Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Մարգարիտա Խաչատրյանին. «Չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեիք Սերժ Սարգսյանի հետ եւ այդ շեշտադրումներով հանդես գայիք. տարօրինակ է»

Հոկտեմբեր 17,2019 14:34

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների հարազատների հետ:

Հիշեցնենք, «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում, պահանջում հանդիպում Փաշինյանի հետ եւ կառավարությունից աջակցություն զոհվածների ընտանիքներին:

Այսօր Փաշինյանի հետ հանդիպմանը Մարգարիտա Խաչատրյանը դիմելով վարչապետին, ասաց.«Որոշակի խնդիրներ առաջացան, երբ դուք մեկին տրամադրում եք 30 միլիոն դրամ, իսկ զոհվածներին… ես ինչո՞վ եմ պարտավոր, միակ որդուս… Նունեն, որ փակ դագաղով միակ որդուն տվեց: Ասացիք՝ մարտի 1-ով եվրոդատարան են տվել, եթե մենք դիմենք եվրոդատարան, մեզ ի՞նչ պատասխան են տալու, որ ստատուս քվոյով մեր երեխեքին տարել են Ղարաբաղ ու զոհվել են: Մենք ունենք տեղեկանք, որ զոհվել են զինվորական պարտականությունները կատարելիս, բայց մենք հիմնադրամի շահառուներ չենք: Մենք գիտենք գումարի տեղը…»:

Տիկին Խաչատրյանը Փաշինյանին դիմեց. «1998-ի հունիսին, դուք ինձ մոտեցաք, ասացիք…»: Փաշինյանը պատասխանեց. «1998 թվականի հունիսին ես գործազուրկ էի, նստած եմ եղել, եւ չէի կարող առաջարկ անել ձեզ»: Տիկինը Խաչատրյանը շարունակեց. «Մեր խնդիրը պետք է լուծվի կառավարության մաշտաբով»:

Ապա վարչապետը նշեց. «30 միլիոն ենք տվել ընտանիքներին այս փոփոխություններով: Հիմա էլ 48 միլիոն ենք տալիս: Ես էլի ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա ես այն շեշտադրումները՝ բա ինչի՞ ուրիշների հարցը լուծվեց, մերը՝ ոչ: Ես դա ճիշտ չեմ համարում: Ես համարում եմ հանրային համակեցությանը հակասող է: Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում՝ իշխանությունների հետ շատ մերձ հարաբերություններ ունեիք, ես չեմ հիշում, որ դուք երբեւէ այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք՝ Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ եւ այդ շեշտադրումներով հանդես գայիք: Ինձ համար տարօրինակ է: Այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության մոտ նստել»:

Տիկին Մարգարիտան պատասխանեց՝ գերթե բոլորի հետ հանդիպել է: Հետո  վստահեցրեց, որ ժամանակին հասել է նրան, որ զոհվածների հուղարկավորման համար հատկացվող գումարը դարձել է 4 միլիոն դրամ. «Իմ անձնական խնդիրը չեմ բարձրացրել: Չիմանաք, թե  կանխավարկած կա, որ մեկին 30 միլիոն եք տվել… քավ լիցի: Եթե կարող եք՝ հետ տվեք մեր մինուճար զավակներին, մեր տունը կտանք»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով խնդիրը կլուծվի, սակայն տիկին Մարգարիտան ընդդիմացավ. «Հիմնադրամ մի՛ տարեք: Սոցապ նախարարությունը… Ես ուզում եմ ձեր սրտի դավթարում մենք էլ տեղ ունենանք»:

Վարչապետը հստակեցրեց. «10 հոգու տվել ենք 30 միլիոն դրամ, 370 հոգու տալիս ենք 48 միլիոն դրամ: Ձեր նշած կատեգորիայի՝ մեր սիրելի զավակների հարցը կլուծվի այս տրամադրության մեջ, հիմնադրամի միջոցով»:

Տիկին Խաչատրյանն արձագանքեց. «Մենք ուզում ենք զոհվածի ընտանիքը ստանա պատշաճ թոշակ ու գոյությունը պահի»:

«Որպեսզի խնդիրը լուծենք, մենք 1,5 տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել եւ այս 370-ը 2008 թվի հունվարի 1-ից հետո զոհվածների ու հաշմանդամություն ձեռքբերածների թիվն է: Եթե 10 տարի էլ հետ գնանք՝ թիվն էականորեն կմեծանա: Եվ մենք անհատական դեպքերը նորից կնայենք»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ վստահեցրեց՝ երբ ինքը եղել է վարչապետ շահառու 370 ընտանիքի թիվը կրկնակի, եռակի ավելացել է, եւ շարունակվում է ավելանալ. «19 տարի հետ ենք գնացել, ներառյալ՝ 1998 թիվը, հաշմանդամություն ունեցողները կամ զոհված ընտանիքները ստանալու են գումարներ, գումարվելով մինչ այս եղած 60 հազարին, պիտի գումարը դառնա 350 հազար կամ 200 հազար՝ կախված զինվորի կարգավիճակից: Մենք հիմա աշխատում ենք այդ թեմայի վրա, որպեսզի այս խմբի շահառու դառնան բոլորը: Երբ սա կանենք, հետո արդեն կնայենք այն զինվորների հարցերը, որոնք ինչ-ինչ ձեւակերպումների պատճառով չեն մտնում շահառուների շրջանակում: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, բայց ոչ այնպես, որ Նոր տարուն կանչենք ու մի արկղ լիմոնադ տանք»:

Մարգարիտա Խաչատրյանը կրկին ընդդիմացավ. «Հազար դրամների հիմնադրամը վճարում է ժողովուրդը, կառավարությունը հիմնադրամին ինչո՞վ է աջակցում: Մեր ժողովրդի արյան քրտինքը տալիս են հիմնադրամին»:

Վարչապետը Խաչատրյանին հիշեցրեց. «Ներողություն, մեր պետական բյուջեի գումարները ժողովուրդն է վճարում, ես իմ տանից չեմ բերում»:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ բոլորի խնդիրը կլուծվի պետական բյուջեի միջոցներով եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքներն ընդլայնելով եւ բարելավելով. «Այս հարցը հետեւողական կլուծենք»:

Ապա վարչապետի առաջարկով հանդիպումն ամփոփվեց զոհվածների հիշատակը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգելով:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/562113981214484/

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031