Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ի դատավորները ցույց են տալիս՝ ինչպիսին պետք է լինեն իրավաբանները, բարձր դատարանի դատավորները. Արփինե Հովհաննիսյան. «168 ժամ»

Հոկտեմբեր 17,2019 13:15

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ

– ՍԴ-ն հրաժարվեց վարույթ ընդունել Աժ-ի՝ կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման դիմումը։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

– Կարծում եմ՝ ՍԴ-ն իրականում այսօր, որոշակի առումով, գոնե այս փուլում, ստանձնել է երկրում իրավական անվտանգության երաշխավորի, ապահովողի դերը, եւ դատավորներից. յուրաքանչյուրն իրականում ունի յուրօրինակ դերակատարում։ Ուզում եմ հատուկ ընդգծել այս մարդկանց պահվածքը ու անվանական հիշել նրանց, հատկապես՝ Հրայր Թովմասյան, Աշոտ Խաչատրյան, Արեւիկ Պետրոսյան, Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան, Արայիկ Թունյան, քանզի բոլորը տեսնում են՝ ինչպիսի ճնշումներ են նրանց վրա այս օրերին գործադրվում եւ թե ինչպիսի ճնշումների են ենթարկվում, որպեսզի կառավարության հերթական, այսպես ասած, խայտառակ նախաձեռնությանը չտրվեն՝ սկսած վաղ կենսաթոշակից, վերջացրած՝ հրաժարական տալու հորդորներով։ Այս մարդիկ պատմություն են կերտում, ցույց են տալիս՝ ինչպիսին պետք է լինեն իրավաբանները, բարձր դատարանի դատավորները, եւ, որ «բարձր դատարան» տերմինը լոկ դատարկ հնչյուն չէ։ Կարծում եմ, նրանք նաեւ հրաշալի հասկանում են, որ այս իշխանությունը, մեղմ ասած, հավերժ չէ, եւ, որ ցանկացած հաջորդ իշխանություն պարզապես հետողորմյա է անելու, օրինակ, թե վաղ կենսաթոշակի եւ թե այլ նմանատիպ կարգավորումներին վերաբերող դրույթները, եւ սկզբունքորեն իրենց մնալու է իրենց պատիվը, այն, թե ինչպես իրենք դիմակայեցին այդ ճնշումներին։ Ուզում եմ փաստել, որ իրենք այս առումով պարզապես շատ–շատերի համար պետք է օրինակ ծառայեն։ Երբ ԱԺ-ում տարբեր պատգամավորներ, շատ սակավաթիվ, պայքարում էին խորհրդարանի «անկման» դեմ, շատերը մտածում էին, որ դա պաշտոնի պահպանման համար է։ Այսօր քիչ ավելի շատ, բայց դեռևս քչերն են հասկանում, որ ՍԴ դատավորները պաշտոնի համար չէ, որ պայքարում են։ Հարցը այստեղ սկզբունքի, ապագայի, Հայաստան պետության ապագայի մեջ է։

-Նախորդ  ուրբաթ  օրվանից   լայնորեն քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների, ինչպես նաեւ «Կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։ Լայնորեն առաջ էր քաշվում այն մոտեցումը, որ Վենետիկի հանձնաժողովը ամբողջովին ողջունում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու դրույթը։ Նույնիսկ Լեւոն Զուրաբյանը մինչև Վենետիկի կարծիքի պաշտոնական հրապարակումը հայտարարություն տարածեց, որով պնդում էր, որ պահպանվել է Հանձնաժողովի կարծիքի 59-րդ կետը, որով ամրագրվում էր, որ Հանձնաժողովը ՀՀ-ում ստեղծված պայմաններում դեմ չէ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի սխեմային։ Սակայն արդեն երկուշաբթի օրը Վենետիկի կարծիքի հրապարակումից հետո, Դուք հանդես եկաք գրառմամբ՝ փաստացի մատնանշելով, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել: Կարծիքի պաշտոնական հրապարակումից հետո ի՞նչ կարելի եզրակացնել, ինչպիսի՞ն է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը դատավորների վաղ կենսաթոշակի  անցնելու կապակցությամբ։

-Ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովը սովորաբար   եզրակացության  նախնական տեքստը տրամադրում է իշխանություններին։ Թերևս այս դեպքում եւս նախնական տեքստը տրամադրվել է իշխանություններին՝ առանց պարոն Զուրաբյանի վկայակոչած 59-րդ կետի ամփոփիչ եւ վերջնական խմբագրման, ու դրա հիման վրա են եղել ոգեւորությունն ու քաղաքական գնահատականները։ Սակայն մի բան է մշակման մեջ գտնվող տեքստը, մեկ այլ բան՝ վերջնականը։ Պաշտոնական եւ վերջնական տեքստը ունի շատ կարևոր ու որոշիչ շեշտադրումներ։ Իրականությունն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ չպետք է լինեն քաղաքական կամ անձնական ճնշումներ, այսինքն՝ ելնում է այն մեկնակետից, որ կարող են լինել նման ճնշումներ։ Մենք տեսնում ենք, որ կան նման ճնշումներ։ Դրա մասին վկայում են եւ ՍԴ նախագահի, նրա սանիկների, հարազատների նկատմամբ ճնշումներն ու քրեական հետապնդումները, որոնք պատշաճ հիմնավորվածության բացակայության պատճառով նույնիսկ արդեն հումորի թեմա են դարձել, բազմաթիվ վարկաբեկող նյութերը՝ անգամ հարկատուների հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում։ Ակնհայտ է նաեւ, որ դա   կատարվում է նման գռեհիկ եղանակով, քանզի, կապված է իրենց վարույթում գտնվող գործերի հետ: Այս ամենը, անկասկած, տեսնում է նաեւ Վենետիկի հանձնաժողովը։ Ի դեպ, լայն հանրությունը չէ, բայց իրենք այնտեղ՝ Վենետիկում, դեբատի  ժամանակ,  լսել են, չէ՞, Վենետիկի հանձնաժողովի նախագահի խոսքերը այս ամենի մասին, ուստի հետևություններ անելը չէր խանգարի։

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031