Հարցազրույց բանաստեղծ, դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի հետ։
– Հրատարակվել է ձեր պիեսների ժողովածուն՝ «Դու էիր պակաս» խորագրով։ Առաջինը դրամատուրգի ձեր գործունեությանը, ինչը սկսվել է 2011թ., ուշադրություն հրավիրեց Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ 2016թ. բեմադրելով «Վաճառվում է տղամարդ» կատակերգությունը։ Այնուհետեւ դարձյալ պետական թատրոնները անդրադարձան ձեր պիեսներին. 2018թ. «Դու էիր պակաս»-ը բեմադրվեց Երեւանի Պարոնյանի թատրոնում, 2019-ին էլ Արտաշատի Խարազյանի թատրոնում՝ «Դարպասները բացվում են»-ը։ Թեպետ դուք երիտասարդ տարիքից դուրս եք եկել, բայց դրամատուրգիական գործունեության «մասով» միանշանակ երիտասարդ եք եւ համոզված ենք, որ ձեր 1-2 ժամանակակից հայ գործընկերների օրինակով նեղսրտելու առիթ չունեք, թե պետական թատրոնները մեծ հաշվով ժամանակակից հեղինակների գործերին չեն անդրադառնում։
– Նախ նշեմ, որ «Դու էիր պակաս» պիեսների ժողովածուում ընդգրկել եմ 13 ստեղծագործությունից 5-ը։ Ինչ վերաբերում է նեղսրտելուն, համոզված եմ, որ այն բոլոր ժամանակներում էլ «ակտուալ» է եղել, բայց, օրինակ, դեռեւս խորհրդային տարիներին բախտավոր դրամատուրգներ ունեցել ենք՝ Ժիրայր Անանյան, Ժորա Հարությունյան, Արամաշոտ Պապայան, որոնց գործերը մինչ օրս էլ խաղացվում են։ Հասկացա, որ ուզում եք լսել, որն է իմ որպես դրամատուրգի բախտավորության գաղտնիքը… 2017թ. Մոսկվայում «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների ալմանախում տեղ գտավ նաեւ իմ «Թանկարժեք դիակ»-ը… Անկեղծ ասած, ստեղծագործություններս բեմադրելու նպատակով ինձ «պատեպատ չեմ խփում», պարզապես ներկայացնում եմ պիեսներս մասնագետներին կամ իրենք են ցանկություն հայտնում։ Օրինակ, գործերս ներկայացրել եմ Երվանդ Ղազանչյանին, Վահե Շահվերդյանին, Դավիթ Հակոբյանին, Արմեն Էլբակյանին… Այնպես չէ, որ բոլորը բեմական կյանք են ստացել, բայց ինձ համար կարեւոր մի բան կա՝ ռեժիսորներից եւ ոչ մեկից բացասական կարծիք կամ հիասթափեցնող ոչինչ չեմ լսել։
– Հետաքրքիր է, Մոսկվայում՝ լավագույն պիեսների ալմանախում տեղ գտած ձեր գործը որեւէ ուշադրության արժանացե՞լ է ռուսաստանյան թատրոնների կողմից։
– Առայժ միակ թատրոնը Տուլայի ակադեմիական դրամայի թատրոնն է։
– Մինչ օրս բեմադրված ձեր երկերը միայն կատակերգություններ են։ Կարելի՞ է ենթադրել, որ մեր օրերի պահանջներով եք առաջնորդվում, այնպես, ինչպես ֆիլմարտադրողները։ Թեեւ որեւէ վիճակագրություն չկա, բայց վերջին շրջանում կինոթատրոններում ցուցադրվող մեր ֆիլմերի շուրջ 90 տոկոսը կատակերգություններ են։
– Իսկապես, գործերիս գերակշիռ մասը այդ ժանրից են, որովհետեւ կատակերգությունն է, որ թույլ է տալիս ավելի բացահայտ ներկայացնել դրսեւորումները, հեգնանքի, ծաղրանքի արժանացնել, օրինակ, այն անձանց կամ մասնագետների, որոնք փորձում են իրենց իրական դեմքը դիմակով փակել ու ներկայանալ անմեղ արարածների կերպարներով։
«Դարպասները բացվում են»-ում նման «բախտի» եմ արժանացրել պատգամավորի, քահանայի, սփյուռքից ժամանած տիկնոջը կամ՝ «Վաճառվում է տղամարդ» պիեսում առանց որեւէ վերապահումների ներկայացնում եմ բժշկի, լուսանկարչի, համասեռամոլի…
– Գիտենք, որ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում սկսվել են ձեր «Թանկարժեք դիակ»-ի փորձերը։ Այստեղ ո՞ւմ դիմակն եք պատռում։
– Թիրախս քահանան է։ Այդ կերպարի միջոցով ներկայացնում եմ, թե Աստծո անունից ի՜նչ սրբապղծություններ է կատարում նա։ Օրինակ, աղոթքի վերջնահաշվարկը կայացնում ու ներկայացնում է բնակարանի սենյակների թիվը քառակուսի մետրի վերածելուց հետո միայն…
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.10.2019
Տղան թամադա է ու ԱԼՄ-ի նախկին ադամանդներից…