Վիտալի Բալասանյանի՝ կառավարության հասցեին հնչեցրած մեղադրանքներից գեթ մեկը նույնիսկ ճշմարտության հատիկ չի պարունակում, դրանցում դժվար է գտնել իրականությանը համապատասխանող գոնե մի բառ։ «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին այս կերպ արձագանքեց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
-Պարոն Փամբուխչյան Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում ակտիվորեն տարատեսակ մեղադրանքներ է հնչեցնում Փաշինյանի, Հայաստանում կատարվող ուժի վերաբերյալ, ընդհուպ հայտարարում է, թե վարչապետն Ալիեւի հետ որոշակի պայմանավորվածություններ ունի։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է Բալասանյանին դրդում նման հայտարարություններ անել ո՞րն է նրա մոտիվացիան կամ շահը։
– Ես ուշադրությամբ հետեւում եմ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին եւ դժվարանում եմ նրա ասածներում իրականությանը համապատասխանող գոնե մի բառ գտնել։ Կարծում եմ՝ Բալասանյանն ինչ-որ ձեւ ուղղորդվում է, եւ այդ ուղղորդողների մոտ Հայաստան-Արցախ հարաբերություններում պառակտում մտցնելու, մեր ժողովրդի միջեւ արհեստական տարանջատում մտցնելու միտում կա։
Մենք նույն ժողովուրդն ենք, եւ անընդհատ նմանատիպ շեշտադրումներ անելով փորձ է արվում տպավորություն ստեղծել՝ իբրեւ մենք Արցախը հանձնող ուժն ենք, իսկ այն ուժը, որի ներկայացուցիչներն այսօր ներգրավված են տարբեր քրեական գործերով, փորձել է Արցախը պահել, հերոս։ Եվ ընդ որում՝ հաշվի չի առնվում հանգամանքը, որ նրանք բանակցել են այնպիսի փաստաթղթերի շուրջ, որոնցով ֆիքսել են, որ պետք ազատագրված հողերի մի մասը վերադարձնել Ադրբեջանին։ Նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, եւ այդ գործելաոճն ինտենսիվորեն շարունակել է իր իրավահաջորդ եւ ժառանգորդ Սերժ Սարգսյանը։ Իսկ մեր օրակարգը Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է, եւ մենք ամբողջությամբ լծվել ենք այդ գործին։
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերում է Ալիեւի հետ համագործակցելուն՝ դա մեր գործելաոճը չէ, դա վարչապետի գործելաոճը չէ, դա իրենց գործելաոճն է՝ գաղտնի պայմանավորվածություններ ունենալ, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարության հետ, եւ ցանկացած քայլի դիմել՝ փորձելով ռեւանշիստական գործողություններ անել։ Եթե Վիտալի Բալասանյանի հայտարարությունները գոնե մի տոկոսով համապատասխանեին իրականությանը, գուցե ես այսպես չարձագանքեի:
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում