենում են ամեն մեկն իրեն ներկայացնող կազմակերպություն: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է նստեն, բանակցեն, պայմանագիր կնքեն և այլն: Շատ է խոսվում այն մասին, որ բիզնեսի համար նոր կանոնները պարզ չեն: Ես, արձագանքելով դրան, 4 կանոն եմ առաջարկում՝ 1-ինը՝ մի՛ գողացիր, 2-րդը՝ եղի՛ր արդյունավետ, 3-րդը՝ եղի՛ր նորարար, 4-րդը՝ եղի՛ր համագործակցող: Այս համագործակցությունը նաև դրան է վերաբերում: Պետք է իրենք համագործակցեն, իրենց խնդիրը համատեղ քննարկեն և միասնական շահ ներկայացնեն, որպեսզի իրենց ասելիքը և դիրքորոշումները լինեն ավելի լսելի»:
Կբարելավվեն մի շարք ուսումնական հաստատությունների շենքային պայմանները, Գյումրիում կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան նոր մարզադպրոց
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ», «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ների, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Որոշմամբ կբարելավվի նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի շենքային պայմանները, ինչպես նաև կապահովվի Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման գործընթացը։ Այդ աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 444111.7 հազ. դրամի չափով: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ուսումնամարզական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կառուցել նոր մարզակառույց ` Գյումրիի Մովսես Խորենացի 92 հասցեում:
Ոռոգման ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կնպաստեն գյուղատնտեսության զարգացման խթանմանը
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով նպաստել արդի ոռոգման զարգացմանը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Ծրագիրը բաղկացած է 4 400 000 եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5 600 000 եվրո կազմող՝ Ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից: Ծրագրի շրջանակում, նախատեսվում է, մասնավորապես, ինստիտուցիոնալ աջակցություն ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, կոոպերատիվների զարգացմանը, պետական քաղաքականություն և բարեփոխումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների կառավարմանը և ոռոգման արդյունավետությանը, ոռոգվող գյուղատնտեսական արդյունքի բարելավում:
Անդրադառնալով համաձայնագրի նախագծին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Պետք է երաշխիքներ ստեղծենք, որ արդյունքը վերջում ստանալու ենք: Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության և տարբեր այլ որոտների համար գումարը գալիս է, գումարը բաժանում ենք, գումարը ծախսվում է և արդյունքը չի ստացվում: Մեր նպատակը պետք է լինի, որ արդյունքը պարտադիր երաշխավորված ունենանք, և այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք»:
Կկարգավորվեն կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները
Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը: Փաստաթղթով կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները: Նախատեսվում է նաև, որ կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակի և կվճարի այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ