Լրահոս
Օրվա լրահոսը

Թեման ինքնին անհեթեթ է

Հոկտեմբեր 17,2019 10:00

Վիտալի Բալասանյանի ասուլիսին իշխանությունն այս անգամ որոշել է չպատասխանել, եւ դա, իհարկե, խոհեմ որոշում էր՝ ամեն մի հայտարարության, ամեն մի ասուլիսի պատճառով լեզվակռվի մեջ մտնելը ավելորդ «թեթեւության» նշան է:

Իշխանության ֆեյսբուքյան ֆանատներն, իհարկե, ոչ մի տեղ չեն կորել, եւ իրենց բաժին լուտանքներն ուղղեցին գեներալի հասցեին: Բոլոր պարագաներում ինձ դուր չի գալիս, երբ հայհոյում կամ պիտակավորում են որեւէ միկին, մանավանդ՝ պատերազմի հերոսին:

Ինչ մնում է Բալասանյանի ասածների բովանդակությանը, ապա այնպես չէ, որ նրա բոլոր ասածներն անհեթեթ էին: Գուցե նա չի կարողանում շատ գրագետ ձեւակերպել իր մտահոգությունները, բայց դրանք բոլոր դեպքերում արժե հանգիստ լսել, եւ թացը չորից զանազանել:

Այդ ասուլիսում կար մի դրվագ, որը վերաբերվում էր արդեն պատմություն դարձած իրադարձություններին. այն արժանի է ուշադրության՝ «փաստարկների» համառ՝ տասնամյակներ շարունակվող կրկնության պատճառով: Իբր Հայաստանի Առաջին նախագահը եւ, հետեւաբար, զինված ուժերի գլխավոր հրամանատարը դեմ էր Արցախի ազատագրմանը եւ ավելին՝ խոչընդոտում էր դրան: Այ, դա, իմ կարծիքով, իսկական անհեթեթություն է՝ մի բան, որը հակասում է առողջ բանականությանը:

Այդ թեզը 1990-ականներին առաջ էր քաշում ընդդիմությունը (առաջին հերթին՝ Դաշնակցությունը)՝ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի «ապազգային բնույթը» ի ցույց դնելու համար: Այնուհետեւ նույնը պնդում էր քոչարյանական քարոզչությունը՝ Արցախն ազատագրելու դափնիների մենաշնորհն ամբողջությամբ երկրորդ նախագահին հանձնելու համար: Ինչի՞ համար է դա պետք հիմա, երբ Առաջին նախագահն, ըստ էության, ակտիվորեն չի մասնակցում քաղաքականությանը եւ այդպիսով ոչ մեկի քաղաքական հավակնություններին չի խանգարում: Բացատրությունը կարող է մեկը լինել՝ այդ անհեթեթ մեղադրանքով «ռիկոշետով» խփում են ներկայիս իշխանությանը: Ըստ այդ տրամաբանության՝ Փաշինյանն Արցախի հարցում շարունակում է Տեր-Պետրոսյանի գիծը (ինքնին խիստ կասկածելի պնդում է, քանի որ, ինձ թվում է, այսօրվա իշխանությունն այս հարցում առայժմ ոչ մի գիծ չունի), իսկ առաջին նախագահն, իբր, ուզում էր Արցախը հանձնել ադրբեջանցիներին: Ահա այսպիսի «բազմաքայլ կոմբինացիա»:

Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները, ինչպես նաեւ ներկա ղեկավարությունը ունեին եւ ունեն բազմաթիվ աղաղակող, աչքի զարնող թերություններ՝ սխալները, ոչ կոմպետենտ մոտեցումներն ամենուր են: Դրանց մասին, իհարկե, պետք է խոսել: Բայց երկու թեզի շուրջ անհրաժեշտ է մեկընդմիշտ վերջնականապես պայմանավորվել.

1/ չկա որեւէ հայ (այդ թվում Հայաստանի 4 ղեկավարները), որը չէր ցանկանում կամ չի ցանկանում Արցախն ազատագրված տեսնել,

2/ չկա որեւէ հայ (այդ թվում Հայաստանի 4 ղեկավարները), որը կողմ էր կամ կողմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:

Կարծում եմ, եթե այդ երկու արձանագրումներն ընդունվեն, ապա ներքաղաքական պայքարը կընթանա ավելի առողջ հունով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կայ մի տուեալ, որ արդարացի աղբիւրն է Առաջին Նախագահին նկատմամբ խնդրոյ առարկայ նիւթին մէջ, եթէ ոչ անպայման կասկածների, այնուհանդերձ իսկապէս իրաւացի, ծանր քննադատութեան՝ ինչպէ՞ս կարելի է յաղթական ընթացքի մէջ բանակի մը հրահանգ տալ՝ կասեցնելու առաջխաղացքը, լռեցնելու զէնքերը, առանց որ խաղաղութեան պայմանագիր կնքուի, պարտադրուի փախչող հակառակորդին: Կամ, կարճ դադարէ մը ետք, անմիջապէս որ պարտուող կողմը չյանձնուի ու չստորագրէ այդ պայմանագիրը, ինչո՞ւ չվերսկսիլ ու չշարունակել յարձակումը, ռազմական յաղթական ընթացքը: Աւելցնենք որ էն վախտը Պուտին չկար, Ռուսաստանը չէր՝ այն ինչ որ դարձաւ յետագային, որ է հիմա:

    Այս վարքագիծի, էականօրէն սխալ որոշումներու պատճառով է որ Հայաստանը այժմ այս վիճակին մէջ կը գտնուի:Եւ յատկապէս, թէ որ այդ ամէնը այդ կերպով տեղի չունենային, քառորդ դարէ ի վեր չէինք ունենար ռազմաճակատի վրայ անհամար զոհեր, այս յաւերժական «զինադադարի» ընթացքին:

    Եւ այս ամէնէն ետք, վերոնշեալ էական սխալներուն եւ անոնց աղետալի հետեւանքներուն պատասխանատւութիւնը կրող անձը, որ ինք, քաղաքական արտաքսումէ բացի, որեւէ ձեւով չէր կրած տարրական հետեւանքները իր այդ սխալներուն եւ պատասխանատւութեան, դեռ ուզեց իր քաղաքական come-backը կատարել, այդ ալ՝ փողոցի ուժով: Եւ ժողովուրդի մի հատուածին կողմէ դիմաւորուեցաւ որպէս Փրկիչ…

    Վերեւ պարզուած իրականութեան լոյսին տակ, ներեցէք որ ոմանք այլեւս յուսադրիչ չհամարեն ձեր այդ երկրին ապագան:

    ( Իսկ, թէ որ Արցախեան շարժումի սկիզբը, կային հայեր որոնք չէին ուզէր որ Արցախը անպայման լրիւ անկախանայ, դա անհերքելի իրողութիւն է: Սակայն կապ չունէր որեւէ դաւաճանութեան հետ: Այդ կեցուածքի հիմնական պատճառը՝ զգուշութիւնն էր, մանաւանդ այն պահին երբ նաեւ սովետական իշխանութիւնների դէմ էր պայքարը, կռիւները: )

    https://haytougchamlian.blog/

  2. Ջորդանո Գալիլյան says:

    անհրաժեշտ է մեկընդմիշտ վերջնականապես պայմանավորվել.
    1/ չկա որեւէ հայ (այդ թվում Հայաստանի 4 ղեկավարները), որը չէր ցանկանում կամ չի ցանկանում Արցախն ազատագրված տեսնել,
    2/ չկա որեւէ հայ (այդ թվում Հայաստանի 4 ղեկավարները), որը կողմ էր կամ կողմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:

    Այդպիսի «հայեր» եղել են, կան եւ միշտ կլինեն: Դրանց գոյությունը կախված չէ մեր պայմանավորվածություններից՝ վերջնականապես թե կտրականապես: Եւ հետո անհասկանալի է, թե ինչ է նշանակում ընդհանրապես «պայմանավորվել»: Հնարավո՞ր է արդյոք «պայմանավորվել» Կեւորկովների, Ռոբերտ Արակելովների ու Կուրգինյանների հետ: Ինձ թվում է, որ «պայմանավորվել» անհնար է նույնիսկ ԼՏՊ-ի հետ. իշխանության գալու պահից սկսած Արցախը նրա համար դարձավ լոկ մի բալաստ, գլխացավանք ու խանգարիչ համգամանք: Ոչ ոք իրեն չէր ստիպել “Կոմսոմոլսկայա Պրավդա»-յով Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում կամ Ղարաբաղցի-Հայաստանցի բաժանում մտցնել, եւ վերջապես ոչ ոք իրեն չի ստիպում մինչեւ այժմ երգել «Սերգո-ջանի» տխրահռչակ մուղամը…

  3. Լավատես says:

    Արարիչը մեր մրցակցի ձեռքով մեզ խնդիրներ է տալիս լուծելու եւ մեզնից սպասում է ստեղծագործ արարչագործ լուծում, իսկ իրար մեղադրելն ու անպատվելը արարչագործության հետ ոչ մի կապ չունի, հայ ստեղծագործ միտքն ու հայ ոգին հնարավորություն է ստացել կամ կրկնել մեր պապերի պառակտումը, երբ ծովից ծով երկրից մի բուռ երկիր դառձանք կամ էլ խելքներս գլուխներս հավաքենք, միավորվենք ու մի բուռ երկրից ծովից ծով երկիր դառնանք: Կամ՝ կամ, երրորդ տարբերակ չկա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031