Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիների հեռվից ավելի պարզ է դառնում, որ չնայած քո ամենահաս ու հզոր լինելու համբավին, դու, այնուամենայնիվ, Հայաստանի «ամենամիայնակ» պետական գործիչն էիր. «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2019 11:55
vazgen sargsyan

Անկախ քո ընկերները լինելու հրապարակային հավաստիացումներից՝ քեզանից նեղացած էր ՀՀՇ-ական իշխանության գրեթե ողջ վերնախավը, որը մոռանալ չէր կարողանում, որ հենց քո՛ գլխավորությամբ իրենք զրկվեցին իշխանությունից։

Եվ վերջապես, որքան էլ ակնհայտ էր իշխանությունը միասին վերցնելու եւ երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը միասին ստանձնելու հանգամանքը, միեւնույն է, անհնարին է, որ հակասություններ չլինեին քո եւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Մի կողմից, որպես մարդ, նա չէր կարող չխանդել, որ դու եւ Կարեն Դեմիրճյանը ստեղծել էիք հզոր մի դաշինք, առանց որի ինքը ոչ մի ինքնուրույն քայլ չէր կարող անել։ Մյուս կողմից, նա չէր կարող չհասկանալ, որ քաղաքական գործընթացների հաջորդ խաչմերուկում սահուն կերպով կարող էր դուրս մղվել ասպարեզից։

Նեղացածների ու քեզ հետ հակասություն ունեցողների բանակն այսքանով չէր սահմանափակվում։ Նշանակվելով վարչապետ՝ դու ձեռնարկեցիր ստվերային տնտեսության բացահայտմանն ու պետական բյուջեի համալրմանն ուղղված քայլեր, որն ամենացավոտներից մեկն էր։ Նոր ժամանակներում հարստացածները ունեցվածքի տեր էին դարձել առաջին դեմքերի, այդ թվում եւ քո՝ եթե ոչ աջակցությամբ, ապա գոնե համաձայնությամբ։ Սակայն այդուհետ, հարկային դաշտ բերելու ցանկությամբ, դու սկսում էիր փակել նրանց հարստության «ջրհորդանները»։

Առաջին հայացքից գուցե անըմբռնելի թվա, բայց որպես վարչապետ պայքարելով կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ՝ դու դուրս եկար հին ու նոր ողջ վերնախավի, այդ թվում եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի դեմ։ Տարիների հեռվից ավելի պարզ է դառնում, որ չնայած քո ամենահաս ու հզոր լինելու համբավին, դու, այնուամենայնիվ, Հայաստանի «ամենամիայնակ» պետական գործիչն էիր, որովհետեւ քո շուրջը մեղվի պես պտտվող պարսում քչերը կային, որ չունեին անձնական ակնկալիքներ։ Դա ուզվորների հսկայական բանակ էր, որի շրջապատում գլխապտույտ չունենալու համար, պետք էր մեռնել ու հարություն առնել՝ յուրաքանչյուրի ճշմարիտ կերպարը բացահայտելու համար։

Իսկ դու, որքան էլ անհատականություն, այդուհանդերձ, մահկանացու էիր՝ բոլորովին էլ ոչ առանց մոլորությունների։ Բնականաբար, դու չէիր կարող իշխանությունը չսիրել այնքան, որ կողքիդ չունենայիր նաեւ շողոքորթեր ու զանազան ծառայություններ մատուցելու պատրաստ արկածախնդիրներ։

Սակայն անժխտելի է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանն էականորեն տարբերվում էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից։ Այժմ բոլորը ստիպված էին անտրտունջ հաշվի նստել այն փաստի հետ, որ Հայաստանում ինչ-որ բան, շատ կարեւոր բան է փոխվել։ Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ լինելով քո շրջապատում, հույս էին տածել դառնալ նախարար, դատախազ, գեներալ ու բարձրաստիճան ղեկավար, չստանալով ակնկալածը, արտաքնապես ընդունելով կեցվածք, թե իբր ոչինչ չի պատահել, ընդամենը պահածոյացնում էին սեփական կարիերիզմը՝ մի օր հրաբխի պես դուրս ժայթքեցնելու թաքուն հույսով ու պայմանով։ Նրանք միշտ պատրաստ էին ըմբոստանալու իրենց ճանապարհը փակելու ցանկություն ունեցողի դեմ, որը տվյալ դեպքում, նրանց պատկերացմամբ, դո՛ւ էիր։

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031