Ոչ մեկի համար նորություն չէ, որ մեր քաղաքում աղբահանությունը հաճախ վատ է կատարվում։ Մենք ունենք հրաշալի քաղաք, որը պետք է թե՛ մենք, թե՛ պետությունը մաքուր պահենք։
Մեր օրերում այս խնդիրը բավականչափ մեծ է եւ լուրջ, քանի որ աղտոտված միջավայրն աղտոտում է օդը, որը մենք շնչում ենք։
Քաղաքակիրթ հասարակությունում պետք է ամեն ոք քաջ գիտակցի, որ աղբը աղբաման չնետելով՝ նախեւառաջ վնասում է իրեն։ Մեզ դեռ դպրոցական տարիներից ուսուցանում են մաքուր պահել շրջակա միջավայրը, իսկ մեզանից շատերը գիտակցելով աղտոտում են այն, չմտածելով հետեւանքների մասին։ Հաճախ կարելի է տեսնել աղբամաններ, որոնց կողքին ավելի շատ աղբ կա, քան ներսում։
Եկեք լինենք մաքրասեր եւ չալարենք աղբը նետել աղբաման։ Լինում են դեպքեր էլ, երբ կամավորների մի խումբ, առանց որեւէ փոխհատուցման, մաքրում են մի փողոց կամ տարածք, սակայն հաջորդ օրը մենք տեսնում ենք կրկին աղտոտված տարածք, հարգելի քաղաքացիներ, եղեք փոքր-ինչ բարեհոգի եւ գնահատենք նման մարդկանց ջանքն ու եռանդը։ Ոչ ոքի հաճելի չէ քայլել աղբի միջով, դրա հոտը շնչել եւ տեսնել։
Կարդացեք նաև
Չնայած աղբահանության վատ կատարմանը՝ մենք կարող ենք փորձել մաքուր եւ գեղեցիկ պահել մեր շրջակա միջավայրը, սա միայն կօգնի մեզ, այսպես պետությունն ավելի քան ձեռնամուխ կլինի այս գործի լիարժեք կատարմանը։ Հիշե՛ք, մաքուր պահելով մեր շրջակա միջավայրը՝ մաքուր ենք պահում մեր օրգանիզմը։
Բոլորս էլ սիրում ենք մեր քաղաքը, եկեք այդ սերը գործով ապացուցենք։
Մենք ենք մեր երկրի ապագան կառուցողները, մենք կարող ենք օրինակ ծառայել մյուսներին։
Եկեք մաքուր պահենք մեր չքնաղ Երեւանը։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ-չինական դպրոց հիմնադրամի 10լ2 դասարանի աշակերտուհի
«Առավոտ» օրաթերթ
16.10.2019