Շախմատային գերտերություն Հայաստանը չի կարողանում մասնակցել Եվրոպայի ակումբային առաջնությանը: Նոյեմբերի 10-ից 16-ը Չեռնոգորիայում անցկացվելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են տղամարդկանց՝ 69 եւ կանանց 17 թիմեր:
Պաշտոնապես հրապարակված երկրների ցուցակներում շախմատային գերտերության համբավ վայելող Հայաստանի անունը այս էլ որերորդ տարին բացակայում է: Տղամարդկանց եւ կանանց Երեւանի «Միկա» ակումբները վերջին անգամ Եվրոպայի ակումբային առաջնություններին մասնակցել են 2013 թվականին՝ շախմատի մեծ երկրպագու, գործարար Միխայիլ Բաղդասարովի անմիջական հովանավորությամբ:
Ակումբային շախմատը գոյություն է ունենում հովանավորների միջոցով: Երբ Բաղդասարովը այլեւս չզբաղվեց Հայաստանում ակումբային շախմատով, դրանից հետո ոչ մի գործարար մեջտեղ չի գալիս: Հետո էլ զարմանում ենք, թե ինչպե՞ս է լինում, որ մեր շախմատիստները փայլուն արդյունքներ են գրանցում աշխարհի ու մայրցամաքի պատանեկան ու երիտասարդական անհատական առաջնություններում, իսկ դրանից հետո արդեն մեծահասակների մեջ որպես կանոն այլեւս առաջ չեն գնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ