Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է 3 կին միաժամանակ ասի, որ զոհվածն իմ ամուսինն է, ո՞նց ենք լուծելու այս դեպքերը». զոհված զինծառայողի թաղման փողի համար զագսի թուղթ են ուզում

Հոկտեմբեր 17,2019 16:12

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի նախագիծը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին:

Ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, ըստ գործող օրենքի, տարվա ընթացքում միանվագ օգնություն է հասնում՝ ՀՀ կառավարության սահմանած չափով: Զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում զինծառայողի ամուսինը, երեխան, ծնողը: Կառավարությունը տալիս է այսպես ասած «թաղման գումար», մոտավորապես մի աշխատավարձի չափ գումար է: Սակայն դեպքեր կան, որ ամուսինները, ասենք, մենակ եկեղեցով են ամուսնացած, ոչ թե «զագսով»՝ ՔԿԱԳ-ով: Նախագծով առաջարկվում է, որ եթե հետագայում նոտարով կամ դատարանով ապացուցվում է, թե ազգակցական կապ կա զոհված զինծառայողի հետ՝ ամուսին է, երեխան է եւ այլն, այդ դեպքում նույնպես տան այդ գումարը՝ անկախ նրանից, որ չունեն այսպես ասած զագսի վկայականը:

Ըստ Գորգիսյանի, խոսքը պետության պատասխանատվության, պոզիտիվ պարտավորության մասին է, պետությունը պետք է իրեն պատասխանատու դրսեւորի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց. «Երբ որ մյուս կողմը չկա ու չի կարող հաստատել կամ հերքել ամուսնական կապը կամ ազգակցական, տգեղ բան եմ ասում, բայց կարող է 3 կին միաժամանակ ասի, որ զոհվածն իմ ամուսինն է, ո՞նց ենք լուծելու այս դեպքերը»:

Գորգիսյանը պատասխանեց, որ խոսքը միայն դատարանով կամ նոտարով ապացուցված դեպքերի մասին է. «Օրինակ, մի դեպք կա, կինն ասում է՝ ամբողջ կյանքում միասին ապրել են, եկեղեցով ենք ամուսնացել, դատարանում ապացուցվել է, որ եկեղեցով ամուսնացած են եղել, վկաներ կան, փաստացի եղել են ամուսիններ, միայն փաստաթուղթը չի եղել: Ամուսինը ապրիլյանի ժամանակ զոհվել է, կինը որեւէ փոխհատուցում չի ստացել: Նույնը կարող է լինել զավակի դեպքում, ենթադրենք, ծնվելու պահին հայրությունը չի ճանաչվել»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զավակի ճանաչման հարցն այսօր հեշտ լուծվում է՝ ԴՆԹ են անում, խնդիր չկա այդտեղ, խնդիրը, ըստ նրա, այլ տեղում է: Հարակից զեկուցող Արեն Մկրտչյանն ասաց, որ ՀՀ Ընտանեկան օրենսգրքով ճանաչվում է միայն ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնությունը:

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց. «Դատարանը չի հաստատել ամուսնության փաստը, հաստատել է եկեղեցական արարողության փաստը, կան երկրներ, որ եկեղեցով ամուսնությունը համարվում է ամուսնության գրանցում, ցավոք, ՀՀ օրենսդրությամբ, նման ձեւաչափ սահմանված չէ: Եթե այդ փոփոխությունը կատարվի, կլինի հակաօրինական»:

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ դատարանի որոշումն այսպես թե այնպես լուծում է այդ խնդիրը. «Մնացած բոլոր լուծումները կարեւոր են, բայց կարեւոր է, որ մենք ճանապարհ չհարթենք լեյտենանտ Շմիդտի որդիների համար»:

Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ ու հանձնաժողովում չընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031