Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլեշմոբ» կամ Ադրբեջանի սադրիչ քայլը՝ Արցախի հետ սահմանին. ի՞նչ է տեղի ունեցել Թարթառի շրջանում

Հոկտեմբեր 17,2019 13:04

Սոցցանցի ադրբեջանական տիրույթում օրերս ակտիվ շրջանառվում է մի տեսանյութ, որում Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հավաքվել են ադրբեջանցիներ եւ իբրեւ թե մտադիր են «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ պաստառներով շարժվել դեպի Արցախի սահման՝ նպատակադրվելով հատել այն:

https://www.facebook.com/maestronws/videos/452405632063582/

«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս իրադարձությունից տեսանյութեր հրապարակվել են հոկտեմբերի 15-ին եւ 16-ին:

«Հոկտեմբերի 15-ին Թարթառի շրջանի ադրբեջանական ղեկավարությունն է հայտնել, որ իրենք են դա կազմակերպել, որ իրենց աջակցությամբ է եղել այդ ֆլեշմոբը: Ըստ իրենց՝ մտադրությունը եղել է երիտասարդներինը: Իրենց խոսքով՝ Թարթառի շրջանի, որը սահմանակցում է Արցախի Մարտակերտի շրջանին, երիտասարդները որոշել են «ֆլեշմոբ» իրականացնել, որի գաղափարը ծագել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» վերջին հայտնի արտահայտությունից՝ ի պաշտպանություն դրա»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ երիտասարդները որոշել են այդ «ֆլեշմոբով» քայլել Ադրբեջանի կողմից 1992թ.-ին օկուպացված՝ Արցախի Մարաղա գյուղի ուղղությամբ, որը սահմանակցում է Արցախի հանրապետության ներկայիս փաստացի սահմաններին եւ Թալիշ գյուղի շրջակայքին, եւ որտեղից արդեն նկատելի են հակամարտ կողմերի դիրքերը. «Իրականում, երբ դիտարկում ենք տեսանյութերը, պարզ է, որ այդ գործողություններում ներգրավված են եղել հիմնականում դպրոցականներ եւ ուսանողներ, ամենայն հավանականությամբ՝ քաղաքային իշխանությունն է մոբիլիզացրել աշակերտներին եւ քոլեջների ուսանողներին: Որոշել են ցույց տալ, թե որքան պաշտպանվածություն ունի Ալիեւի նշյալ գաղափարը»:

Տարոն Հովհաննիսյանը նշեց. «Մեկ այլ վայրում էլ է նման ֆլեշմոբ տեղի ունեցել, այդ թվում՝ զինվորականների մասնակցությամբ: Թարթառի դեպքում հավաքվել են, պաստառներ պարզել եւ, ամենայն հավանականությամբ, արդեն հետ գնացել: Դատելով տեսանյութերից՝ շարժվել են դեպի Մարաղա գյուղի կողմ, բայց չեն էլ մտել: Այսինքն՝ Թարթառի եւ Մարաղայի միջնահատվածում են հավաքվել: Սա սոցցանցերում ներկայացվեց իբրեւ թե «երթ դեպի սահման», բայց իրականում նման սադրանքը բացառված չէ: Այս դեպքում բանը չհասավ դրան, բայց մի օր գուցե կազմակերպեն եւ ավելի մոտ ուղարկեն սահմանին: Առաջնահերթ արձանագրենք, որ աշակերտներին են դասերից հանել եւ ուղարկել ինչ-որ բան ցույց տալու՝ այդ կերպ վտանգելով հենց անչափահաս բնակչության անվտանգությունը, իսկ միջադեպի դեպքում կաղաղակեին դրա մասին: Այս անգամ նման բան տեղի չունեցավ, բայց չենք կարող բացառել, որ ինչ-որ ժամանակ նման փորձեր էլ կանեն: Ամեն դեպքում, նման քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի առնվազն տեղական իշխանությունների մակարդակով սադրիչ գործողություններ են կազմակերպվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031