Վոկալային տարբերվող հնարքներ, գրավիչ ռիթմեր, ճկուն պարեր, վառ կերպարներ, թատերականացված ելույթներ, ազդեցիկ հիփ-հոփ կամ մեկ բառով ասած՝ քեյփոփ։ Քեյփոփի աստղային ժամը սկսվեց 90-ականներին, երբ մի շարք կորեացի կատարողներ, ոգեշնչվելով ամերիկյան երաժշտական ժանրերով, իրենց երգարվեստ ներմուծեցին ռոք, հիփ- հոփ եւ տեխնո։
«Սերը դեպի քեյփոփը ծագել է 2016-ին,- պատմում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Պետրոսյանը,- առաջին քեյփոփ խումբը, որ գրավեց իմ ուշադրությունը, BTS-ն էր։ Նրանց մեջ ինձ դուր եկավ ամեն բան` սկսած տղաների կերպարներից մինչեւ երաժշտություն»։
Գոհարն անկեղծանում է, որ ընտրել է հենց լրագրողի մասնագիտությունը` նպատակով, որ մի օր անպայման կմեկնի Կորեա, կհանդիպի իր սիրելի խմբին ու անձամբ հարցազրույց կվարի անդամների հետ։
«Խմբի անդամները ինձ համար իդեալներ են, դժվարությունները հաղթահարելու, ապրել շարունակելու եւ հաջողությունների հասնելու շարժիչ ուժ»,-հավելում է նա։
Կարդացեք նաև
Գոհարը նույնիսկ կորեերեն է սովորում՝ տղաներին անձամբ շնորհակալություն հայտնելու այն բանի համար, որ օգնեցին իրեն` կյանքը սիրելու, նպատակներ ունենալու եւ դրանք իրականացնելու հարցում։
Հայաստանում այսօր գնալով աճում է հետաքրքրությունը եւ սերը կորեական մշակույթի հանդեպ։ Դրա մասին են վկայում պարբերաբար անցկացվող փառատոները, կորեական երգ ու պարի մրցույթները, տարաբնույթ ֆլեշմոբերը, որոնց շնորհիվ գնալով զարգանում են Հայաստան-Կորեա հարաբերությունները։
Նրա ձեւակերպմամբ, քեյփոփը ոմանց օգնել է կայանալ, շատերին երջանկացրել, մյուսներին էլ կյանքի նոր իմաստ է հաղորդել. «Ես գտել էի մի բան, ինչը ինձ կօգներ դժվարին պահին, կասեր, որ ամեն ինչ լավ է։ Քեյփոփը օգնեց ինձ հավատալ ինքս ինձ, չհուսահատվել, երազել, ստիպեց սիրել ու գնահատել կյանքը»։
Երրորդ կուրսի ուսանողուհի Մերին նույնպես կորեական մշակույթի սիրահար է։ Քեյփոփը Մերիին գրավեց 14 տարեկանում։ Այն շատ զգացմունքային էր, իմաստալից, հանգստացնող ու կարծես ցրում էր բոլոր վատ մտքերը։
Քեյփոփի երկրպագուները Հայաստանում դժգոհում են հասարակական արձագանքից, նրանից, թե ինչպես են հայերը վերաբերվում կորեական երաժշտությանը եւ թե ինչպես են ծաղրում ու վիրավորում շատերի համար իդեալ հանդիսացող կատարողներին։ Հայ քեյփոփերները հորդորում են հարգել իրենց նախընտրությունները եւ չքննադատել նրանց, ում մասին ոչինչ չգիտեն։
«Նրանք գոռոզ չեն` չնայած իրենց ունեցած հաջողություններին, նրանք աշխատասեր են, հոգատար ու բարի, նրանք կարծես իմ ընտանիքի անդամները լինեն, առանց որոնց ես իմ կյանքը չեմ պատկերացնում»,- այսպես է Մերին ներկայացնում BTS-ին ու ընդհանրապես քեյփոփ կատարողներին։
Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.10.2019