Նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ ունենք ։ Վարչապետի խոսքով, պոչամբարի ջրերը լցվել են Ողջի գետը։
Տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, առավոտյան Սյունիքի մարզպետը զանգել է եւ ասել, որ Ողջի գետի գույնը փոխվել է, դարձել է մուգ դարչնագույն. «Հնարավոր բոլոր միջոցները մոբիլիզացվել են, բոլոր կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր»։
Վարչապետի հարցին` որ պոչամբարի մասին է խոսքը, Սուրեն Պապիկյանն ասաց, որ ստույգ չի կարող ասել, տարածքը ցույց է տալիս, որ դա կարող է լինել Պղնձամոլիբդենայինի պոչամբարինը, որը, ըստ ամենայնի, Քաջարանի կոմբինատին է պատկանում։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ մեկ երկու ժամվա ընթացքում մասնագետները կտեղեկացնեն, իրենք էլ վարչապետին կտեղեկացնեն։ Նրա խոսքով, տեսչական մարմնի ներկայացուցիչներն առավոտյան այնտեղ են եղել, փորձանմուշներ են վերցրել, նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներն են այնտեղ. «Եթե նշված է տարածքը, ավելի վերեւի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այդ վերեւի մասից է, ոչ թե կեսից։ Իսկ կեսից հնարավոր է նաեւ Կապանի նախկին կվարցի հանքից որոշակի արտահոսքեր լինեն»։
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։ «Այստեղ ներս մտնելուցս առաջ տեղեկացա, որ այնտեղ կա վնասված խողովակի հատված, որտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Նախնական՝ հնարավոր է այդտեղից է հոսքը»,- ասաց նա։ Դեպքի վայրում մասնագետների գործողություններից հետո, ըստ դատախազի, կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը։
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ